ԿարևորՄշակույթ

«Հայ Ֆեստ» թատերական փառատոնը՝ անսովոր ձևաչափով

«Հայ ֆեստ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը, որը կանցկացվի նոյեմբերի 21-ից 24-ը, նվիրված է փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայի հիշատակին։ Փառատոնը, որն այս տարի կրում է «Խոսքեր, խոսքեր, խոսքեր» խորագիրը, արվեստի երկրպագուներին հնարավորություն կտա դիտել կենդանի և առցանց ներկայացումներ, մասնակցել ցուցահանդեսների ու կոնֆերանսի:

«Հայ ֆեստ»  միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվելու է անսովոր  ձևաչափով ․ թատրոնը  տեղափոխվել է  վիրտուալ իրականություն՝ պայմանավորված համավարակով։  Ինչպես դառնալ մասնակից այս փառատոնի․ շատ հեշտ՝  գործ դնելով սեփական սմարթֆոնը։  Փառատոնը կբացի Իգոր Գոլյակի առցանց ներկայացումը, որի հիմքում Չեխովի «Բալենու այգին» է։

Բայց հեռակառավարման վահանակի շնորհիվ հանդիսատեսը կարող է փոխել  սյուժետային գիծը։  Փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյան. «Այս 19 տարիների ընթացքում մենք բերում ենք ամենանորարական բաները՝ նոր ժանրեր, նոր հասկացությունները, նոր գաղափարներ»,-ասում է Ղուկասյանը։

«Խոսքեր, խոսքեր, խոսքեր», կամ «Բառեր, բառեր,բառեր». շեքսպիրյան հայտնի ձևակերպումն  այս տարի  փառատոնի կարգախոսն է։  Կազմակերպիչների կարծիքով՝  խիստ համարժեք այսօրվա իրողություններին։ Ղուկասյանն ասում է, որ  մտավորականները պատասխանատու են հասարակության առջև, որովհետև մարդիկ նրանց լսում են, նրանք կարծիք են ձևավորում և պետք է շատ զգույշ լինեն և հասկանան, որ յուրաքանչյուր բառ իմաստ ունի:

«Մենք խոսում ենք, չենք գործում։ Բառեր, բառեր, հեղեղված բառերով մենք կորցնում ենք իմաստը։ Այդ բառերը կարևոր են, քանի որ մենք պատասխանատու ենք դրանց համար։ Մենք պետք է հենց այդ բառերի միջոցով ստեղծենք առնվազն տաղանդավոր գործ»,-ասում է Ղուկասյանը։

Այս փառատոնին, սակայն, իրենց խոսքը  կասեն այլ թատերախմբեր, բայց ոչ հայ թատրոնները։ Ղուկասյանն ասում է՝ այս փառատոնը  տարբերվում է նաև դրանով։

«Մենք խոսում ենք չենք գործում։  Մենք չունենք հյուր, իմաստ չկա ցույց տալ  հայկական ներկայացումներ։ Մենք չենք ուզում կրկնվել ու նմանվել ուրիշ փառատոնների»,-ասում է Ղուկասյանը։

Ներկայացումները կցուցադրվեն Գյումրիում, Վանաձորում  և Դիլիջանում։ Փառատոնի կազմակերպիչները չեն բացում փակագծերը, թե որտեղ պետք է ցուցադրվեն ներկայացումները։ Բեմադրությունները  հայտնվելու են տեսապատկերով՝ բնակելի շենքերի վրա։

«Հուսանք, որ 2022 թ-ին կվերադառնանք իրական թատրոնին, երբ կա կենդանի խաղ»։

 Փառատոնը կամփոփվի «Տրոյացի կանայք» ներկայացմամբ, որը կցուցադրվի   Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում։

Ցուցադրել ավելի
Back to top button