ԿարևորՄշակույթ

Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը փակվեց․ հայտնի է «FestOFF»-ի հաղթողի անունը

Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում նոյեմբերի 20-ին «Ալմետ»-ի թաթարական պետական դրամատիկական թատրոնի «Անսանձ կնոջ սանձահարումը» ներկայացումով (բեմադրիչ՝ Կարո Բալյան) փակվել է Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը:

Բոլոր մասնակիցներին տրվել են մասնակցության դիպլոմներ: Փակման հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվել է նաեւ «FestOFF» ծրագիրը, որը նախատեսված էր ուսանողների եւ անկախ թատերախմբերի համար, որոնք Հայաստանից եւ արտերկրից են:

Հաղթող է ճանաչվել Մարիամ Հարությունյանը՝ «Շեքսպիրյան Տրիլոգիա» բեմադրությամբ։ Այս բեմադրությունը անգլիացի դրամատուրգի ստեղծագործությունների վառ հերոսուհիների՝ Ջուլիետի, Դեզդեմոնայի, Լեդի Մակբեթի սիրո եւ դրանց խոցելի կողմերի մասին է: Հաղթողին Երեւանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը նվիրել է շեքսպիրյան թեմատիկայով նոր ներկայացման ամբողջական ֆինանսավորում:

Ծրագրի ժյուրիի նախագահը դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էր, ժյուրիի անդամները՝ թատերագետներ Տիգրան Մարտիրոսյանը, Հասմիկ Սեյմորը, Գայանե Թադևոսյանը, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը:

Երեւանի Շեքսպիրյան 15-րդ միջազգային թատերական փառատոնը մեկնարկել էր նոյեմբերի 15-ին՝ Կիեւի ազգային ակադեմիական երիտասարդական թատրոնի «Ամառային գիշերվա երազը» ներկայացմամբ։ Փառատոնը հյուրընկալել էր 7 երկրից ժամանած ավելի քան 100 մասնակցի եւ հյուրի, որոնց թվում հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոնների տնօրենների՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Իրանից, Թաթարստանից, Ուկրաինայից, ՌԴ-ից։ Երեւանյան տարբեր բեմահարթակներում ցուցադրվեց շուրջ 15 ներկայացում: Շեքսպիրյան միջազգային 15-րդ թատերական փառատոնի կայացմանը գործում ձեռք են մեկնել անհատներ, այդ թվում Հայկ Գրիգորյանը, Տիգրան Հարությունյանը եւ այլք: Փառատոնի հեդլայներներն են «Թատրոն Կամրջի մոտ» («Театр у моста»)՝ «Մակբեթ» (ՌԴ, բեմադրիչ՝ Սերգեյ Ֆեդոտով) եւ Ռոդոփի դրամատիկական թատրոնի «12-րդ գիշեր» (Բուլղարիա) ներկայացումները։

Փառատոնի օրերին անցկացվել են վարպետաց դասեր, որոնք վարել են ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), «Կնեբել» թատրոնի եւ «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Միշինը (ՌԴ) եւ դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա):

Երեւանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: 2016թ․-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։ Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button