ԿարևորՀասարակությունՔաղաքական

ԵԱՏՄ երևանյան նիստը՝ առանց անվտանգային խնդիրների

Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ուղղված հարցերը։ Անդրադարձ է եղել  փոխադարձ առևտրի կարգավորումներին, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման ծրագրերին, ստորագրվել են փաստաթղթեր։ ՀՀ վարչապետը նիստի մեկնարկին  խոսել է Հայաստանի անվտանգությանը սպառնացող մարտահրավերների մասին։

Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների՝ Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկլոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման փաստերին ու  շփման գծում ծավալված մարտական գործողություններին․

«Հայաստանը բախվում է իր անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավերների։ Մեր տարածաշրջանը ներքաշվեց լարվածության նոր փուլի մեջ, որը, ցավոք, հանգեցրեց մարդկային հերթական կորուստների։ Դրա պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը, որի ռազմական սադրանքներն ուղղված են մեր երկրի տարածքային ամբողջականության խախտմանը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների վիժեցմանը»։

Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ներխուժմամբ պայմանավորված մարտական գործողություններին, սակայն,   նիստի ընթացքում որեւէ անդրադարձ չեղավ։  ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հավատարիմ մնացին օրակարգի տառին ու ոգուն։  Քննարկումը եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման ու ամրապնդման հարցերի շուրջ էր։

ԵԱՏՄ նախագահող,  Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը շեշտադրեց, որ  2021 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով` Միության երկրներում արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալը գերազանցել է 620 միլիարդ դոլարը, ինչը 5 տոկոսով ավելի է, նախորդ տարվա ցուցանիշից։ Ղազախստանի վարչապետի խոսքով՝ 2015–ից ՝ կառույցի ձևավորումից ի վեր ԵԱՏՄ երկրների միջև առևտրային խոչընդոտների շուրջ 80%-ը վերացել է:  Չնայած համավարակին՝ այս տարվա առաջին ինն ամիսների  ցուցանիշները դրական դինամիկա են արձանագրել։

«Չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ ԵԱՏՄ երկրների միջեւ առեւտրի աճի տեմպ  է նկատվում։ Փոխադարձ առեւտուրը երկրների միջեւ այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում  2.5 տոկոս է եւ կազմում է 52 մլրդ դոլար։ Երկրների միջեւ առեւտրի ծավալը ավելացել է 35 տոկոսով»։

Մամինը նշեց, որ խոչընդոտները հետևողականորեն կվերացվեն, այդ նպատակով է կազմվել մինչև 2023 թվականի ժամանակացույցը:

ԵԱՏՄ–ն կզբաղի վերականգնվող էներգիայի հզորությունների ստեղծման և էներգիայի կուտակիչների թողարկման ծրագրի իրականացմամբ, ինչը  մինչեւ 2025 թ․  իրականացվելիք արդյունաբերական կոոպերացիայի ընդհանուր ռազմավարության մի մասն է՝ ասաց միությունը նախագահող երկրի վարչապետը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն ամփոփեց ընդհանուր հայտարարի բերված որոշումները․

«Այսօր շատ կարեւոր որոշումներ են ընդունվել՝ հիմնականում նախորդ նիստերի ժամանակ ներկայացված հանձնարարականների ու առաջարկների հիման վրա։  Մասնավորապես, խոսքը վերաբերում է  Եվրասիական տրանսպորտային միջանցքներին ու երթուղիներին, ինչը կարեւոր է ապրանքների տեղափոխման համար»։

Անդրսահմանային էլեկտրոնային առևտրի ծավալի աճը նոր խնդիրներ է առաջացնում և արդյունավետ լուծումներ պահանջում ապրանքների անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հարկային և մաքսային եկամուտների ապահովման համար։

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ կառույցի շրջանակում մինչեւ 2025թ.–ն առեւտրի շուրջ մեկ երրորդը կիրականացվի էլեկտրոնային տարբերակով ։

ՀՀ վարչապետի վստահեցմամբ՝ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ աշխատանքի համար։

Չշրջանցվեց նաեւ Քովիդի դեմ պայքարում  քայլերի ներդաշնակեցման հարցը։ Ռուսաստանի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վստահեցրեց՝ իր երկիրը կշարունակի օգնել Եվրասիական միության անդամներին պատվաստանյութերի արտադրության հարցում։

Երևանում  կայացած նիստը 29-րդ էր ԵԱՏՄ-ի աշխատանքը սկսելուց ՝ 2015 թվականի հունվարի 1-ից ի վեր և չորրորդը՝ այս տարվա ընթացքում։ Հանդիպմանը, բացի Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի վարչապետերից, որպես դիտորդ պետություններ՝ մասնակցում  էին նաեւ Ուզբեկստանի և Կուբայի ներկայացուցիչները։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա  2022թ. հունվարին՝  Ալմաթիում։

Ցուցադրել ավելի
Back to top button