ԿարևորՀասարակություն

ՌԴ–ն առաջարկել է «սկսել զրոյական կետից»․ Հայաստանը համաձայնել է

Հայաստանի իշխանությունը պահանջ չի ներկայացնում Ռուսաստանին, պարզապես ցանկանում է, որ ՀՀ և ՌԴ միջև 1997 թվականի կնքված պայմանագրի բոլոր կետերը կատարեն։ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսպես է մեկնաբանել մեր երկրի ակնկալիքները, իսկ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է, թե ինչպես պետք է հասկանալ Հայաստանի դիմումը Ռուսաստանին և նրանից ստացված առաջարկը։

Ի՞նչ գիտեք պատգամավորները Ռուսաստանից արված առաջարկի մասին․ հարցն այսօր  քննարկվել է խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում։

Իշխող թիմում մասամբ են տեղյակ, թե ինչ է առաջարկել Ռուսաստանը Հայաստանին և ստացել համաձայնություն։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ էդուարդ Աղաջանյանը չի կիսում գնահատականը, թե իրավիճակը հիշեցնում է  ԵԱՏՄ–ին անդամակցելու գործընթացը, երբ մեկ գիշերում Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց․

«Համեմատությունը բացարձակ տեղին չէ։ Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ–ն հետաքրքրված և շահագրգռված է այս գործընթացը սկսելու մեջ։ Հայաստանը ընդունել է այդ առաջարկը, այդ մասին գրավոր ծանուցել է ռուսական կողմին։ Բովանդակության մասին այսօր վաղ է խոսել, մենք խոսում ենք նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին։ Տեխնիկական որոշ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո կձևավորվի հանձնաժողով, և աշխատանքները կսկսվեն»։  

Սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներից տեղյակ է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը․

«Որոշ չափով տեղեկացված եմ։ Խոսքը «զրոյական կետից» սկսելու մասին է, և ՀՀ–ն տվել է իր համաձայնությունը այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար։ Վարչապետը դրա մասին է ասել»։

Ընդդիմադիր պատգամավորների իմացածն ավելի քիչ է։ Ասում են՝ դրա համար էլ վստահ չեն, թե իշխանությունը ճիշտ որոշում է կայացրել։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը կասկածելի է համարում հենց հրադադարի հաստատման հիմքերը։ Պատգամավոը չունի պատասխան, թե որն է եղել հրադադարի գինը և, իրականում, ինչի շուրջ է կայացել համաձայնությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ։ Ասում է՝ սպառնալիքները Հայաստանի և Արցախի շուրջ՝ պահպանվում են։  

«Սա ասում եմ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններն առ այն, որ Հայաստանը չունի մանևրելու այլ հնարավորություն։ Այդ հայտարարություններից նաև տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանին ուղղակի ժամանակ է տրվել՝ համաձայնելու Ադրբեջանի նախապայմաններին կամ գործընթացներին, որոնք տեղավորվում են ադրբեջանական շահերի տիրույթում»։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ այժմ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե գործընթացը տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր շահերի ներդաշնակեցման շրջանակում։ Գործընթացի առնչությամբ կասկածներ ունեն նաև «Հայաստան» խմբակցությունում։ Արծվիկ Մինասյան․

«Մենք հիմա կարող ենք բազմաթիվ ենթադրություններ անել, բայց մի բան շատ հստակ է իրավունք չունենք հակառակ Հայաստանի Սահմանադրության, հակառակ միջազգային իրավունքի նորմերի որևէ բան պայմանավորվել՝ գրավոր, թե բանավոր, փոխանակման սխեմայով, թե այլ բան կլինի, իրավունք չունենք, պարզապես։ Հարցը հետևյալն է՝ ի վերջո ինչի»ն է նա համաձայնություն տվել, որովհետև ամեն անգամ մենք մի նոր անակնկալի ենք գալիս»։

Ժողովրդի թիկունքում որոշումներ չեն ընդունվում, բայց ակնհայտ է, որ բանակցությունները չեն կարող հրապարակային լինել։ «Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանն է ասում․

«Դուք գիտե՞ք պրակտիկայում որևէ դեպք, երբ բանակցությունները՝ հատկապես այս բնույթի, տեղի են ունենում հանրային։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ իրավիճակի հետ գործ ունենք, ինչ կարևորության, ինչ նրբությունների, գործ ունենք մարդկային կյանքերի հետ, գործ ունենք շատ լարված իրավիճակի հետ։ Ցանկացած քննարկման ցանկացած դրվագ շատ կարևոր է, որ դրանք չխոչընդոտվեն, չխաթարվեն։ Ունենք փաստաթղթերի արտահոսքի դեպքեր։ Դրանք տեղ–տեղ սևով ծածկվել են ու ներկայացվել բոլորովին այլ բան։ Իհարկե, հետո տեսել են՝ ինչ է եղել, բայց դրանք բարդ գործընթացների վրա բացասական ազդեցություն են ունենում և չեն նպաստում պետական շահին։ Մեր երկրի ներսում էլ կան բազմաթիվ խմբեր, խմբակներ, որոնք ամեն ինչ անում են գործընթացները խափանելու և, ըստ այդմ, ներքաղաքական դիվիդենտներ շահելու համար»։

Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ՝ գաղտնիություն անհրաժեշտ է՝ նաև անվտանգության այլ խնդիրներից ելնելով․

«Գաղտնիությունը խիստ անհրաժեշտ է, որովհետև առնչվում է սահմանում տեղակայված ուժերի դասավորությանը այս պահի դրությամբ ևս։ Եվ դա պետք է արվի շատ զգույշ, որպեսզի կրակելու նոր օջախներ չառաջանան»։

«Պատիվ ունեմ» խմբակցությունում մտավախություն ունեն, որ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակում 1–2 տարի հետո սահմանագծումն ու սահմանազատումն անիմաստ կլինեն։ Ադրբեջանն իր սադրանքներով աստիճանաբար հասնում է ցանկալի արդյունքի,–ասում է խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Նա կասկածի տակ է դնում գործընթացին վերաբերող փաստաթղթերը․

«Այդ ինչպես է ստացվում, որ գրեթե մեկ տարի իշխանական թիմն ուսումնասիրում է խորհրդային քարտեզներ ասվածը, բայց երեկ ՖԲ–ում հայտնի դարձավ, որ, օրինակ, Գորիս–Կապան ճանապարհը գտնվում էր սովետական Հայաստանի սահմաններում։ Առկա է փաստաթուղթ Քոչինյանի ստորագրությամբ, որը բնականաբար, ունի նաև վերադասի հիմք, ու դա չէր կարող լինել միայն սովետական Հայաստանի կողմից հաստատված փաստաթուղթ։ Այդ ինչպե՞ս է, որ գիտական հանրույթը, գիտական խմբերը կարողանում են գտնել այդ փաստագրական հիմքերը, իսկ իշխանական ապարատը՝ գործադիրով, խորհրդարանի փորձագետներով, չեն կարողանում դա անել»։

Բացի քարտեզների վիճահարույց լինելուց, կա ևս մեկ հարց, որի պատասխանը հանրությունը դեռ չի ստացել։ Խոսքը վերջին ռազմական գործողություններից հետո ՌԴ–ից ստացված առաջարկի մասին է՝ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ։ «Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ստանալու աջակցություն, որպեսզի, առաջին հերթին, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ դիմումը և ստացված առաջարկը այս կոնտեքստում է պարզաբանում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ որպես հարցի լուծման վերջնաժամկետ նշելով սահմանագծման և սահմանազատման աշխատանքների ավարտը։

Ցուցադրել ավելի
Back to top button