ԿարևորՀասարակություն

Առողջությանն սպառնացող «մանկական» սնունդ․ քաղցրավենիքի մոլորեցնող ազդեցությունը

Շուկայում շրջանառվում է վառ, գունավոր, գրավիչ փաթեթավորմամբ, իբր երեխաների համար քաղցրավենիք՝ մարշմելոու։ Դրա տուփի վրա գրված է՝ «Պարունակում է գունանյութ, որը կարող է ազդել երեխաների ակտիվության և ուշադրության վրա»։ Սա միակ քացրավենիքը չէ, որի տուփը հուշում է մանկական լինելու, մակնշումը՝ երեխաներին վնասելու հավանականության մասին։ Սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը նշում է՝ վնասակար է հատկապես այն սնունդը, որն ունի պահպանման երկար ժամկետ․

«Դրանք E կոդավորմամբ հավելումներն են, ցանկացած մթերքում գոնե մեկ սննդային հավելում տեսնում ենք։ Պարտադիր պահանջ կա, որ գունանյութեր, օրինակ, E 122, E 129 կոդավորմամբ սննդային հավելումը պարունակող սննդի մակնշման մեջ նշվի, որ տվյալ մթերքը պարունակում է գունանյութ, որը կարող է բացասաբար ազդել երեխաների ուշադրության և ակտիվության վրա»։

Ծնողները հաճախ պատշաճ ուշադրություն չեն դարձնում մակնշմանը։ Պատճառները տարբեր են՝ սովորույթի ուժը, մանկական փաթեթավորմանը ենթագիտակցորեն վստահելը, երբեմն էլ՝ երեխայի կամակորությունը։ Հոգեբան Սաթեն Գրիգորյանը բացատրում է՝ գույները միշտ ազդում են մարդու հուզակամային ոլորտի վրա․

«Գույնը դրդում է գործողության, և սրա մասին շատ լավ գիտեն մարքեթոլոգները, նյարդալեզվաբանական ծրագրավորում իրականացնողները, այժմ արդեն նեյրոմարքեթոլոգները, որոնք ակտիվ զբաղվում են անհատի ենթագիտակցության թիրախավորմամբ, որը իր հերթին մարքեթինգային գործիք է, և գույների միջոցով մարդկանց, և հատկապես երեխաներին վրա ներազդելը բավական հեշտ է»։

Վնասակար սնունդ գնել դրդող ոչ պակաս ազդեցիկ գործիք է խանութի ցուցափեղկերին դրանց դասավորվածությունը՝ մերչենդայզինգը։ Գրավիչ, բայց վտանգավոր սնունդը սուպերմարկետներում հիմնականում ցուցադրվում է ցածր դարակներում կամ դրամարկղի կողքին՝ երեխայի աչքին հասու վայրերում։ Հոգեբանը նշում է՝ երեխան, դրանք տեսնելով, սկսում է մանիպուլացնել ծնողին․

«Եթե ծնողը տեղյակ է այդ մարքեթինգային խայծից ու մարտավարությունից, ինքը պետք է փորձի իր վարքով անի այնպես, որ երեխան չհասցնի իրեն մանիպուլյացիայի ենթարկել, այսինքն՝ երեխային ուղեկցի այն ճանապարհով, որը հնարավորինս հեռու է տվյալ դարակներից և երեխան ուղղակի չի տեսնի։ Երեխան եթե տեսավ, պարտադիր ցանականալու է դա»։

Սննդի փորձագետ Մելինե Բեգլարյանը նշում է՝ մարքեթինգային հնարքներն արգելել իրենք չեն կարող։ Առավելագույնը, որ պահանջում են վաճառողից, պատշաճ մակնշումն է և դրա՝ իրականությանը համապատասխան լինելը․

«Դրանք ընդամենը մարքեթինգային քայլեր են, որոնք կարող են առանց որևէ սահմանափակման իրականացվել, եթե ներկայացվում է արտադրանք, որն ունի իր ուղեկցող փաստաթղերը, որը վաճառքի համար երաշխավորված է, որի բաղադրությունը համապատասխանում է իրականությանը։ Օրինակ՝ հենց այդ գունանյութերի դեպքում, բաղադրության մեջ արդեն իսկ նշված․ սա արդեն ընտրության հարց է»։

Խնդրի կարգավորմանը կարող է նպաստել ոչ միայն ծնողի ընտրությունը, այլ նաև երեխայի տեղեկացվածությունը։ Հոգեբանի դիտարկմամբ՝ դեռ վաղ հասակից երեխան պետք է իմանա՝ իրեն ինչ չի կարելի, և, ամենակարևորը՝ ինչու չի կարելի։ Պատճառահետևանքային կապը չհասկանալը կարող է հանգեցնել գունավոր փաթեթավորում տեսնելուն հաջորդող կամակորությանը՝ լացին, բղավոցներին։

Սննդի մասնագետը նշում է՝ վտանգները շատ են՝ ալերգիայից մինչև սուր արտահայտված խնդիրներ։ Հիշեցնում է՝ անգամ պակաս վնասակար սննդի հաճախակի կիրառումը կարող է լրջորեն վտանգել առողջությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button