ԿարևորՀասարակություն

Իրականից՝ վիրտուալ իրականություն․ ինչպես է ստեղծվում զուգահեռ աշխարհը

Աշխարհում մի շարք կազմակերպություններ լուրջ քայլեր են անում վիրտուալ իրականություն ստեղծելու ուղղությամբ․ ոմանք չեն հաջողում, ոմանք էլ արդեն հասել են լուրջ հաջողությունների։ Մասնագետներն ասում են՝  վիրտուալ աշխարհը կերտվում է արդեն այսօր ՝ իրական աշխարհում։

Ոմանց համար սա հետաքրքիր, մյուսների համար վտանգավոր հեռանկար է։ Ի՞նչ է սպասվում մարդուն, եթե իրագործվեն առաջին հայացքից անիրականանալի թվացող նպատակները։  

 Վիրտուալ աշխարհ ստեղծելու մասին պատկերացումները գնալով իրական են դառնում։ Միլիարդավոր դոլարներ ու հսկայական ռեսուրսներն են ծախսվում՝ հանուն այլ իրականության։ Ապագա աշխարհը արարվում է այսօրվա աշխարհի հետ բացարձակ որևէ կապ չունեցող մեթոդներով։ Ընդ որում՝ եթե մեր աշխարհում մարդու ոգեշնչման աղբյուրը բնությունն է՝ իր տարբեր դրսևորումներով, ապա վիրտուալ աշխարհում այն բոլորովին այլ տեսք է ունենալու․  ծառերը, հավանաբար, միշտ ծաղկած են լինելու, իսկ եղանակն էլ արևոտ կամ ոչ այնքան՝ պայմանավորված մարդու ցանկությամբ։

«Ասեմ, որ վիրտուալ իրականության հետ կապված տեխնոլոգիաներն արագ են աճում»։

Սամվել Մարտիրոսյան, տեղեկատվական անվտանգության մասնագետ

«Խոսքը գնում է հատուկ ակնոցների մասին, արդեն հատուկ ձեռնոցներ են պատրաստվում, որոնք վիրտուալ շոշափելու հնարավորություն են տալիս։ Բայց սա դեռ տեխնոլոգիական մասն է։ Սրա հետևում կա գաղափարախոսություն»։

Իսկ գաղափարախոսությունն, ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետի, հետևյալն է․

«Խոսքն, այսպես կոչված, «մետատիեզերքներ» ձևավորելու մասին է, այսինքն՝ ստեղծել վիրտուալ և ռեալ իրականության խառնուրդներ, որտեղ իրար հետ կկարողանան համագործակցել տարբեր երևույթներ»։

Վիրտուալ իրականությունը  վերջին տարիներին մտել է մարդու գործունեության գրեթե բոլոր ոլորտներ` ռազմականից մինչև առողջապահություն, սպորտ և կրթություն։ Վիրտուալ սարքավորումները նոր հնարավորություններ են բացել բիզնեսի և զվարճանքի ոլորտների համար: Պատկերացումները, թե ուր կարող են հասնել այդ հնարավորությանները, շատ ավելի ուշագրավ են։ 

Սամվել Մարտիրոսյանը օրինակներից մեկի մասին է խոսում։

«Փորձեմ ավելի հասկանալի օրինակ բերել, որը արդեն իսկ իրագործված է։ Հայտնի երգիչը կարող է խաղի մեջ օնլայն համերգ իրականացնել և մի քանի միլիոն մարդ կարող է գալ ու դիտել համերգը հենց խաղի մեջ, խաղի միջավայրում վիրտուալ երգիչ, որը իրական է, բայց այնտեղ ներկայացված է իր ավատարով»։

Վիրտուալ ձեռնոցը, որի մասին խոսում է զրուցակիցս, Meta ընկերության տասնյակ տարիներ կատարած աշխատանքի արդյունքն է։ Այն դեռևս վաճառքի չի հանվել, բայց տարբեր հոլովակներ ցուցադրում են դրա հնարավորությունները։ Նույն տրամաբանությամբ մշակվող ինովացիոն նորությունները կարող են փոխել ամբողջ աշխարհը։ Հագուստն, օրինակ,  արդեն կընտրենք ոչ թե մեր, այլ մեր կերպարի համար։ Տնից դուրս գալիս հատուկ պատրաստվելու կարիք չենք ունենա, որովհետև կլինենք դրսում, բայց իրականում՝ տանը։ Չնայած դեռ հարց է՝ տարիներ անց որն ավելի իրական կլինի։

«Մարդիկ իրենց ավատարներով, այսինքն՝ իրենց վիրտուալ կերպարիկներով ներկա կլինեն և կկարողանան խաղից խաղ անցնել, գնալ աշխատելու և այլն։ Այս ամենի նախնական օրինակներն արդեն կան, դա նորություն չէ։ Պարզապես հիմա այդ ամենը փորձում են իրար միավորել, այնպես անել, որ ստացվի քայլել մի իրականությունից մյուսը»։

Որքան ավելի վիրտուալ, այնքան ավելի վերահսկելի․ մասնագետները չեն բացառում գլոբալ վերահսկողության հեռանկարը։ Ընդ որում ՝ այդ վերահսկողությունը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ։ Եթե հիմա  մարդկային վարքագիծն  ու մասնագիտական հմտությունները կարող ենք գնահատել հավելվածների միջոցով կոնկրետ իրավիճակներում,  օրինակ՝ տաքսիից օգտվելիս, ապա ոչ հեռավոր ապագայում  հնարավոր է գնահատենք բոլորին ու գնահատվենք ինքներս։

Այդպիսի փորձ աշխարհում արդեն կա՝ ասում է Մարտիրոսյանը․ «Հիմա Չինաստանում իրագործվում է այն, ինչ դուք նկարագրեցիք։ Այսինքն՝ մարդիկ ստանում են գնահատականներ՝ ելնելով իրենց օնլայն կամ օֆլայն պահելաձևից, ու եթե կանոններին չեն հետևում, իրենց վարկանիշը կարող է իջնել՝ զրկելով նրանց շատ հնարավորություններից՝  վարկ ստանալուց մինչև  ինքնաթիռի տոմս գնելը։ Սա մի բան է, որն արդեն կա»։

Եթե այլ իրականություն, ապա նաև այդ իրականության նոր կանոններ։ Մարդու ազատություններ, իրավունքներ ու դրանց պաշտպանություն։ Ինչ է սպասվում իրական աշխարհում կարևորվող այս հասկացություններին։  Ըստ մասնագետի՝ ՄԱԿ-ն արդեն ունի որոշում, որով մարդկային օնլայն իրավունքները հավասարեցվում են օֆլայն իրավունքներին։ Այսինքն՝ էական չէ, թե որ իրականության մեջ է անձը հանցանք գործում։ Տարբերությունն այն է, որ այստեղ պատժվելու է ինքը, վիրտուալ իրականությունում՝ իր կերպարը։  

Ցուցադրել ավելի
Back to top button