ԿարևորՀասարակություն

Հայաստանում ինժեներների թիվը գերազանցում է 20.000-ը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նոյեմբերի 19-ին ներկա է գտնվել Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կազմակերպած «Silicon Mountains 2021» տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովին:

Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Դր. Չի-Ֆուն Չանը, ով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար արժանացել է Global IT Award 2020 ՀՀ պետական մրցանակի:

Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Նա շնորհավորել է Դր. Չի-Ֆուն Չանին նման բարձր պարգեւի արժանանալու համար՝ նշելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել տեխնոլոգիական ոլորտի հանրահայտ մարդկանց, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել համաշխարհային տեխնոլոգիական զարգացման վրա:

Խոսելով ոլորտի զարգացման մասին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ նախորդ գագաթնաժողովից հետո նորաստեղծ հարյուրավոր ընկերություններ ստացել են պետական հարկային արտոնություններ. «Ունենք Հայաստանում հիմնված եւ գործող մեկ միլիարդ դոլարը գերազանցող կապիտալով ընկերություն»,-որպես ոլորտում կարեւոր ձեռքբերում՝ ընդգծել է Հակոբ Արշակյանը եւ հավելել, որ նման ընկերությունները մեր երկրի զարգացման շարժիչ ուժն են:

«Հայաստանում ինժեներների թիվը գերազանցում է 20.000-ը, ինչը խոստումնալից է հաջորդ տարիներին ոլորտում առավել մասշտաբային աճ արձանագրելու համար»,-ասել է Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալը ոլորտի զարգացման առումով շեշտել է պետական հոգածության, սկսնակ ընկերություններին աջակցող պետական ծրագրերի կարեւորությունը եւ ներկայացրել տեխնոլոգիական կրթության զարգացման հարցում կատարվող քայլերը:

«Խնդիր ունենք Հայաստանում միջին եւ բարձր մակարդակի, փորձառու պրոֆեսիոնալների ներգրավման: Մեր բոլոր ընկերությունները փաստում են այս մարտահրավերը»,-շեշտել է խորհրդարանի փոխխոսնակը: Այս առումով նա տեղեկացրել է, որ «Օտարերկրացիների մասին» եւ այլ օրենքներում ընդունված փոփոխությունները դյուրացնում են Հայաստանում արտասահմանցի մասնագետների համար ապրելու եւ աշխատելու իրավունքի տրամադրման գործընթացը: 2022 թ. հունվարից առցանց հարթակի միջոցով գործատուները եւ մասնագետները կարող են դիմել եւ ստանալ ապրելու եւ աշխատելու իրավունք:

Գագաթնաժողովի ընթացքում ելույթ են ունեցել նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր համատնօրեն Դր. Չի-Ֆուն Չանը: Քննարկվել են խելացի լուծումների կիրառման եւ տնտեսության թվայնացման հեռանկարները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղությունները, թվային տեխնոլոգիաների անհրաժեշտությունը բիզնես ոլորտում, թվային տնտեսության մարտահրավերները:

Ցուցադրել ավելի
Back to top button