ԿարևորՀասարակություն

Նոյեմբերի 16-ին գերեվարվածների թիվը կարող է ավելի մեծ լինել. իրավապաշտպան

Ըստ պաշտոնական տվյալների՝ նոյեմբերի 16-ից հետո հայկական կողմն ունի 13 գերեվարված և 24 անհետ կորած զինծառայող։ Սակայն, ըստ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի, որը ներկայացնում է հայ ռազմագերիների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), ապացույցներ կան, որ գերեվարված անձանց թիվը հասնում է շուրջ երեք տասնյակի։

«Ըստ մեր ձեռքի տակ եղած տեղեկությունների՝ գերեվարումն առնչվում է շուրջ երեք տասնյակ անձի։ Այսինքն՝ 12–ը կամ 13-ն իրական թիվը չէ, և մենք արդեն իսկ ապացույցներ ունենք, որ անհետ կորած համարվող զինծառայողներից շատերն իրականում հենց գերեվարվածներ են, և այս պահին գտնվում, պահվում են Ադրբեջանում»։

Նոյեմբերի 11-ին` Փարիզ կատարած  աշխատանքային այցի շրջանակում, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ֆրանսիական «Լը Ֆիգարո» օրաթերթին տված հարցազրույցում նշել էր, որ Ադրբեջանը  հաստատել է 40 հայ երի գերության փաստը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել։ Այսպիսով՝ Ադրբեջանը հաստատում է 40-ի առկայությունը, Միրզոյանը խոսում է ևս 100 ռազմագերի ունենալու հնարավորության մասին, իրավապաշտպանը նշում է, որ անհերքելի ապացույցներ կան  առնվազն 80 գերու մասին։ Թվերի տարբերությունը Սիրանուշ Սահակյանն այսպես է բացատրում․

 «Մենք խոսում ենք այն դեպքերի մասին, որոնք ինքնուրույն հիմնավորել ենք և կարողացել ենք դատական գործընթացներ սկսել ։ Դրանց ապացուցողական շեմը հաղթահարված է։ Բացի դրանից՝ պետությունը շատ երկար ժամանակ լռում էր իրական թվի մասին, և միջազգային շփումներում էլ  հանրայնացնում էր այն թիվը, որը պաշտոնականացված է Ադրբեջանի կողմից։ Մենք չենք բացառում, որ այլ դեպքեր լինեն, պարզապես այդ ընտանիքները մեզ չեն դիմել, և մենք այդ տեղեկությունները չենք հավաքագրել։ Մենք միշտ մատնանշում ենք առնվազն 80 գերու փաստը, եթե Հայաստանի իշխանությունների ձեռքի տակ կան այլ ապացույցներ, շատ դրական եմ գնահատում, որ վերջապես սկսել են խոսել նաև այդ թվերի մասին»։

Ադրբեջանում պահվող անձանց ու գերիների մասին  հարցումներ անում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ՄԻԵԴ-ը։ Պատասխաներն ստանալուց հետո հնարավոր կլինի հստակ թվերով խոսել։ Հայաստանում Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Ռադիոլուր»-ին փոխանցում է՝ այժմ կողմերի հետ  բանակցում են նոյեմբերի 16-ի էսկալացիայից հետո գերիներին այցելելու համաձայնություն ձեռք բերելու շուրջ։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները կողմերի հետ երկխոսության մեջ են։  Այս պահի դրությամբ կարող եմ միայն հաստատել, որ մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին։ Կողմերի իշխանություններ հետ շարունակաբար, ընթացիկ երկխոսության մեջ գտնվելով՝ փորձում ենք հնարավոր հաստատումներ ձեռք բերել, որ կարողանանք, ըստ մեր անձնագրի, հաջորդ քայլերը ձեռնարկել, որ հաստատում ստանանք գերեվարված անձանց վերաբերյալ և կարողանանք արդեն դիմել անհապաղ տեսակցելու համար»։ 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այս պահին  60-ից ավելի գործ է քննվում կյանքի իրավունքի պաշտպանության հիմքով։ Փաստահավաք աշխատանքները շարունակվում են։ Սիրանուշ Սահակյանը  նշում է, որ իրավական գործընթացը համակարգում են ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի գրասենյակի հետ՝ կրկնությունները բացառելու նպատակով։  

Իրավապաշտպանի խոսքով՝  հետպատերազմյան  ու նոյեմբերյան իրավիճակները տարբեր են։  Նախկին դեպքերն Ադրբեջանը հաճախ  սահմանն ապօրինի հատելու թեզով էր հիմնավորում՝ կեղծ մեղադրանքներ առաջադրելով  Արցախի տարածքից գերեվարված հայ զինծառայողներին։ Այս դեպքում  գործ ունենք ՀՀ տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի հետ և նախկինում կիրառված մարտավարությունն այս դեպքում, ըստ Սահակյանի,   չի կարող օգտագործվել։ 

Ցուցադրել ավելի
Back to top button