ԿարևորՀասարակություն

Ուղիղ հաղորդագրություն Էրդողանից․ Ռուսաստանի տարածքները՝ «թուրքական աշխարհ»-ի քարտեզում

Թուրք ազգայնականները պարբերաբար «թուրքական աշխարհ»-ի քարտեզներ են տարածում՝ տարբեր սահմաններով ու ուրվագծերով։ Դրանք վերլուծաբաններին արդեն չեն զարմացնում ։ Քարտեզներից վերջինը, սակայն, ոչ թե քաղաքական գործիչների, պատգամավորների կամ վերլուծաբանների, այլ հենց իշխանության առաջին դեմքի ձեռքին է։ Ուղիղ հաղորդագրություն՝ Էրդողանից․ վերլուծաբաններն այսպես են մեկնաբանում վերջին քարտեզը, որում թուրքական տարածքային հավակնությունները հասել են Ռուսաստան ու Չինաստան են հասնում։

                                                                                                                       

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և երկրի քաղաքական լիդերներից «Ազգայնական շարժում կուսակցության» ղեկավար Դևլեթ Բահչելին իրենց ձեռքում պահել են քարտեզ։ Քարտեզում թյուրքական աշխարհն է, որը ներառում է նաև ներկայիս ՌԴ-ի մի զգալի հատված։

Նման քարտեզ առաջին անգամ չի նկարվում, սակայն այս անգամ այն ոչ թե պարզապես տարածվում է, այլ ի ցույց աշխարհի գտնվում է երկրի ղեկավարության ձեռքում։ Սա Թուրքիայի իրական հավակնությունների նկարված տարբերակն է, ասում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը․

«Սա քայլ առաջ է եթե նախկինում նման քարտեզներ շրջանառում էին պատգամավորներ, ոչ իշխող կուալիցիայի անդամներ և այլն, հիմա այդ քարտեզն իր ձեռքին պահում է Թուրքիայի նախագահը, շատ լավ իմանալով, որ այդ քարտեզում ներառված են այլ ինքնիշխան պետությունների՝ առաջին հերթին՝ Ռուսաստանի տարածքներ։ Սա արդեն այլ մակարդակ է, սա հավակնություն է այլ երկրի, տվյալ պարագայում՝ ՌԴ–ի տարածքային ամբողջականության նկատմամբ, որը խախտում է միջազգային տարատեսակ նորմերը»։

Պանթյուրքիզմի, Մեծ թուրանի գաղափարախոսությունը Ռուսաստանի համար նորություն չէ, սակայն նախագահի ձեռքում գտնվող քարտեզն արդեն գրեթե մարտահրավեր է, ինչը, թուրքագետի խոսքով, չի կարող պատահականություն լինել․ասում է՝ Թուրքիան քարտեզներին երբեք մատների արանքով չի նայում․

«Ընդհանրապես թուրքերը, ադրբեջանցիները շատ զգայուն են նման քարտեզների հանդեպ։ Իրենց համար, օրինակ, մեծ խնդիր է Մեծ Հայքի քարտեզը, Սևրի դաշնագրող նախատեսվող քարտեզը, Սիրիայի քարտեզը, որտեղ ընդգրծկված է Սիրիայից 1939 թ խլված մի նահանգ և այն։ Այսինքն՝ իրենք շատ զգայուն են այդ հարցերի նկատմամբ և ես ուղղակի բացառում եմ, որ այս քայլը անելիս իրենք չեն իմացել հարցի նրբերանգները։ Սա բացահայտ ակնարկ է, և թիրախը այս պարագայում առավելապես ՌԴ–ն է»։

Թուրքագետի դիտարկմամբ՝ Թուրքիան օր օրի ավելի ագրեսիվ, սանձարձակ է դառնում, իսկ Ռուսաստանը թուլացնում  է զսպող մեխանիզմները։ Այս դեպքում ռուսական ԱԳՆ-ից որևէ պաշտոնական արձագանք չկա, քննարկումը ծավալվում է բացառապես վերլուծաբանների ու լրագրողների շրջանում։ Հավակնությունների մասին բացահայտ ակնարկներից բացի՝ Թուրքիան ինտենսիվ աշխատում է նաև ներսում՝ հենց Ռուսաստանում բնակվող թյուրքալեզու ժողովուրդների միջոցով․

«Տարբեր թյուրքալեզու ժողովուրդներով բնակեցված տարածքներում Թուքիան տարատեսակ միջոցառումներ է անում, ազդեցությունը ավելացնելու քայլեր է ձեռնարկում, դա նույնիսկ անզեն աչքով կարելի է նկատել և՛ Թաթարստանում, և՛ Ռուսաստանի այլ սուբյեկտներում։ Գերակտիվ է Թուրքիան Ռուսաստանի գիտական շրջանակներում, հատկապես արևելագիտության, թուրքագիտության մեջ, որտեղ մեծ ֆինանսներ է ներդնում և դրա դիմաց ստանում է ռուսաստանյան գիտնականների լոյալությունը իր հայացքների, իր տեսակետների հանդեպ»։

Քարտեզի հեղինակի ղեկավարած «Ազգայնական շարժում» կուսակցությունը ստեղծվել է անցյալ դարի 60-ականներին։ Ազգայնամոլական գաղափարներով այս կուսակցությունը թուրքական ընտրազանգվածի համար միշտ էլ եղել է ընդունելի՝ ստեղծումից հետո գրեթե միշտ ներկայացված է եղել խորհրդարանում։ Այն հանդես էր գալիս առանձին, իսկ վերջին տարիներին Էրդողանի ղեկավարած կուսակցության հետ դաշինքով։ Մելքոնյանը ամփոփում է՝ ռասիստական, ցեղասպան գաղափարախոսությամբ կուսակցությանը գաղափարակից է ինչպես իշխանությունը, այնպես էլ ժողովուրդը։

Աղմկահարույց քարտեզը վկայում է՝ թուրքական աշխարհը ներառելու է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Չինաստանի որոշ տարածքներ։ Սակայն մասնագետի գնահատմամբ՝ Չինաստանն ավելի ագրեսիվ ու հստակ է արձագանքում նման քայլերին, քան Ռուսաստանը․

«Թուրքիան մի երկիր է, որը սպառնալիք է աշխարհի շատ երկրների համար, ուղղակի Հայաստանն է, որ առաջամարտիկն է Թուրքիայի հետ պայքարի, և թուրքական սպառնալիքը աշխարհին տասնամյակներով ներկայացնում է, բայց այդ աշխարհը փորձում է չնկատել, մինչև որ սպառնալիքը ուղիղ հասնում է իրենց սահմաններին»։

Չնայած Թուրքիան ու Ռուսաստանը ոճային տարբերություններ ունեն և վերջինը նախընտրում  է էմոցիաներից զերծ, առավել սառը արձագանքները, թուրքագետը կարծում է, որ սա առնվազն իմիջային առումով իրական սպառնալիք էր դաշնակից Ռուսաստանին և հույս ունի, որ թեկուզ զուսպ ձևակերպումներով արձագանք, այնուամենայնիվ, կլինի։

Ցուցադրել ավելի
Back to top button