ԿարևորՀասարակություն

«Հայաստան» հիմնադրամն իրականացնում է Սյունիքի համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր

Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Սյունիքի մարզում մեկնարկել է համայնքային, կրթական և սոցիալական նշանակության մի շարք խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր: Հիմնադրամի աշխարհասփյուռ գործընկերների միջոցներով՝ առաջին փուլով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում տեղադրվում են արևային ջրատաքացուցիչներ:

  • Պատերազմից հետո սահմանամերձ դարձած Շուռնուխ գյուղը տնտեսապես անկում է ապրել: Գյուղը միացված չէ գազամատակարարման ցանցին, էլեկտրականությունից օգտվելու համար էլ բնակիչների գումարը չի բավարարում: Արևային ջրատաքացուցիչների շնորհիվ՝ բնակիչները ջուր տաքացնելու համար այլևս ստիպված չեն լինի փայտ վառել: Այստեղ արևային ջրատաքացուցիչներով կապահովվեն գյուղի բոլոր ընտանիքները: Էլեկտրաէներգիայի նման խնայողությունը էապես թեթևացնում է բնակիչների հոգսաշատ առօրյան:
  • Այսուհետ Խոզնավար գյուղը ևս կօգտվի արևային էներգիայից: Տներից 33–ում արդեն իսկ տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրել նաև համայնքային նշանակության կառույցների վրա:
  • Արավուս համայնքում արդեն 13 տուն ապահովված է արևային ջրատաքացուցիչով: Օգնությունը դրամական չէ, բայց գումար է խնայում. 150 բնակիչ կազատվի տաք ջրի համար պահանջվող ծախսերից՝ շուրջ 70% նվազեցնելով գազի ծախսը:
  • Ծրագրից անմասն չմնաց նաև Դավիթ Բեկ համայնքը: Այստեղ կտեղադրվի նաև 109 արևային ջրատաքացուցիչ: Արևի ջերմությունը պատերի ներսում պահպանելու համար, փոխվել են նաև համայնքի դպրոցի դռներն ու լուսամուտները, ամրացվում է տանիքը։ Նույն աշխատանքները կտարվեն Ճակատեն համայնքում:

Այսուհետ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանձնակի ուշադրություն կդարձնի Սյունիքի մարզի համայնքների առաջնային խնդիրներին:

Հանրապետության նախագահ, Հիմնադրամի հոգաբարձուների խորhրդի նախագահ Արմեն Սարգսյանն, այցելելով Սյունիքի մարզի համայնքներ և հանդիպելով համայնքապետերի հետ, նրանց առաջարկել էր ներկայացնել տեղեկություններ համայնքների առաջնային խնդիրների մասին: Նախագահը պատրաստակամություն էր հայտնել հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:

Քննարկումների արդյունքում՝ մի շարք խնդիրների լուծման նպատակով կազմվել էր հատուկ ծրագիր, որն իրականացվում է փուլ առ փուլ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի համատեղ ուժերով: Կգործադրվեն բոլոր միջոցներն ու ջանքերը՝ մեր համայնքների ու հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button