ԿարևորՀասարակություն

Դիմում են կառավարությանը․ պահանջներն ու պահանջողները տարբեր են

Որոշ քաղաքական ուժեր վայր են դնում կուսակցական դրոշները, որ պայքարեն միասին։ Նրանք սկսել են անհնազանդության և բողոքի ակցիաներ, որոնք ծրագրում են ամենօրյա դարձնել։ Առավոտյան ցուցարարները փակել են մայրաքաղաքի մի քանի փողոցներ քաղաքացիներին ծանուցել ակցիաների մասին։ Օրվա ընթացքում ակցիաների մասնակիցներից եղել են նաև բերման ենթարկվածներ։  

Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը գաղտնազերծելու պահանջով նամակներ են փոխանցվել ՀՀ կառավարությանը, նախագահին և Աժ–ին։ Իսկ մինչ պահանջը կկատարվի, բողոքի տարբեր ակցիաներով  փորձելու են ակտիվացնել և պահանջատիրությանը մասնակից դարձնել նաև քաղաքացիներին․ «Զարթոնք» և 5 165 կուսակցությունների նախաձեռնությունն է։ Երկրի նախագահին, գործադիրին և օրենսդիրին փոխանցված հայտարարության մեջ գրված է․   «Փաստաթղթի վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ, որ Հայաստանի Հանրապետությունից թշնամուն զիջվելու են կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ, իսկ Արցախը ճանաչվելու է Ադրբեջանի մաս» :

Քաղաքական այս ուժերը վայր են դնում կուսակցական դրոշները և պատրաստ են համագործակցել պետության ապագայով մտահոգված ցանկացած ուժի հետ։  

Կարին Տոնոյան«Ամեն մեկս մեր իրավունքին տեր կանգնենք և պահանջենք, որ մեզ հետ այսուհետ հաշվի նստեն և հրապարակեն, թե ինչ են պատրաստվում ստորագրել։ Այդ թուղը, որ ասում են՝ մեր սեղանին դրված է, և համաձայն են հետը, ի՞նչ թուղթ է այդ թուղթը, և ի՞նչ են անելու»։

Արա Զոհրաբյան «Մենք գաղտնի փաստաթղթերի օգուտը չենք տեսել։ Մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր հրապարակայնորեն, որ ժողովրդից գաղտնի փաստաթուղթ չի ստորագրելու»։

Ցույցի մասնակից «Սահմանագծումը և սահմանազատումը գործընթաց է, որը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, որը վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ տարածքի ցանկացած փոփոխություն միայն հանրաքվեի միջոցով է լուծվում։ Հետևապես՝ այստեղ կարևոր գործառույթ ունի հանրապետության նախագահը, որքան էլ նրա իրավասությունները սահմանափակեն»։  

Մինչև պահանջի կատարումը՝ ցուցարարները խոստանում են ամեն օր փակել ճանապարհներ, հուսով են՝ վարորդները ըմբռնումով կմոտենան իրենց մտահոգությանը և կմիանան պահանջին։ Այսօր մայրաքաղաքի մի քանի փողոցներ փակվեցին 44 րոպեով․ ակցիայի առաջին օրը միացողները քիչ էին։

«5 165» կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանը բացատրում է․ «Որովհետև իրենց ամենամեծ հաղթանակն այն է, որ անվստահություն են ներշնչել մեզանից յուրաքանչյուրի մեջ յունաքանչյուրի նկատմամբ, և յուրաքանչյուրը մյուսի հետևում ինչ-որ ստվեր է տեսնում։ Մեզ ամեն մեկին «կպցում» են, բոլորը բոլորին «կցորդ» են համարում և ամեն մեկը վախենում է մյուսի հետ փողոց դուրս գալ։ Ուստի, մենք որոշել ենք՝ այուհետ վստահում ենք բոլորին և դուրս ենք գալիս փողոց։ Եթե մեր շարքերում որևէ մեկը, իրոք, այդ դավաճանի դերն է կատարում՝ գործի մեջ ենք պարզաբանելու։ Եթե մենք թաքնվենք մեր տներում, այդպես էլ չենք հասկանա՝ ո՞վ էր ուրիշի կամակատարը, ո՞վ էր իր հայրենիքի իրական պաշտպանը։ Մինչև գործ չանենք, չենք հասկանալու»։

Փաստաթղթի բովանդակությունը գաղտնազերծելու պահանջների առնչությամբ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ հանրայնացման կողմնակից չեն։  Այդ կարծիքին են պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար էդուարդ Աղաջանյանը և խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը․

Անդրանիկ Քոչարյան․«Գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, որովհետև դա առնչվում է սահմանում տեղակայված ուժերի դասավորությանը այս պահի դրությամբ ևս, և դա պետք է արվի շատ զգույշ, որպեսզի նոր կրակելու օջախներ չառաջանան»։

էդուարդ Աղաջանյան․ «Ինչ վերաբերում է «թաքուն» ինչ-որ գործընթացներին, անկեղծ ասած, չեմ հասկանում տրամաբանությունը։ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված է այս գործընթացը օր առաջ սկսել»։

Արթուր Հովհաննիսյան․«Դուք գիտե՞ք պրակտիկայում որևէ դեպք, երբ բանակցությունները՝ հատկապես այս բնույթի, տեղի են ունենում հանրային։ Գործ ունենք մարդկային կյանքերի հետ, գործ ունենք շատ լարված իրավիճակի հետ և ցանկացած քննարկման ցանկացած դրվագ շատ կարևոր է, որ չխաթարվեն։ Մանավանդ ունենք դեպքեր, երբ ինչ-որ փաստաթղթերի արտահոսքեր են տեղի ունեցել, սևով ծածկվել են, ներկայացվել են բոլորովին այլ բան, և դրանք իրենց բացասական ազդեցությունն են ունենում և ամենևին չեն նպաստում ՀՀ պետական շահերին»։

Մինչ Երևանի կենտրոնում քաղաքական ուժերը բողոքի ակցիաներ են կազմակերպում, ահազանգում և պահանջում, մի խումբ քաղաքագետներ մեկնել են Սյունիք՝ իրավիճակը տեղում հասկանալու։ Նրանք նույնպես պահանջ ունեն կառավարությունից։ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը այս փուլում տպավորված է նոր կառուցվող ճանապարհներից, հատկապես Գորիս-Կապան շրջանցող ճանապարհն է շատ կարևորում։ Պահանջում է, որ կառավարությունը ներկայացնի կատարված աշխատանքը․

Լուսանկարը՝ syuniacyerkir.am-ի

«Բավական լավ վիճակում են ճանապարհները, բայց այն հատվածը, որ Գորիսից Կապան շրջանցողն է, իդեալական ճանապարհ է։ Նոր կառուցված ճանապարհը պատրաստ է։ Չհասցրեցի գալ, կարդում եմ՝ ճանապարհը չի աշխատում, գյուղերը կտրվել են։ Այդպես չէ։ Ստրատեգիկ քայլեր կառավարությունը անում է։ Ես նույնիսկ հաշվում էի՝ քանի իրանական բեռնատար անցավ․ 85-ից ավելի՝ մեկ ժամում, հասկանո՞ւմ եք։ Ուրեմն, այդ որ ասում են «միջանցք», ճնշում են, ներսից մեզ «պայքացնում» են՝ պետք չի հավատալ։ Դրականը մի քիչ պետք է ցույց տա իշխանությունը, որ մի քիչ հանգստանա հասարակությունը։ Գորիսում և Կապանում ունեցել ենք հանդիպումներ հասարակության հետ։ Մարդիկ հարցեր բարձրացնում են, մտահոգված են, ազգի, ժողովրդի, պետության մասին մտածում են, բայց ոչ մի խուճապ ես չտեսա»։  

Մարզային հանդիպումներ է կազմակերպում նաև քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նա ևս խոսում է ճանապարհների մասին՝ համոզված, որ դրանք կարևոր գրավական են տնտեսությանը նոր շունչ հաղորդելու ու զարգանալու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button