ԿարևորՀասարակություն

Հակաբիոտիկներով ինքնաբուժությունը կարող է մահացու լինել․ ահազանգում են մասնագետները

Հակաբիոտիկներ օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է հորդորում։ Մասնագետները նկատել են՝ Հայաստանում շատ հաճախ է սա անտեսվում, իսկ կորոնավիրուսն ավելի է սրել վիճակը։

Մարդիկ երբեմն, ինքուրույն հակաբիոտիկներ կիրառելով, չեն պատկերացնում, որ կարող են լուրջ խնդրի առաջ կանգնել՝ հակաբիոտիկակայունության․ սա նշանակում է, որ հետագայում նրան այլ լուրջ խնդիրների դեպքում հակաբիոտիկներն այլեւս չեն օգնի։

Մտահոգիչ է, որ հաճախ հենց բժիշկներն են անտեղի հակաբիոտիկներ նշանակում։ ԱՀԿ-ն հակաբիոտիկների նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման  հանրային իրազեկման արշավ է հայտարարել՝ մշակելով հստակ կանոնակարգեր:  

Երբ որոշեք բժշկի այցելելու փոխարեն հարևանի խորհրդով ձեռքը հակաբիոտիկի մեկնել՝ չունենալով անգամ հստակ ախտորոշում, հիշեք մասնագետների պարզ ու համոզիչ պնդումը՝ վիրուսային հիվանդությունները հակաբիոտիկներով չեն բուժվում։

Հակաբիոտիկների սխալ կիրառումը կարող է հանգեցնել անգամ մահվան՝ ահազանգում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  բազմիցս հորդորել է չկիրառել  հակաբիոտիկների հետ զուգահեռ «Ֆլուկոնազոլ» դեղամիջոց։ Խնդիրն այն է, որ նման հակաբիոտիկային դեղամիջոցներ կիրառելու հետեւանքով մանրէները  կայունություն են ձեռք բերում, և կարող է մի ժամանակ գալ, երբ տարրական վարակիչ հիվանդությանը չօգնելու պարագայում մենք  անգամ մահվան դեպքեր ունենանք»։

Մինչ Ռոմելլա Աբովյանը հորդորում է հակաբիոտիկների դիմել բացառապես բժիշկի ցուցումով, հաճախ բժիշկներն իրենք են հիվանդներին հակաբիոտիկները նշանակում  ոչ պատշաճ ու ոչ տեղին: Երբեմն միայն քովիդ-դրական պատասխանը բավարար է լինում հակաբիոտիկ նշանակելու համար, ինչը ոչ պակաս վտանգավոր է՝ նկատում է պաշտոնյան։ Այո, սա աշխատանք է պահանջում նաեւ հենց բժիշկների հետ՝ ասում է Աբովյանը։

«Աշխատանք պետք է իրականացվի բոլոր կազմակերպությունների, նաև՝ բուժաշխատողների և բնակչության հետ։ Շատ դեպքերում ոչ միայն բժիշկների կողմից են նշանակվում հակաբիոտիկները, այլև բնակչությունմ ինքնաբուժմամբ է զբաղվում՝ վերցնելով այլ անձանց դեղատոմսերը»։

Բազմաթիվ են դեպքերը, երբ սեփական նախաձեռնությամբ հակաբիոտիկի կիրառումը մարդուն ծանր վիճակում  հիվանդանոց է հասցրել, երբ արդեն չի հաջողվել նրանց օգնել: Հակաբիոտիկակայունության հետևանքով աշխարհում տարեկան 700 հազար մարդ է մահանում՝ փոխանցում է առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը՝ ներկայացնելով Մեծ Բրիտանիայի  2014-16 թթ ուսումնասիրության արդյունքները: Իսկ քովիդ-համավարակը զգալիորեն ավելացրել է հակաբիոտիկների օգտագործումը։

«Երբ նոր էր սկսվել համավարակը, «Ազիտրոմիցին» դեղամիջոցն ընդգրկված էր հիմնական դեղերի մեջ, որոնք նշանակվում էին, սակայն շատ արագ՝ 1-2 ամսից պարզվեց, որ դրա նշանակումն արդյունավետ չէ, ու նույնիսկ կորոնավիրուսի դեպքում թոքերում բորբոքման 90 %-ը պայմանավորված է  վիրուսով, հետևաբար հակաբիոտիկ նշանակելու կարիք չկա։ Կամ եթե պետք է հակաբակտերիալ դեղ նշանակել, պետք է սկսել ամենապարզ հակաբակտերիալ միջոցներից՝ օրինակ՝ ֆուրադոնին, որոնք շատ պարզ, ավելի մատչելի ու ավելի անվնաս, ավելի քիչ կողմնային ազդեցություններով և ոչ թե միանգամից սկսել երրորդ շարքի ռեզերվային հակաբիոտիկներով»։

Ոչ պակաս վտանգավոր է նաև հակաբիոտիկների անժամանակ ընդհատումը։ Խնդիր է նաեւ այն, որ մարդիկ ազատ ձեռք են բերում հակաբիոտիկներ, այն դեպքում, երբ դրանք դեռ 2019-ից  կառավարության որոշմամբ թույլատրվում է ձեռք բերել միայն դեղատոմսով։ Ռոմելլա Աբովյանը համամիտ է «Ռադիոլուրի» դիտարկմանը, իսկապես կա նման խնդիր։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության պետի պարտականությունները կատարող Դավիթ Սայամյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում  հայտնեց՝  իրենք վարչական վարույթների շրջանակներում բազմաթիվ  դեղատներ են այցելել և խախտումներ արձանագրել․ թիվը բավականին մեծ է։

«Համապատասխան վարչական տույժի են ենթարկվել, որտեղ խախտումներ են եղել, ինչպես Երևանում, այնպես էլ տարածքային կենտրոններում։ Ինչ վերաբերում է բժշկական հաստատություններից դեղատոմսերի դուրսգրումներին, 2022 թվականին նախատեսվում է տարեկան ծրագրով իրականացնել իրազեկում, որից հետո տվյալ հաստատություններում ստուգումներ կիրականացվեն վարչական վարույթի շրջանակներում»։

«Ռադիոլուր» հարցին, թե հիմնականում որտեղ են խախտումներ հայտնաբերվել, Երևանում, թե՞ մարզերում։ Զրուցակիցս հայտնեց, որ համատարած է:

Հակաբիոտիկ, հորմոններ ու կոդեին պարունակող դեղերի ընդունումը բժշկի հատուկ ցուցում է պահանջում։ Իսկ դրա կարգավորումը առողջապահական ոլորտի պատասխանատուները տեսնում են դեղատոմսով բաց թողնման մեջ։ Փորձել են դրանով մարդկանց կյանքը չբարդացնել, քրոնիկ հիվանդներին, օրինակ, կտրվի բազմակի օգտագործման դեղատոմս։ Ըստ սահմանված կարգի՝ բժիշկը դեղատոմսը պետք է լրացնի առողջապահության նախարարության հաստատած ձևով՝  մի կողմ թողնելով թղթի վրա ձեռքով դեղատոմս գրելու ավանդական ձեւը։ Այլապես սահմանված է տուգանք  յուրաքանչյուր սխալ դեղատոմսի դեպքում 5000 դրամ։ Բայց ֆինանսական տույժից ավելի ծանր կարող են լինել անտիբիոտիկների հետեւանքները․ դրանք սիրողաբար չեն նշանակում ու չեն ընդունում։

Ցուցադրել ավելի
Back to top button