ԿարևորՀասարակություն

Օրվա խնդիրներին` ամենօրյա լուծումներ. Սյունիքի հարցերով միջգերատեսչական խումբը գրանցում է կարիքները

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը շարունակում է աջակցել ադրբեջանական անցակետերի տեղադրման հետևանքով խնդիրների առաջ կանգնած Կապանի տարածաշրջանի 6 և Գորիսի տարածաշրջանի 3 բնակավայրերի բնակիչներին։ Վառելիքի տրամադրում, հացի առաքում․խմբի անդամները պատրաստակամ են ամեն օր ամեն ժամի աջակցել բնակիչներին։ Ինչի՞ կարիք ունեն ճանապարհների փոփոխության հետևանքով մինչ օրս գործող հիմնական ճանապարհից կտրված գյուղերի բնակիչները:

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբն ամեն օր, ամեն ժամի՝  պատրաստ է հրատապ արձագանքել այն խնդիրներին, որոնց բախվում են Ծավ, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն,Շիշկերտ,  Ճակատեն գյուղերի բնակիչները։ Նոյեմբերի 15-ից Կապան-Ճակատեն ավտոճանապարհին անցակետ տեղադրելուց հետո դժվարացել է երթևևկն այդ գյուղեր։

Պատկան մարմինները խոստանում են արագ լուծումներ տալ հարցին. ներկայում կառուցվում է այդ գյուղեր տանող նոր ճանապարհ, որը նախատեսվում է շահագործման հանձնել դեկտեմբերի վերջին, իսկ մինչ այդ` այս ընթացքում բարեկարգվել է 90-ականներից գոյություն ունեցող ևս մի պահուստային դժվարանցանելի ճանապարհ, որով կարող են անցնել միայն բարձր թափքով մեքենաները։ Այս գյուղեր տանող մեկ այլ ճանապարհ էլ կա, բայց այն անցնում է Մեղրի-Շվանիձոր–Ծավ համայնքներով, ինչը ուղին երկարացնում է մոտ 140 կմ-ով։

Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի խոսքով` անցած երեք օրերին այդ տարածաշրջանի 6 բնակավայրերի բնակիչներին 7 տոննա բենզին, 6 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև հեղուկ գազ է բաշխվել։ Սրաշենի վարչական ղեկավար Աննա Բաղդասարյանն ասում է՝ չկա գյուղում մի ընտանիք, որ վառելիք ստացած չլինի։

«Վառելիք են տվել, մեքենաներին գազ են լցրել, գերատեսչական խմբի ղեկավարն ու աշխատակիցները մեր կողքին են առաջին օրվանից։ Տվել են, որ եթե մարդը խնդիր ունենա, կարողանա կապ հաստատել քաղաքի հետ։ Էս պահին, չնայած այլընտրանքային ճանապարհը կառուցվում է, թեկուզ մեքենաներ գնումգալիս են։

Շիկահողցի Սամվել Աղաբեկյանը 20 լիտր դիզվառելիք, 20 լիտր բենզին է ստացել։ Մինչև ճանապարհի փակումը Կապանում էր, մեքենան գազով էր լիցքավորել, կարծում է՝ խնդիր չի ունենա։  Սամվել Աղաբեկյան

«72 տարեկան մարդ եմ, 72 տարում սենց բան չեմ տեսել, թե անհարաժեշտության պայմաններում չեն տվել; Գյուղն էս պայմաններում է, օգնությունը չի խանգարում»։

Սարգիս Զաքարյանը Շիկահողում է ապրում, գյուղի խանութն է աշխատեցնում։ Բացի այն, որ իրեն 20-ական լիտր բենզին ու դիզվառելիք է հատկացվել, միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը նրան լրացուցիչ ևս 100 լիտր բենզին է հատկացրել։ Սարգիս Զաքարյան

«Բայց առանձին ինձ տվել են 100 լիտր բենզին, որ եթե խանութում խնդիրներ առաջանան, գնամ ապրանք բերեմ։ Հիմա խնդիր չկա, չի էլ լինելու։ Մեքենաները գալիս են Մեղրիով։ Կալբասի պատվեր եմ տվել, սիգարետի։ Բիզնեսը նենց բան է, որ չեն թողնի պրոբլեմ առաջանա»։

Եթե Կապանի տարածաշրջանի այդ 6 բնակավայրերին հաց մատակարարում է Ծավում գործող հացի արտադրամասը, ապա Գորիսի Որոտան, Բարձրավան, Շուռնուխ բնակավայրերին ամեն օր անվճար հաց է հասցնում Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը։ Օրական 275-280 հաց է գնվում, իսկ հացը բնակավայրեր հասցնում են արտակարգ իրավիճակների նախարարության ավտոմեքենաներով։ Նախօրեին, օրինակ, Բարձրավանի վարչական ղեկավարը 5 հաց ավելի էր ուզել. գյուղում ծնունդ էին նշում։ Բարձրավանի բնակիչ Արթուր Թադևոսյանը զարմանում է այնպիսի հրապարակումներից, թե բարձրավանցիները սոված են մնացել։ Ասում է՝

«Ճիշտն ասած, մեր գյւղացիները մի քիչ ավանդապաշտ են։ Կարող են խնդիրներ առաջանալ, բայց ի վիճակի ենք մենք հաց թխել, հաց ստեղծել»։

Բացի առօրյա խնդիրներից, սահմանամերձ գյուղերում ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք քարտեզագրել է Սյունիքի միջգերատեսչական աշխատանքային խումբը։ Արդեն ընթացքում են Բարձրավան, Սրաշեն, Ուժանիս, Խդրանց, Բարգուշատ, Կաղնուտ բնակավայրերի տների տանիքների փոխման հարցը։ Այս օրերին կատարվում են նախագծա–նախահաշվարկային աշխատանքները։ Սրաշենում օրինակ մոտ 50 տուն կա, բայց ոչ բոլորն են փոխվելու․ կան տներ, որտեղ մարդ չի բնակվում։ Ծրագրում ընդգրկվել են միայն այն տները, որոնցում մշտապես մարդիկ են ապրում։

Ցուցադրել ավելի
Back to top button