ԿարևորՔաղաքական

«3+3»-ը չպետք է կրկնի արդեն գոյություն ունեցող ձևաչափերի օրակարգը․ ՀՀ վարչապետ

Տարածաշրջանային համագործակցության հնարավոր «3+3» ձևաչափի օրակարգը չպետք է կրկնեն այլ գոյություն ունեցող ձևաչափերի օրակարգերը՝ այսօր առցանց ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեզ համար այստեղ մի կարևոր նրբերանգ կա, ասել է վարչապետը։

«Մեզ համար կարևոր է, որ այն հարցերը, որոնց համար կան այլ ձևաչափեր, չդիտարկվեն «3+3» ձևաչափի շրջանակներում»,- ասել է Փաշինյանը։

Օրինակ, ըստ նրա, ԼՂ հակամարտության կարգավորման հարցի քննարկման համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, հետևաբար հարցը չպետք է դիտարկել «3+3» ձևաչափի շրջանակներում։

«Մենք ունենք եռակողմ աշխատանքային խումբ, որը քննարկում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը, և այդ հարցը չպետք է քննարկվի «3+3» ձևաչափի շրջանակներում»,- հավելել է նա։

Վարչապետի խոսքով, հարցերը չպետք է կրկնեն արդեն իսկ գոյություն ունեցող այլ ձևաչափերի օրակարգը։

«Հնարավո՞ր է նման հարցեր ձևակերպել։ Կտեսնենք»,-նշել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացված արածաշրջանային քաղաքականությանը։

«Մենք ասել ենք, որ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները մեզ համար կարևոր են, բայց մենք ցանկանում ենք ավելի ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն վարել»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

«Մեր հարաբերությունները Վրաստանի հետ նույնպես շատ կարևոր են։ Եթե ​​տեսնենք, որ հնարավորություն կա ակտիվացնելու մեր հարաբերությունները և դրական օրակարգ ձևավորելու, կարող ենք քննարկել այդ հնարավորությունը»,-հավելել է նա։

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը մերժել էր «3+3» ձևաչափի մասնակցության Թուրքիայի առաջարկը։

Ցուցադրել ավելի
Back to top button