ԿարևորՀասարակություն

Վթարային պատշգամբներ․ ընդլայնված բնակարաններ՝ ողբերգական հետևանքներով

Տավուշի մարզում վթարային պատշգամբի շահագործման պատճառով 3-ամյա երեխա է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել Այրում խոշորացված համայնքի Հաղթանակ բնակավայրում։ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ահազանգում է՝ նման ողբերգական դեպքեր կարող են լինել հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում․

«90 թվականից հետո ձեռք բերած անկախությունը մեր ժողովուրդը ամենաթողություն հասկացավ։ Պատահական շինարարական խողովակներով երկարացնում էին բալկոնները՝ փչացնելով ամեն ինչ․ թե շենքի գեղագիտական վիճակն էր տուժում, և թե ստեղծվեց ու մինչև հիմա պահպանվում է վտանգը, որ ամենափոքր ցնցումից դրանք բոլորը կարող են շուռ գալ, իրենց հետ տանելով նաև հիմնական շենքը»։

Ճարտարապետն ասում է՝ և՛ մայրաքաղաքում, և՛ մարզերում մարդիկ գտան պատճառաբանություն՝ պետությունն այլևս բնակարան չի հատկացնում, ընտանիքը մեծանում է, բնակարանը պետք է հարմարեցվի նոր պահանջներին։ Այսպես սկսվեց շենքերում բնակելի տարածքները մեծացնելու  անօրինական գործընթացը, որի հետևանքները պետք է տարիներ անց տեսանելի դառնային։

«Տեղեր կային, որ դրանք 6 մետր, 9 մետր առաջ «քայլեցին»՝ գրավելով ամբողջ բակային հատվածը։ Ամենաթողություն էր, բողոքներ լինում էին որևէ հարևանից, բայց նրան իսկույն լռեցնում էին։ Օրենքով, իհարկե, չէր կարելի, բայց մեր հիմնական, չարաբաստիկ բացթողումն այն է, որ մենք օրեքնին չենք ենթարկվել։ Օրենքը խախտել են թե՛ պաշտոնյաները, թե՛ առանձին քաղաքացիները»։

Մինասյանը շեշտում է՝ օրենքի պահանջներով ու նախագծի նորմերով կառուցված պատշգամբները պակաս խնդրահարույց չեն․ շինությունների պահպանման ժամկետն անտեսել չի կարելի․

«Բնակելի շենքերը հաշվի են առնված 50-70 տարվա համար, որից հետո պետք է կամաց-կամաց քանդվեին, և դրանց տեղը բարձրացվեին նենց շենքեր, որոնք պետք է համապատասխանեին ժամանակի պահանջներին»։

Վթարային պատշգամբների անվտանգությանը նախկինում՝ Երևանի քաղաքապետարանը, այժմ՝ վարչական շրջաններն են հետևում։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացնում է՝ մինչև տարևերջ գույքագրված 60 վթարային պատշգամբից 31-ը կվերանորոգվի․

«Ընտրվել են կախովի պատշգամբները․ ռիսկ կա, որ եթե դրանք հասնում են վթարային վիճակի, կարող են փլուզվել և տակից անցնող մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր լինել։ Այդ պատճառով վթարային պատշգամբները մանրամասն ուսումնասիրվում են, դրանց վթարայնության աստիճանը ակնադիտական աստիճանում համեմատվում են և ընտրվում են առավել վտանգավորները»։

Յուրաքանչյուր պատշգամբի վերանորոգումը միջինում 500 000 դրամ է արժենում։ Դանիելյանը նշում է՝ աշխատանքները կատարվում են համայնքային բյուջեի միջոցներով։ Սակայն կարծում է, որ այս հարցում բնակիչները ևս մասնակցություն պետք է ունենան․

«Հանձնարարել եմ մտածել ձևաչափ, որով կկարողանանք ապահովել նաև բնակչի մասնակցայնությունը։ Վերջիվերջո պետք է հասկանալ, որ ծախսը հիմանկանում բազամբնակարան շենքին են ուղղված, տվյալ սեփականատիրոջ պատշգամբն ենք մենք հիմնանորոգում»։

Համայանքապետարանում նախատեսում են առաջնահերթ վերանորոգման ենթակա պատշգամբների ընտրությունն առաջիկայում կատարել՝ հիմնվելով պատշգամբի սեյսմիկ վիճակը բնութագրող եզրակացության վրա։ Մասնագետները, սակայն, զգուշացնում են՝ հաճախ վերանորոգումը խնդրի լուծում չէ, ինքնաշեն պատշգամբների դեպքում լուծումը դրանք քանդելն է։

Ցուցադրել ավելի
Back to top button