ԿարևորՀասարակություն

Ո՞ւմ ձեռքին կլինի կնիքը․ ԿԳՄՍ առաջարկած փոփոխությամբ՝ դպրոցը 2 տնօրեն կունենա

Կրթական գերատեսչությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հանրակրթության մասին» օրենքում: Փոփոխությունները նախատեսում են սկսել դպրոցների տնօրեններից․ նախ՝ տնօրենի պաշտոնը կկիսվի 2 մասի․ ուուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը կլինի ուսումնական մասի տնօրենը, վարչատնտեսական գործընթացը կղեկավարի մյուս տնօրենը։

Այլ կերպ ասած, ըստ ոլորտի փորձագետների, սրանով  փորձ է արվում դպրոցում ներդնել հակակշիռների մեխանիզմ, ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի դպրոցներում։ Տնօրենների համար նախատեսվում է նաև քննական նոր մեխանիզմ ներդնել․ նրանք ևս կթեստավորվեն։

Եթե մինչև հիմա առանձին գեղարվեստական ղեկավար և առանձին տնօրեն ունեին միայն մշակութային հաստատությունները, ապա առաջարկվոսղ օրենսդրական  փոփոխությամբ «երկիշխանություն» կհաստատվի նաև դպրոցներում։ Կրթական գերատեսչությունը առաջարկում է փոփոխել «Հանրակրթության մասին»  օրենքը։ Ըստ նախագծի՝   հանրակրթական դպրոցների ուսումնադաստիարակչական և վարչական գործընթացների կառավարումը կվերապահվի տարբեր ղեկավարների. այլ կերպ ասած՝ եթե ներկայում դպրոցի կառավարումը միանձնյա է, այսինքն՝ տնօրենն է պատասխանատու ինչպես ուսումնական, այնպես էլ վարչատնտեսական գործընթացների համար, ապա օրենքը փոխելու դեպքում ուսումնադաստիարակչական գծով գործադիր մարմինը կլինի ուսումնական մասի տնօրենը, վարչատնտեսական գործընթացը կիրականացնի այս մասի ղեկավարը: Նախարարությունն առաջարկը հիմնավորում է այսպես․ մեջբերում նախագծից.

«Նախագծում դպրոցի կառավարման գործընթացը բաժանված է երկու հիմնական մասի՝ ուսումնական և վարչատնտեսական։ Սակայն ֆինանսատնտեսական, վարչական և տնտեսական աշխատանքները տնօրենից շատ ժամանակ են խլում, ինչը հնարավորություն չի տալիս դպրոցում լիարժեք կազմակերպել, գնահատել և վերահսկել ուսումնական գործընթացը»։

Տնօրենների բեռը թեթևացնելու խոստում-հիմնավորումը, սակայն, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին առանձնապես համոզիչ չի թվում։ Ավելին՝ կարծում է՝  պատճառները շատ ավելի խորքային են և գուցե նաև թաքնված։

«Ես ավելի կողմնակից եմ, որ հաստատությունն ունենա մեկ տնօրեն։ Եթե ուզում ենք ինչ-որ բան ուժեղացնել, կարող ենք փոխտնօրենի հաստիքի միջոցով դա անել։ Իմ կարծիքով՝ այս որոշման հիմքում՝ չերևացող հատվածում, արտահայտվում է որոշակի անվստահություն տնօրենների նկատմամբ»։ 

Այս մոտեցումը գուցե աշխարհում ընդունված է, բայց մեր դեպքում այն որոշ խնդիրներ է ենթադրում՝ նկատում է Սերոբ Խաչատրյանը։ Այստեղ մի շարք հարցեր են ծագում՝ ով ինչի համար է պատասխանատու լինելու։ Փաստացի՝ 2 տնօրեններն էլ ունենում են իրավունքների իրենց շրջանակը։ Ում ձեռքին կլինի կնիքը՝ նախագծում հստակեցված չէ։ Կրթության փորձագետը ենթադրում է՝ վարչատնտեսական պատասխանատուի։

Եթե ուսումնական  գծով տնօրենը պետք է անցնի որոշակի պրոցեսների միջով (հավաստագրում, ծրագիր կազմել, ծրագիրը խորհուրդներին ներկայացնել, հավանություն ստանալ), ապա ֆինանսատնտեսական տնօրենը, ըստ էության, կարող է պարզապես նշանակվել։ Տպավորություն է, որ այս տնօրենը ստանալու է շատ ավելի մեծ իշխանություն, փոխարենը՝ բավականին մեծ է մյուս տնօրենի պատասխանատվությունը։ Այսինքն՝ կրթության որակի համար պատասխանատու է ուսումնական գծով տնօրենը, ֆինանսական և վարչական հարցերով՝ մյուս տնօրենը։ Կարծում եմ, որ սա դպրոցներում խնդիրներ է ստեղծելու, և նախարարությունը պետք է պատրաստ լինի պարբերաբար «կոնֆլիկտներ» լուծել։ 

Առաջարկվում է փոփոխել նաև տնօրենների հավաստագրման գործընթացը՝  ներդնելով ատեստավորման ընթացակարգ։ Հավաստագրման ընթացակարգից կհանվի հարցազրույցի փուլը, փոխարենը կներդրվի թեստավորման հարցաշար, որով փորձ կարվի ստուգել  դպրոցի տնօրենի իրավիճակային և կառավարչական հմտությունները։ Նպատակը՝ ավելի քիչ զբաղվել վարչարարությամբ, խնայել ժամանակ և ռեսուրս։ Նախարարությունն այս մոտեցման կողքին նաև ուշագրավ վիճակագրություն է դնում։

Երևանի դպրոցների տնօրենների 27 տոկոսը կառավարում է արդեն 10 տարի և ավելի: Իրավիճակը փոքր-ինչ փոխվել է 2018 -ից սկսած, երբ հավաստագրման քննությունները չհաղթահարողները սկսել են զգալի տոկոս կազմել։ 2018-ին հավաստագրման քննության մասնակցել է 199 անձ, որոնցից 54-ը չի ստացել հավաստագիր։

Ըստ առաջարկվող կարգավորման՝ հանրակթրական դպրոցի տնօրենի մրցույթի փուլերը հաղթահարած և կրթության նախարարի կողմից նշանակված տնօրենի հետ պայմանագիր է կնքվում 3 տարով։ Պաշտոնավարման ընթացքում տնօրենը 3 տարին մեկ անգամ ատեստավորվում է։ Բացասական արդյունքը հիմք է տնօրենի պաշտոնավարության դադարեցման կամ պաշտոնից ազատելու համար։ Նախագիծը,  որի հանրային քննարկումներն արդեն իսկ ավարտված են,  59 տոկոսը բացասական է գնահատել։ Մեջբերենք նախագծի վերաբերյալ դիտակումներից։

«Իմ կարծիքով այս մոդելը մեզ մոտ իրեն չի արդարացնի։ Պետք է պարզապես ավելացնել վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի հաստիք, ով կիրականացնի նշված գործառույթները։ Ընդ որում՝ վերջին 5 տարում 2 տարվա ստաժը կառավարման ոլորտում լրիվ բավարար է»։

«Դպրոցը փորձադաշտ չէ։ Կարծում եմ` դպրոցում երկու տնօրենի առկայությունը շատ սխալ է։ Թող լինի տնտեսական մասով փոխտնօրեն, ով կկատարի Ձեր նշած գործառույթները, իսկ հատուկ մարմինն էլ կսահմանի խիստ վերահսկողություն։ Կներեք,բայց ստացվում է «շիլաշփոթ» և կախվածություն ես ձեռք բերում տնտեսական մասի ղեկավարից»։ 

«Դպրոցում փաստացի երկու տնօրենի նշանակմամբ կառավարման արդյունավետությունը կլինի 0 տոկոս։ Առաջարկում եմ դպրոցում ունենալ տնօրեն, ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ և վարչատնտեսական գծով տեղակալ»։

«Գործող համակարգն իրեն արդարացնում է, իսկ եթե կա ցանկություն թեթևացնելու տնօրենի վարչարարությունը` վարչատնտեսական մասի պատասխանատու պետք է լինի տնօրենի տեղակալը»:

Համակարգային փոփոխություններ հանրակրթության ոլորտում, այո, պետք են, բայց տարբերակված քաղաքականությունը կարող է նոր խնդիրներ ստեղծել՝ մտահոգվում է կրթության փորձագետը։ Ամեն դեպքում, նախագիծը դեռ պետք է գործադիր ու օրենսդիր մարմիններ հասնի, և այդ ճանապարհին դեռ կարող է փոփոխվել։

Ցուցադրել ավելի
Back to top button