ԿարևորՀասարակություն

Տեխնիկական ստեղծագործություն. հեղինակային իրավունքը հավելվածներում և գիտանորարարության մեջ

Եթե նախկինում գրանցում էին գյուտեր և օգտակար մոդելներ, ապա մարտին ընդունված նոր օրենքի համաձայն, հայտերի հիման վրա տրվում են գյուտի կարճաժամկետ արտոնագրեր՝ 10 տարով և երկարաժամկետ՝ 20 տարով։ Մտավոր սեփականության գրասենյակի Գյուտերի և արդյունաբերական դիզայնի փորձաքննության բաժնի պետ Ավետիս Պերյան․

«Շատերը օգտակար մոդելի հայտ չէին ներկայացնում, քանի որ չէր հնչում։ Ասում էին՝ մերը մոդել չէ։ Տվյալ դեպքում, եթե տալիս ենք գյուտի կարճաժամկետ արտոնագիր, մարդիկ ավելի պատրաստ են այդ արտոնագրերն ստանալ, թեև էությամբ դրանք գրեթե նույն օգտակար մոդելի արտոնագրերն են։ Անունը փոխելով որոշ էֆեկտ է ստացել»։

Նոր օրենքում ավելացել է կարճաժամկետ արտոնագրերի ադմինիստրատիվ բողոքարկման կարգը՝ նախարարության բողոքարկման խորհրդի միջոցով։ Այժմ հնարավորություն ունեն ադմինիստրատիվ կարգով այդ հարցերը քննարկել և խուսափել դատական ծախսերից։

«Օրենքում հստակեցվել է համակարգչային ծրագրային հավելվածների արտոնագրման դրույթը, որը ավելի ստույգ նշում է, որ դեպքում են այդ հավելվածները, համակարգչային ծրագրերը գրանցվում։  Եթե դրանք ունեն տեխնիկական բնույթ, և գյուտերին բնորոշ արտոնագրաունակության  պայմանները բավարարում են, այսինքն՝ նոր են, ունեն արդյունաբերական կիրառելիություն և  գյուտարարական մակարդակ, ապա գրանցվում են»։

Նախկինում ծառայողական գյուտերը պատկանում էին հեղինակին, եթե այլ բան նախատեսված չէր գործատուի հետ պայմանագրում։ Այժմ  ծառայողական գյուտերի արտոնագիրը պատկանում է գործատուին, դարձյալ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Հիմքում այն փաստարկն է, որ իրավաբանական անձը՝ գործատուն, արտոնագիրը կյանքի կոչելու ավելի շատ հնարավորություններ ունի, հետևաբար, արտոնագիրը գործատուին տրամադրելու դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ գյուտը կներդրվի։ Հեղինակներն իրենց ստեղծած գյուտի համար արդեն օրենքով և պայմանագրով կարող են հավակնել նախատեսված  վարձատրությանը։ Օրենքում նաև հստակեցված է, թե որ դեպքում է նորարարությունը պաշտպանվում հեղինակային իրավունքով, որ դեպքում՝ որպես գյուտ․

«Եթե կոդ է, ապա հեղինակային իրավունքով է։ Եթե դրա լուծումն է, ունի տեխնիկական բնույթ, ապա  դա որպես գյուտ է պաշտպանում, եթե հավելվածի արտաքին տեսքն է՝  էկրանի կամ կայքի, դա որպես արդյունաբերական դիզայն կարող է պաշտպանվել»։ 

Եթե միջազգային պրակտիկայում մտավոր  սեփականության իրավատերերը սահմանվում են աշխատանքային պայմանագրով, ապա Հայաստանում այդ մեխանիզմը դեռևս լիարժեք ներդրված չէ։ Պայմանագրով սահմանվում է՝ ում է պատկանում աշխատանքային պրակտիկայի ընթացքում ստեղծված ցանկացած նորարարություն, գյուտ և նորություն։ Սահմանվում է  նաև գործատուի և աշխատողի հեղինակության և համահեղինակության հարաբերությունը։ Աշխատանքային պայմանագրի հավելվածում մտավոր սեփականությանը վերաբերող կետերով հստակ նշվում է՝ ով է հեղինակը, համահեղինակը և որքան է վարձատրվում, քանի տոկոսով իրավունք ունի տվյալ գյուտի առևտրայնացման հարցում։ Սա կարևոր է՝  հետագայում պատվերներ ստանալու, լիցենզիա տրամադրելու կամ գյուտն օտարելու գործընթացներից հեղինակին կամ աշխատակցին գործընթացից  դուրս չթողնելու առումով։ Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Շուշիկ Մխիթարյանը սեփական օրինակն է բերում․ ուսանող ժամանակ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում աշխատանքի էր անցել և իրենց առաջարկած պայմանագրում անգամ համահեղինակության մասին խոսք չկա, հետևաբար, կատարված աշխատանքի թարգմանությունը, միջազգային հանդեսներում տպագրությունը և կիրառելիությունից ստացված հոնորարը պատկանում էր միայն ծառայությանը․  

«Երկրորդ տարվա  մեջ  բաժանեցին պայմանագրեր, որ ցանկացած աշխատության  հեղինակությունը պատկանում է Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը։ Մեր աշխատակիցներից երկու հոգի պարզապես չստորագրեցին պայմանագիրը և դուրս եկան աշխատանքից՝ համարելով, որ իրենց կատարած գիտական, գիտահետազոտական աշխատանքը սեյսմոլոգիայի ոլորտում պատկանում է միայն իրենց և ոչ գործատուին»։

Համաշխարհային պրակտիկայում արտոնագրերը տեղական բնույթ ունեն։ Դրանք գործում են միայն տվյալ երկրում, իսկ միջազգային շուկա դուրս գալու համար տվյալ ընկերությունը կամ բուհը պետք է առանձին հայտ ներկայացնի՝ այդ երկրի օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով արտոնագիր ստանալու համար։ Եթե մեկ տարում հայտը չեն ներկայացնում, նորության առաջնության իրավունքը կորցնում են, հետևաբար, իրենց առաջնությունը ֆիքսելու համար հայկական հայտի վրա չեն կարող հիմնվել։

Ցուցադրել ավելի
Back to top button