ԿարևորՀասարակություն

Հայաստանն ու Վիետնամը կհամագործակցեն կրթության և գիտության ոլորտներում

Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին միաձայն քվեարկությամբ վավերացրել է «ՀՀ կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Այն ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 5-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում` կրթության և գիտության բնագավառում երկու երկրների համագործակցությունը խթանելու և զարգացնելու նպատակով:

Նախագիծն Ազգային ժողովում Կառավարության կողմից ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով ընդգծել է, որ այս համաձայնագիրը կրթության ոլորտում միջպետական երկկողմ մակարդակով համագործակցության զարգացման հերթական համաձայնագիրն է. «Ուրախությամբ փաստեմ, որ կրթության և գիտության ոլորտներում մենք ունենք տասնյակ համաձայնագրեր, սակայն մի քանի երկրների հետ է, որ առկա են նաև փոխանակման ծրագրեր: Վիետնամը համալրում է այդ ցանկը»:

Համաձայնագրով նախատեսվում է իրականացնել փոխանակման ծրագրեր հետազոտողների, դասախոսների, դասավանդող անձնակազմի, ուսանողների և աշակերտների միջև: Փոխադարձության սկզբունքով Հայաստանն ու Վիետնամը պարտավորվում են կրթաթոշակային 5 տեղ տրամադրել մյուս երկրի ուսումնական և հետազոտական հաստատությունների ուսանողներին, դասավանդող անձնակազմին, դասախոսներին և հետազոտողներին՝ բակալավրի, մագիստրոսի, դոկտորանտուրայի և ինտերնատուրայի ծրագրերով ուսում ստանալու նպատակով:

Ա. Մարտիրոսյանն ընդգծել է, որ համաձայնագիրը կնքվում է բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման քաղաքականության շրջանակում՝ ուղղված ՀՀ բուհերի միջազգայնացմանը, հայ ուսանողների ու գիտամանկավարժական շրջանակի համար տարբեր երկրների բուհերում սովորելու և ակադեմիական շարժունակության ապահովմանը, օտարերկրյա ուսանողների թվի և աշխարհագրության ընդլայնմանը, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների մեծացմանը:

«Այդ քաղաքականության իրականացման միջոցներ են ինչպես միջբուհական անմիջական համագործակցության խթանումը և միջազգային բազմակողմ ձևաչափերը, այնպես էլ երկկողմ ձևաչափերը՝ տվյալ դեպքում հայ–վիետնամական համաձայնագիրը: Այս քաղաքականությունը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարության» թիրախային ցուցանիշներից, որը ենթադրում է միջազգային վարկանիշավորման լավագույն 200 բուհերի ցանկում ՀՀ առնվազն 3 բուհերի ներառում 2050 թ.–ի համար»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Համաձայնագրով՝ կողմերը պարտավորվում են խրախուսել և աջակցել բարձրագույն ուսումնական և հետազոտական, կրթական հաստատություններում պետական լեզվի, գրականության, պատմու­թյան և մշակույթի ուսումնասիրմանը և դասավանդմանը, աշակերտների, ուսանողների, դասավանդող կազմի, դասախոսների և հետազոտողների, մեթոդաբանական ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը:

ՀՀ-ն և Վիետնամը պարտավորվում են իրականացնել կրթության և գիտության ոլորտի փորձագետների պատվիրակությունների փոխանակում՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով, ինչպես նաև համապատասխան տեղեկատվության փոխանակում՝ կող­մերի հաստատությունների կողմից տրվող որակավորումների համարժեքությու­նը սահմանելու համար, և աջակցել դրանց փոխադարձաբար ճանաչ­մանը:

Համաձայնագրի կիրարկումը թույլ կտա սերտացնել համագործակցությունը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ կրթության և գիտության բնագավառում, ստեղծել կրթագիտական համատեղ ծրագրեր իրականացնելու և համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու նոր հնարավորություններ:

Ցուցադրել ավելի
Back to top button