Էկոսֆերա

«Մաքրապատում»․ քսան տարում` օրական մեկ պարկ աղբ. «Էկոսֆերա»

Բարեկիրթ արտաքինով զինվորական, ռադիոինժեներ վանաձորցի Հակոբ Միկոյանին շատերն են սկսել ճանաչել և տեսնել, թե ինչպես է կոկիկ հագուկապով երիտասարդը աղբ հավաքում։ Նա աղբը ոչ թե թափում է բնության գրկում, այլ հավաքում է քաղաքացիների թափածը։ Հենց դրանով էլ նա աչքի է ընկել։

Ամեն օր՝ լինի աշխատանքից հետո կամ առաջ, հանգստյան, թե տոնական օր, նա իր առջև խնդիր է դրել մաքրել աղտոտված տարածքները և օրական առնվազն մեկ պարկ աղբ հավաքել։ Մեզ հետ զրույցում Հակոբը պատմեց, որ բուն նախաձեռնությունը սկսել է երկու տարի առաջ Վանաձորից, սակայն մինչ այդ էլ հանրապետության տարբեր վայրերում արշավների ընթացքում սկսել է բնությունն ազատել աղբից։ Հիմա արդեն թափոնները հավաքելը դարձել է կենսակերպի անբաժան մասը։

Երիտասարդի նախաձեռնությունը, սակայն, երկու տարի դադար ունեցավ։ Համավարակն ու դրան հաջորդած պատերազմը պարտադրեցին ընդհատել սկսած գործը։ Այնուհետև, Հակոբ Միկոյանի խոսքով, պատերազմը նաև ստիպեց էլ ավելի արժևորել հայրենիքը։ Հիմա որոշել է ՝ 20 տարի շարունակ աղբ է հավաքելու․
«Պատերազմն ինձ հասկացրեց՝ այն, ինչ ունենք, չենք գնահատում։ Սիրո բացակայության հետ է կապված աղբը գցելը և չմտածել, թե ուր ենք գցում։

Աղբի քանակին նայելով տեսնում ես, որ սարսափելի վատ է մարդկանց վերաբերմունքը երկրի, հողի նկատմամբ։ Սա է պատճառը, որ ինքս ինձ խոսք տվեցի՝ 20 տարի շարունակ ամեն օր մեկ պարկ աղբ պետք է հավաքեմ։ Սա ոչ միայն աղբ հավաքելու գործընթաց է, այլև խոնարհում երկիր մոլորակին, հողին և իմ սերն արտահայտեմ հայրենիքին, միջավայրին կամ բնությանը, որի մասնիկն եմ։ Իմ օրինակով ուզում եմ վարակել հասարակությանը»,- ասաց նա։

Միկոյանն արդեն հասցրել է «վարակել» ընկերներին։ Նրա գործը գնալով վերածվում է հասարակական նախաձեռնության։ «Մաքրապատում» նախաձեռնությանն են միացել մի խումբ երիտասարդներ, որոնք ևս սկսում են մաքրել պատահած աղբն ու համացանցում ակտիվ տարածել, որպեսզի և՛ ուսուցողական, և՛ վարակիչ լինի շատերի համար։

Օրական մեկ պարկ աղբ․ այսպես առաջիկա քսան տարիների ընթացքում երիտասարդ ռադիոինժեները որոշել է «մաքրապատել» կամ աղբից ազատել երկիրը։

Back to top button