ԿարևորՄշակույթ

Ազգայիններից՝ քանոնը, լարայիններից՝ ջութակը, բայց բոլոր ժամանակների ամենապահանջվածը դաշնամուրն է

Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գևորգյանն ասում է՝ վերջին տարիներին աշակերտները նախընտրում են կիթառ նվագել և երգել միաժամանակ, արդյունքում՝ կիթառի և վոկալի բաժինները էապես համալրվել են։ Փողային գործիքներով սկսել են ավելի քիչ հետաքրքրվել․դա, ըստ դպրոցի տնօրենի, հետևյալ բացատրությունն ունի․

«Տարիներ առաջ բանակում ծառայելու համար նախատեսված բաժին կար, կային երաժշտական խմբեր, և փողային գործիքներ նվագելու աճող միտում։ Տղաները շատ էին գալիս այս բաժիններ ընդունվում։ Բանակում, սակայն, այդ խմբերը փակվեցին, ու դրա պատճառով վերջին տարիներին կտրուկ իջել է հետաքրքրությունը փողային գործիքների հանդեպ»,-ասում է տնօրենը։

Տիգրանյանի երաժշտական դպրոցում լարային գործիքներից ամենամեծ համալրումը ջութակի բաժնում է, թեպետ շատ քիչ են թավջութակահարները։ Տուբա, տռամբոն, ֆագոտ․ այս գործիքներով հետաքրքրվողները նույնպես քիչ են։ Քանոնի դեպքում պատկերն այլ է․ ազգային այս գործիքը շատ հաճախ են ընտրում։ Դպրոցն ունի նաև տավիղի բաժին․ բաժինը բացառիկ է, այնտեղ սովորողները՝ քիչ։ Դաշնամուրի դեպքում ոչինչ չի փոխվել․ ինչպես բոլոր ժամանակներում՝ այսօր էլ շատ են դաշնամուր նվագել ցանկացողները։ Տնօրեն Գևորգյանի խոսքով՝ երաժշտական գործիքների բաժինների 550 աշակերտներից 164-ը հաճախում են հենց դաշնամուրի։ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրեն Իզաբելլա Պարոնյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ դպրոցի 600 աշակերտների շրջանում ամենապահանջվածը հենց դաշնամուրն է։ Ամենաշատը դաշնամուր են ընտրում նաև մարզային երաժշտական դպրոցներում։ Սևան համայնքի երաժշտական դպրոցի տնօրեն Հունան Առաքելյանի խոսքով՝ դպրոցի 183 աշակերտների մեծ մասը սովորում է դաշնամուր նվագելն»։

«Առաջինը դաշնամուրային բաժինն են նախընտրում, հետո արդեն ջութակի բաժնում սովորողներն են, փողային գործիքներից հիմնականում ֆլեյտա, կլառնետ, շեփոր են նախընտրում երեխաները։ Ժողգործիքների մեջ քանոնը ամենապահանջվածնն է, հետո դուդուկը։ Ես կուզեի, որ ալտ ջութակի, թավջութակի հանդեպ հետաքրքրություն լիներ, բայց փաստ է, որ մեծամասնությունը չունի այդ հետաքրքրությունը ու դիմում է դաշնամուրի բաժին, բայց ինչ էլ դիմեն, մենք աջակցում ենք, բացում ենք, օրինակ, մի աշակերտ ուդի էր ուզում գնալ, միայն նրա համար մշակույթի աջակցության հիմանդրամից գործիքով ապահովեցինք, բաժին բացեցինք»,-նշում է Հունան Առաքելյանը։

ԿԳՄՍ–ն ունի ռազմավարություն ունի,  ծրագրեր, որոնք ևս նպաստում են աշակերտների հետաքրքրությունների ձևավորմանը և խթանմանը։ «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագիրը յուրաքանչյուր տարի ապահովում է հանրապետության 146 երաժշտական և արվեստի դպրոցի 2361 սովորողի ուսման վարձավճարների փոխհատուցումը, իսկ «Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցներն ուղղվում են ոլորտի առաջատար մասնագետների միջոցով հանրապետությունում գործող 207 երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում սովորող աշակերտների և դասավանդող մանկավարժների ուսումնամեթոդական և գործնական աջակցության կազմակերպմանը: «Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը» ծրագիրը նպատակ ունի բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում:

Ցուցադրել ավելի
Back to top button