ԿարևորՀասարակություն

Մանկատնից՝ նոր կյանք. 15-ամյա «Մեր տուն»-ը բարերարներ է փնտրում

 «Մեր տուն» սոցիալական հասարակական կազմակերպությունը նշում է 15–ամյակը: Այս տարիների ընթացքում  կառույցի  հարկի տակ ապրել, կրթվել ու նոր կյանք են սկսել Վանաձորի ու Գավառի մանկատան 60 աղջիկներ: Ֆինանսական  դժվարությունների պատճառով կազմակերպությունում այժմ  Գավառի  մանկատան 5 սան է ապրում: Հովանավորներ գտնելու դեպքում կառույցը կշարունակի ընդունել ու նոր կյանք ճանապարհել մանկատան չափահաս աղջիկներին։

Էջմիածնի «Մեր տուն» սոցիալական հասարակական կազմակերպության հասցեն շատերին է ծանոթ, նաև՝ հարսնացու փնտրող տղաներին։ Նրանք ծնողների հետ հաճախ են թակում «Մեր տան» դուռը:  Բայց այստեղ էլ գիտեն, որ աղջիկ ամուսնացնելը հեշտ գործ չէ. մանկավարժական կոլեկտիվը ծանրութեթև է անում, հետաքրքվում, դրանից հետո միայն որոշում՝ տղան  իրենց աղջկան արժանի՞ է, թե՞ ոչ: Կազմակերպության փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյանն ասում է՝ այս տարի 2 աղջիկ են ամուսնացրել։ Նրանցից մեկի՝ Անահիտի  ընտրյալը զինվորական է՝ 44-օրյա պատերազմի մասնակից։

«Այս տարի երկու ամուսնություն եղավ, մեկը օգոստոսի վերջին, մյուսը՝ սեպտեմբերին: Առաջին ամուսնությունը զինվորի հետ էր, ծառայում էր բանակում, տղան հետո պատմեց, որ պատերազմի ընթացքում իրեն ուժ է տվել Անահիտի սերը»:

Իսկ Արաքսյայի և Հովհաննեսի  սիրո պատմությունը սկսվել է «Մեր տանը» կազմակերպված միջոցառման ժամանակ: Հովհաննեսը հրավիրյալ խոհարար էր, մասնագիտական հմտությունների ցուցադրումը  ոչ միայն հյուրերին գրավեց, այլև փոխեց կյանքը։

«Խոհանոցում աշխատելիս  աղջիկներն իրեն օգնել էին, սիրո կայծը բռնկվել էր Հովհաննեսի ու Արաքսյայի մեջ, սիրահարվեցին, հետո նրանց հարսանիքը եղավ: Շատ ներդաշնակ զույգ են, ինչպես Անահիտն ու Դանիելը »:

Այստեղ 22 հարսանիք են արել, հիմա 35 թոռնիկ ունեն: Կազմակերպության հոբելյանին ներկա էր «Մեր տան» առաջին շրջանավարտներից  Համեստ Աղամալյանը: 2007-ին  22 տարեկան էր, երբ Գավառի մանկատնից տեղափոխվեց Էջմիածին: Չափահաս դառնալուց հետո էլ շարունակեց մնալ մանկատանը՝ միաժամանակ ստանալով միջին մասնագիտական կրթություն:  2 տարի ապրեց «Մեր տանը», 2009-ին  ընտանիք կազմեց:  Հիմա նոր մասնագիտություն ունի, դերձակուհի է։

«Հիմա սկեսրոջս հետ եմ աշխատում, կարելի է ասել՝ ընտանեկան բիզնես է, վարագույր ու  հագուստ ենք կարում: Սկեսուրս է  ինձ կարել սովորեցրել, աղջկաս 2 տարեկանից մանկապարտեզ եմ ուղարկել, մենք միասին աշխատել ենք»:

Մանկատան սաներից շատերը բնակարաների գնման վկայագրերով տուն են ձեռք բերել, Պետական ծրագրի շահառուներից մեկն էլ Համեստն է։

 «2005թ-ից  բնակարան ստանալու  շահառու եմ եղել, հեղափոխությունից  հետո  ստացել ենք սերտիֆիկատներ, իսկ մեկ տարի առաջ արդեն առանձնատուն  ենք գնել Էջմիածին քաղաքում: Հիմա շինարարություն ենք անում, գարնանը՝ կտեղափոխվենք»:

Կազմակերպության փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյանը ասում է՝ 15 տարի խնամել, կրթել ու նոր կյանք են ճանապարհել առանց ծնողական խնամքի մնացած աղջիկների։ Հիմա կազմակերպությունը ֆինանսական խնդիրներ ունի,  եթե բարերարներն օգնեն, իրենց առաքելությունը կշարունակվի։

«Արդեն մեկ տարուց ավելի կազմակերպությունը ֆինանսական  դժվար իրավիճակում է: Չնայած աղջիկները մեզ դիմել են, բայց մենք չենք կարողացել  նրանց ընդունել: Գուցե  օգնողներ լինեն, գտնվեն և կազմակերպությունը կարողանա իր գործունեությունը շարունակել՝ այդ ժամանակ մենք սիրով կընդունենք աղջիկներին: Աշխատանքային 15 տարին ցույց տվեց, որ այս կազմակերպության անհրաժեշտությունը կա` որպես միջանկյալ օղակ՝ մանկատնից դեպի կյանք»:

«Մեր տան» կողքին հիմա մշտական բարեկամներն են: Անի Քոչարը կառույցի վարչության անդամ է, բայց տուն է մտնում մորաքրոջ կարգավիճակով։ Ասում է՝ աղջիկները սիրո, ջերմության ու շփման  կարիք ունեն:

«Մշտապես կազմակերպում էի այցեր՝ նպատակ ունենալով ծանոթացնել նրանց այս կազմակերպության հետ: Նրանք ամենատարբեր ոլորտներից էին՝շոու բիզնեսից, արվեստից, պետական կառույցներից, որովհետև միշտ չէ, որ նման աշխատանքը հավուր պատշաճի է գնահատվում »:

Կառույցի հետ տարիների համագործակցության փորձ ունեն  նաև «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնագետները: Նրանց աշխատանքն օգնում է  սաներին նվազեցնել  տագնապներն ու ձերբազատվել  վախերից,  ձևավորել արդյունավետ մտածողություն՝ ասում է հոգեբան Մարիամ Մեհրաբյանը։

 «Մարդը կարող է ավելի բարդ վիճակում հայտնվել,  երբ նոր կյանք է սկսում և նրան պետք են ուղեկիցներ: Խոսքս այս դեպքում  «Մեր տան» աղջիկների մասին է, ովքեր Տիգրանուհի Կարապետյանից ստանում են մեծ աջակցություն: Հոգեբանական աջակցությունը նրանց հնարավորություն է տալիս  ճանաչելու  նախ՝ իրենց, ապա աշխարհը : Իսկ եթե անձն ինքն իրեն չի ճանաչում և դիմացինին, խնդիրներ կառավարելը միշտ դժվար է լինում»:

Հոգեբանական վերապատրաստում են անցել նաև  «Մեր տան» աշխատակիցները: Իսկ մանկատան աղջիկներից մի քանիսն ընտրել են հենց հոգեբանի մասնագիտությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button