ԿարևորՔաղաքական

Դեկտեմբերի 15-ը և Բրյուսելը՝ «շանս» միջազգային դիվանագիտության համար

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցների  ընթացքում ձեռք է բերել վերջինների համաձայնությունը դեկտեմբերի 15-ին կայանալիք ԵՄ-«Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի շրջանակում անմիջական հանդիպում կազմակերպելու շուրջ։

Նման հանդիպում կազմակերպելու ջանքեր գործադրում էր նաև  ռուսական կողմը։  Կրեմլը չէր հերքում՝ աշխատում է այդ ուղղությամբ, իսկ հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։ Ռուսաստանն առայժմ պաշտոնապես չի արձագանքել Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը  դեռ երեկ խոսում էր Մոսկվայում եռակողմ հանդիպում կազմակերպելու հավանականության մասին․ համոզված էր, որ այդ հանդիպումը կայանալու է։   

Իսկ թե ինչ են քննարկելու Ալիևն ու Փաշինյանը բելգիական մայրաքաղաքում, փորձում են  ենթադրել փորձագետներն ու վերլուծաբանները։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Փաշինյան-Ալիև երրորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ։ Հետպատերազմական նախորդ երկու հանդիպումները կայացել են Մոսկվայում՝ Ռուսաստանի ջանքերով։ Արևմուտքի ուժեղացո՞ւմ, թե՞ Ռուսաստանի թուլացում․ այս հարցն ապագա հանդիպման համատեքստում չի դիտարկում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը․

 «ԵԱՀԿ ՄԽ-ն բավական ժամանակ է, արդեն փորձում է ակտիվանալ, սակայն, բախվում է խնդիրների, որովհետև Ադրբեջանը փորձում է թույլ չտալ ԵԱՀԿ ՄԽ վերագործարկումը, քանի որ գտնում է, որ Արցախի հարցը լուծվել է։ Այնուամենայնիվ, ՄԽ ներկայացուցիչները տարբեր մակարդակով հայտարարել են, որ լուծված չէ Արցախի խնդիրը և ՄԽ–ն պետք է աշխատի և ունի աշխատելու տեղ և այս գործընթացն էլ կարելի է դիտարկել Մինսկի Խմբի փորձերի համատեքստում։ Այնուամենայնիվ, փաստ չէ, որ այդ փորձերը հաջողությամբ են պսակվելու այս փուլում, որովհետև Ադրբեջանն ամեն կերպ տորպեդահարում է ՄԽ աշխատանքը, և բացի դրանից՝  Ռուսաստանն էլ թեև շեշտում է ՄԽ վերագործարկման անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, իր նախաձեռնությունները հիմնականում ներկայացնում է որպես իր պետության կողմից եկած նախաձեռնություններ և չի փորձում դրանք պրոյեկտել ՄԽ մյուս անդամների վրա»։

Ռուսաստանն առայժմ պաշտոնապես չի արձագանքել Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը  դեռ երեկ խոսում էր Մոսկվայում եռակողմ հանդիպում կազմակերպելու հավանականության մասին․ համոզված էր, որ այդ հանդիպումը կայանալու է։   

Իսկ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն երեկ բարձր էր գնահատում սահմանային վերջին միջադեպերը հարթելու և պատերազմը դադարեցնելու ուղղությամբ Ռուսաստանի գործադրած ջանքերը։

Հայաստանում, մինչդեռ, սպասվող հանդիպումից ակնկալիքները հակասական են։ Փորձագիտական շրջանակներում  հնարավոր է համարվում  նոր փաստաթղթի ստորագրումը, որը կարող է Հայաստանի շահերին հակասող դրույթներ ունենալ։ Շրջանառվում է «միջանցքին» առնչվող ենթադրյալ փաստաթղթի ստորագրման հավանականությունը։ Դեկտեմբերի 15-ին նման զարգացումը հավանական չի համարում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը․  

«Բացարձակապես հավանական չեմ համարում, որ դեկտեմբերի 15-ին կարող է որևէ փաստաթուղթ ստորագրվել։ Բանակցությունները բավական ծանր են լինելու, բավական երկարատև և բազմաթիվ տարբեր փուլեր են անցնելու։ Փաստաթղթի ստորագրման մասին բոլոր խոսակցությունները ես դեռևս համարում եմ ուղղակի շահարկումներ։ Ներկայում չի կարող լինել որևէ փաստաթուղթ, որը կարող է ստորագրվել, որովհետև ,առաջին հերթին, այն միակ փաստաթուղթը, որը ունենք՝ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը, դա դեռևս չի կատարվել։ Այստեղ խնդիրն այն է, որ կողմերը նոր պայմանավորվածությունների հասնելու համար, անհրաժեշտ է, որ գոնե հին պայմանավորվածությունները կատարեն։ Բացի այդ, փաստաթուղթը պետք է ներառի որոշ կարգավորումներ որոշակի հարցերի շուրջ, իսկ մենք հիմա ունենք բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ չկա միասնություն, չկա համաձայնություն թե երկու կողմերի, թե այլ կողմերի միջև։ Այդ պատճառով էլ որևէ փաստաթուղթ ստորագրելու մասին խոսակցությունները անհիմն եմ համարում»։

Կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը հավանական չի համարում, որ Բելգիայում կողմերը կխոսեն սահմանագծման և սահմանազատման հարցերից։ Կարծում է՝ այդ հարցը կքննարկվի նախաձեռնողի՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Իր վերլուծությունում կովկասագետը գրում է, որ առաջին հերթին, կորոշվեն երկու երկրների միջև ապագա «Խաղաղության պայմանագրի» չափորոշիչները և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը: Եվս մեկ փաստի վրա է ուշադրություն հրավիրում․ ինչո՞ւ Ալիևն ընդունեց Մինսկի խմբի միջնորդական ջանքերը, եթե այդ ձևաչափը մինչև այս սպառված էր համարում։

«Դա կարող է առնչություն ունենալ իր կողմից առաջ քաշված ինչ-որ նոր, դեռևս անհայտ պայմանների հետ: Նման համատեքստում ղեկավարների նախատեսվող հանդիպումը Բրյուսելում ընկալվում է որպես բանակցային գործընթացը ռուսականից արևմտյան հարթակ տեղափոխելու «ֆրանսիական գծի» շարունակություն»,-գրում է քաղաքագետը՝ հավելելով, որ հարց է ծագում, թե ի՞նչ են քննարկելու Ալիևն ու Փաշինյանը բելգիական մայրաքաղաքում:

Այս հարցը վերլուծում է նաև հայ քաղաքագետը․ «Դեկտեմբերի 15-ը փուլերից մեկն է, երբ լարվածության մեղմացման վերաբերյալ փորձ կկատարվի ղեկավարների մակարդակով ինչ-որ համաձայնության գալու։ Բայց դա չի նշանակում, որ նրանք գնացին, խոսեցին, ստորագրեցին կամ չստորագրեցին ինչ-որ մի բան և դրանով լարվածությունը վերջանում է։ Ոչ, շարունակվելու է, կարող է նորից սրանալ, կարող է նույնիսկ ավելի սուր լինել, քան մինչև դեկտեմբերի 15-ը, այնուամենայնիվ, խոսելը հնարավորություն է որոշակի չափով լարվածության վրա ազդելու։ Թե դա կտևի մեկ ժամ, մեկ օր, մեկ ամիս կամ ընդհանրապես չի տևի, արդեն հարցի այլ կողմն է»։

Ֆրանսիական պարբերականներից մեկը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բրյուսելյան առաջիկա հանդիպմանը,  գրել է․«Փարիզը հնարավորություն է ստացել կատարելու իր կարևոր պարտականությունը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը, և ձախողումից փրկելու համաշխարհային դիվանագիտությունը»:

Ցուցադրել ավելի
Back to top button