ԿարևորՀասարակություն

Նիդերլանդների դեսպանը մասնակցել է Հայաստանում իրականացվող Եվրամիության ծրագրին

Նիդերլանդների «Լուսավոր Ապագա» հասարակական կազմակերպությունը երիտասարդների փոխանակման իր հերթական միջազգային նախագիծն է իրականացրել Հայաստանում։ «Վաճառքներ և ձեռնարկատիրություն» խորագրով տասնօրյա երիտասարդական միջազգային նախագիծն իրականացվել է Եվրոպական Միության բարձր հովանու ներքո:

Եվրոպայից և հարևան երկրներից Հայաստան ժամանած երիտասարդները հագեցած ու հետաքրքիր ծրագրով կարողացել են ստանալ նոր գիտելիքներ, ունենալ փորձի փոխանակում։ Նպատակը ոչ-ֆորմալ մեթոդների կիրառման արդյունքում զարգացնել գիտելիքներն ու փորձը՝ վաճառքի և գործարարության ոլորտում:

Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդիպումներ են ունեցել տարբեր ոլորտներից հատուկ հյուրերի հետ (Guest Speakers)։ IBS Consulting Group-ի տնօրեն, Վաճառքի Դպրոցի հիմնադիր Հայկ Մանասյանը խոսել է խելացի վաճառքների և մարքեթինգային մտածողության մասին start-up բիզնեսներում։ Հայաստանում աութսորսային իր ընկերությունը հիմնած  «Majorel Armenia»-ի տնօրեն ավստրալիահայ Գարի Աղաբեկյանը նախագծի մասնակիցների ներկայացրել է սեփական փորձը՝ շահագրգռելով նրանց հիմնել սեփական գործ Հայաստանում։

«Ռոսգոստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանն ինտերակտիվ մեթոդների միջոցով սովորեցրել է մրցակցային մոտիվացիոն նամակ գրել և ինքնակենսագրական կազմել։ Հատուկ հյուրերի շարքում էր նաև Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը, որը ներկաներին փոխանցել է մասնագիտական փորձը, խոսել Հասաստանում և Նիդերլանդներում վաճառքի իրականացման նմանությունների և տարբերությունների մասին:

Նիդերլանդներից Հայաստան ժամանած նախագծի թրեյներ Էլիզաեբեթ Բենթոն և ծրագրի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը փաստել են, որ նմանատիպ նախագծերը նպաստում են ոչ միայն գիտելիքների զարգացմանը, այլ նաև լավագույնս են ներկայացնում մեր երկիրը և նոր հնարավորություններ ստեղծում մասնակից երիտասարդների համար։

Ցուցադրել ավելի
Back to top button