ԿարևորՄշակույթ

Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաջարկել է Շուշին ներառել «Ստեղծարար քաղաքների ցանցում»

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ստեղծարար քաղաքների ցանց»-ում ընդգրկված է աշխարհի 246 քաղաք՝ 90 երկրից։ Ադրբեջանն ուզում է, որ այդ ցանցում լինի նաև Շուշին, ու համապատասխան հայտն արդեն ներկայացվել է։ Վերջին 4 տարում Ադրբեջանը ՅՈւնԵՍԿՈ–ին 3 նման հայտ է ներկայացրել, ու ստեղծարար քաղաքների ցանցում են հայտնվել Շեքի, Բաքու, Լենքորան քաղաքները։ «Ստեղծագործ քաղաքների ցանց» ծրագիրը միավորում է աշխարհի քաղաքները՝ հաշվի առնելով  դրանցում երաժշտության, արվեստի և արհեստների, դիզայնի, կինոյի, գրականության, հյուրասիրության և մեդիաարվեստի զարգացվածությունը։

Շուշին «Ստեղծարար քաղաքների» ցանցում ներկայացնելու Ադրբեջանի նախաձեռնությունը Հայաստանի Արտգործնախարարությունը որակել է սադրանք։

«ԻԿՕՄՕՍ Հայաստան» ՀԿ նախագահ Գագիկ Գյուրջյանի գնահատմամբ՝  մշակութային դաշտում Ադրբեջանը հետևողական աշխատանք է տանում, իսկ Հայաստանին դեռ չի հաջողվում համարժեք պատասխան տալ․

«Շուշին այդ ցանցում ներառելը, մշակութային կենտրոն առհասարակ դարձնելու փորձը հերթական հնարքն է, որ իբրև ամրագրեն, թե իրենցն է քաղաքը,-ասում է Գագիկ Գյուրջյանը։

Օրերս Հայաստանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կազմում։ Զրուցակիցս ասում է՝ դա կառույցի ղեկավարությանն ու կառույցներին ավելի մոտ լինելու հնարավորություն է, թեպետ, նրա համոզմամբ, գրավյալ տարածքներում մնացած ժառանգության պահպանության հարցով պետք է հատուկ ռազմավարություն՝ պետական մակարդակով․

«Մեր երկրում անհրաժեշտ է պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերով զբաղվող լուրջ պետական մարմին ստեղծել։ Հիմա ԿԳՄՍ կազմում մի վարչություն կա, որը խեղճացած վիճակում է  և ոչ մի բան չի տալիս, իս Ադրբեջանը տարբեր լծակներ է օգտագործում պետական մակարդակով, նրանք ունեն այդ կառույցները։ Միջազգային հարթակներում ճիշտ ռազմավարություն ունենալու, ճիշտ քաղաքականություն տանելու համար պետական լուրջ մարմին պիտի ստեղծենք՝ համապատասխան իրավասություններով, հակառակ դեպքում այսպես սիրողական մակարդակով է մնալու՝ մի օր մի ՀԿ կխոսի, մյուս օրը՝ մի հիմնադրամ»,-նշում է Գյուրջյանը։

Շուշին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ստեղծարար քաղաքների ցանցում» ընդգրկելու Ադրբեջանի հայտին արձագանքել է նաև Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը՝ առանձնացնելով, թե ինչ խախտումներ է իրականացնում Ադրբեջանն այդ քայլով։ Շուշին որպես ադրբեջանական ժողովրդի ստեղծագործ քաղաք ներկայացնելու փորձը խախտում է հայ հանրույթի մշակութային ֆունդամնետալ իրավունքները՝ սահմանված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։ Հայկական մշակույթի կարևորագույն կենտրոն Շուշին հռչակելով ադրբեջանական հանրույթի ստեղծագործ քաղաք՝ Ադրբեջանը ոտնահարում է քաղաքի պատմականության, իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994–ին՝ Ճապոնիայում, և 2017-ին՝ Նյու Դելիում ԻԿՕՄՕՍի–ի կողմից ընդունված համապատասխան փաստաթղթերից։

Ցուցադրել ավելի
Back to top button