ԿարևորՀասարակություն

Որտե՞ղ է «զրոյական» կետը. Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից առաջ խորհրդարանում խոսում են «գաղտնի քննարկումներից»

Խորհրդարանում հերթական անգամ փորձում են դավաճանների գտնել, և այդ հարցով դիմել են Գլխավոր դատախազությանը։ Իրադարձությունները զարգացել են  Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Հերթական անգամ ընդդիմադիր փոխնախագահ չեն ընտրել, իսկ օրակարգային այդ հարցը վերաճել է պետության խնդիրների և առաջիկա պաշտոնական հանդիպումների պարզաբանման։

Մինչ իշխանությունը պատրաստվում է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև, իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք արդեն հաստատված եռակողմ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպմանը, ընդդիմությունը պնդում է՝ ենթադրյալ գաղտնի պայմանավորվածությամբ որոշումներն անընդունելի են։ Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները երկրի Սահմանադրությամբ ամրագրված ընթացակարգեր են պահանջում՝ մեջբերում է «Հայաստան» խմբակցության պաատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը։

«Սևը սպիտակով Սահմանադրության մեջ գրված է՝ հանրաքվե պետք է լինի, ՍԴ-ում պետք է վերահսկողության առարկա լինի, դրանից հետո էլ ԱԺ-ում քննության առարկա դառնա։ Ուրիշ տարբերակ չկա, սա է ընթացակարգը։ Այսինքն՝ ինչպե՞ս սա թաքուն պահել ժողովրդից։ Ի դեպ, այս անգամ իրենք հենց ուղիղ ասացին, որ թաքուն են պահում, որովհետև շատ նուրբ, փխրուն բանակցությունների մեջ են»։  

Օրեր առաջ գաղտնիության անհրաժեշտության մասին հայտարարել էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Պարզվում է՝ նկատի է ունեցել ժամանակավոր գաղտնիությունը։

«Որևէ բան գաղտնի չի լինելու ինչ-որ պահից։ Բայց ինչ-որ պահի հասնելու պրոցեսում շատ բան լինելու է գաղտնի։ Գործընթացն այդպես է։ Ինչո՞ւ նախկինում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ամեն ի՞նչ էր ձեզ հասանելի, կամ դուք մտածո՞ւմ էիք այդ մասին, թե ինչ են բանակցում նախկին արտգործնախարարները կամ նախկին նախագահները մինչև «ֆուտբոլային դիվանագիտության» մասին հայտարարելը»։   

Պատգամավորը կարծում է, որ ցանկացած բանակցությունից պետք է ինչ-որ ակնկալիք ունենալ, բայց չի մանրամասնում, թե ինչ սպասել բրյուսելյան հանդիպումից։ Իսկ թե սահմանազատման ոձւ սահմանագծման ինչ առաջարկներ են ստացվել Ռուսաստանից,  ի՞նչ են ենթադրում դրանք ու, ի վերջո, Փաշինյանն ինչն է ընդունելի է համարել․

Քոչարյանը պարզաբանում է․

«Դա նշանակում է, որ այդ առաջարկներն, ընդունելի լինելով, բխում են մեր շահերից։ Այ դրանով ասված է ամեն ինչ, շատ բան այստեղ պետք չէ ասել։ Դա կապված է նաև այն քարտեզների հետ, որոնք ձեզ բոլորիդ հետաքրքրում են։ Եթե մեզ Հայաստանի վարչապետն ասում է՝ ընդունելի, դա նշանակում է «զրոյական կետն» է ընդունելի։ Դա այն իրավական հենքն է, որտեղից պետք է ասես՝ այս գիծը որտեղո՞վ պետք է անցնի, անցել է, թե չի անցել։ Տեսեք՝ դուք ասում եք ո՞ր թվականի քարտեզներով։ Խոսք է եղել 20-ականների քարտեզների մասին և խոսք է եղել նաև իրավական ուժ ունեցող այլ քարտեզների մասին։ Հիմա այդ բանակցությունների ընթացքում պետք է գտնել մեզ համար ցանկալի «զրոյական կետը», որից հետո բանակցելով մենք, այնուամենայնիվ, չունենանք կորուստներ, այլ ընդհակառակը՝ ունենանք ձեռքբերումներ։ Դա պետք է սկսել բանակցային գործընթացով։ Իհարկե, 20-ականների քարտեզը, որն ունի նաև իրավական բավարար հիմք, մեզ տալիս է բանակցելու և ակնկալիք ունենալու հնարավորություն։ Հիմա ինչպե՞ս պետք է այդ պրոցեսը գնա։ Մնում է՝ այդ կետը մենք կարողանանք պահել։ Եթե այդ կետի գոյությունը ամրապնդվում է, հաստատվում է, պետք է անմիջապես մտնել սահմանագծման և սահմանազատման դաշտ»։

20-ականների քարտեզ ասելով էլի միանշանակ չի հասկացվում, թե ինչ սահմանների մասին է խոսքը։ Խորհրդային  միության սկզբնական շրջանում Հայաստանի տարածքն ավելին է եղել, քան այսօր է։ Հետագայում հենց 1920–ականներին հայկական հողերի հաշվին ձևավորվեց Կարմիր Քուրդիստանը, որի տարածքները հետո չվերադարձվեցին Հայաստանին։ Սա արդեն ներկայացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ուշադրություն հրավիրելով փաստին, թե 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցիների գրպանից ինչ քարտեզներ էին հայտնաբերվում։ Դա խոսում է նրանց հավակնությունների մասին․

«Գրպանի գիրք էր զինվորական, որտեղ մի քանի քարտեզ կար։ Դրանցից մեկն ապագա Ադրբեջանի քարտեզն էր, որի մեջ էր Սյունիքի մարզն ամբողջությամբ, Գեղարքունիքի մարզը՝ հյուսիսային ողջ հատվածով, նաև առանձին մասեր Վայոց ձորից և այլն։ Իրեն իբր թե տեղանուններով պնդում է արվում, թե դրանք պատմական ադրբեջանական հողերն են։ Ընդ որում՝ Երևանը, Սևանը և Սյունիքն իրենք հռչակել են որպես վերադառնալու ռազմավարական և քաղաքական նպատակ»։  

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն օմբուդսմենը լուծում չի համարում Ադրբեջանում բարձր մակարդակով իրականացվող հայատյաց և հայասպան քարոզչության պատճառով։ Ըստ գործչի՝ բանակցություններն այս փուլում այլ հարցով պետք է իրականացվեն․

«Մենք պետք է հասկանանք, որ այդ այլընտրանքային ճանապարհներով մենք չենք լուծում ամենակարևոր խնդիրը՝ մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը, որովհետև ադրբեջանական ԶՈՒ-երը շարունակում են մնալ այդ հատվածներում։ Օրինակ՝ ԵԽԽՎ  բանաձևում այս տարի սեպտեմբերի 27-ին հատուկ ամրագրվել է, որ անհրաժեշտ է անհապաղ սկսել բանակցություններ ապառազմականացված գոտի ստեղծելու ուղղությամբ։ Խոսքը այդպիսի գոտու մասին է բոլոր այս սահմանային բնակավայրերի, շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի և հայկական ԶՈՒ միջև։ Այս կոնցեպցիան ենթադրում է դրանց հեռացում»։

Մինչդեռ շփման գծում իրավիճակի կայունացման նախապայմանն Անդրանիկ Քոչարյանը համարում է սահմանագծումն ու սահմանազատումը։ Մինչ այդ փուլին հասնելը չի բացառում, որ սահմանային լարումները պարբերաբար կրկնվելու են։

Երկրի սահմանին ու երկրի ներսում ստեղծված իրավիճակից ընդդիմադիր պատգամավորները դժգոհ են։ Զոհվածների, գերիների և անհետ կորածների հստակ թիվ չի հրապարկվում՝ ճյուղային հանձնաժողովի նիստում հայտարարում է «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեղադրելով, որ պետական գերատեսչություններն ապատեղեկատվություն են տարածում։ Նույն գործելաոճի մասին ընդդիմադիրներին հիշեցնում է նաև խորհրդարանական մեծամասնությունը։ Սա արդեն կարող է դառնալ Դատախազության քննության առարկա։ Վեճի ընթացքում այդ կառույցին դիմեց Արծվիկ Մինասյանը, արձագանքում են Անդրանիկ Քոչարյանն ու Վահագ Ալեքսանյանը՝ ՔՊ-ից։

Անդրանիկ Քոչարյան ․ «Դուք շատ լավ կոմունիկացված եք Ալիևի հետ»։

Արծվիկ Մինասյան. «Դիմում եմ դատախազությանը, նիստում հրապարակային հայտարարություն է արվում, անմիջապես հարուցել քրեական գործ և բացահայտել՝ ովքեր են դավաճանները, ովքեր են Հայաստանը հասցրել այս վիճակին»։

Վահագն Ալեքսանյան․ «Միանշանակ, այո, ովքեր են դրբեջանական իշխանության հետ սինխրոն աշխատում, մեկին մեկ։ Ովքեր են սահմանային լարվածությանը զուգընթաց Երևանում լարվածություն ստեղծում»։

Վերջին դեպքերի առնչությամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պնդում է՝ Գեղարքունիքում դիրքային փոփոխություն չի արձանագրվել, ԱԱԾ-ն շարունակում է իր խողովակներով ճշտել անհետ կորածների և գերիների թիվը։ Անդրանիկ Քոչարյանը նաև պնդում է՝ պետք է իրականություն դառնա օպերատիվ կապը Հայաստանի և հակառակորդ պետության պաշտպանության նախարարների միջև։ Գործո՞ւմ է այդ կապը հարցին՝ պատասխանում է՝ չի կարող ասել։

Ցուցադրել ավելի
Back to top button