ԿարևորՄշակույթ

Ադրբեջանը Շուշիին կապող ճանապարհներին ոչնչացվում է հայկական ժառանգությունը

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը ակտիվորեն ճանապարհներ է կառուցում։ Շինաշխատանքների համար հատվում են մեծաթիվ ծառեր, կատարվում են հարթեցում, պայթեցումներ, քանդվում են խոչընդոտող կառույցները։ Այս վտանգն սպառնում է բոլոր հուշարձաններին, մշակութային կոթողներին։ «Ռադիոլուր»-ի զրուցակից Արցախի մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն ասում է ճանապարհային նոր քարտեզով Ադրբեջանը հայկականն ավերելու հստակ նպատակ ունի․

«Պատերազմից հետո Ադրբեջանը օկուպացված տարածքներում շտապելով, ցայտնոտի մեջ ընկած ենթակառուցվածքներ ու ճանապարհներ է կառուցում։ Սա շատ վատ է, որովհետև այս ամենը կառուցվում է հուշարձանները հողին հավասարեցնելով, գերեզմաններ հարթեցնելով։ Բայց սա մեզ չի հուսահատեցնում, շարունակում ենք պայքարել։ Ադրբեջանի նման շտապողականությունը խոսում է այն մասին, որ նրանք, գուցե, վախենում են այս ամենը կորցնելուց»,-ասում է Լուսինե Ղարախայանը։

44-օրյա պատերազմից սկսած ճանապարհաշինական երկու խոշոր նախագծերով  Ադրբեջանն ուզում է Շուշի տանող մայրուղիներ և ենթակառուցվածքներ ստեղծել։ Դրանցից մեկը՝ «Հաղթանակի ճանապարհ» անունով, ադրբեջանցիների համար գաղափարական նշանակություն ունի։ Անունը տվել է Ալիևը, իսկ հիմնարկեքը կատարվել է 2020 թվականի նոյեմբերի 16-ին:  Այն լինելու է Շուշին ուղիղ Բաքվին կապող ճանապարհ, որը շրջանցելու է ռուս խաղաղապահների և հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Այս ճանապարհին խաչվելու է նոր կառուցվող մեկ այլ ճանապարհ՝ Ֆիզուլի-Շուշին։ Առաջին ճանապարհն ունենալու է երթևեկելի երկու, երկրորդը՝ վեց գոտի: Ճանապարհների շինարարությունը կատարում են ադրբեջանական և թուրքական ընկերություններ։ Թուրքականներն ունեն բարդ ճանապարհաշինական աշխատանքներ կատարելու մեծ փորձ: Դրանցից են Azvirt,  «KOLİN» İnşaat Turizm San կազմակերպությունները: Լուսինե Ղարախանյանը լավատես է։ Ասում է՝ այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում․

«Բռնի ձևով են օկուպացվել մեր գյուղերը։ Սզնեք գյուղի մոտ հիմա ադրբեջանական դիրք է, որի պատճառով մեր դպրոցականները դպրոց չեն կարողանում գնալ, զուգահեռ ճանապարհաշինական աշխատանքներ են գնում, բայց հոգեբանական դիմադրություն մենք ցույց ենք տալիս»,-նշում է նախարարը։

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի տվյալներով՝ ճանապարհաշինական աշխատանքների պատճառով վտանգված են Մոշխմհատ գյուղից ոչ հեռու գտնվող Թուխնակալ ապարանքը, Հեղինեի քույր սրբատեղին, Մադաթաշեն գյուղի սբ․ Աստվածածին եկեղեցին, գերեզմանատունը, Ավետարանոց գյուղի կամուրջը, Մեծ թաղեր գյուղի մոտ՝ Իշխանագետի վրա կառուցված  Տահիսի կամուրջը։ Շինարարական աշխատանքների ճանապարհին ավերվել է Ազոխ գյուղի հուշահամալիրը՝ նվիրված Ցեղասպանության, Մեծ հայրենականի և արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին։ Սղնախ գյուղի հատվածում կառուցվում են ստորգետնյա մեծ թունելներ: Ոչնչացվել և հարթեցվել են  Մեծ Թաղեր գյուղի հյուսիսարևմտյան մեծ գերեզմանատան և «Մակուն» կամրջի տարածքները։ Monumentwatch.org կայքն արձանագրում է․ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելիս մշակութային կոթողներ ավերելու այս քաղաքականությամբ Ադրբեջանը խախտում է Հաագայի, Ժնևի և ՄԱԿ-ի գրեթե բոլոր կոնվենցիաները, որոնք վերաբերում են մշակութային կոթողների պաշտպանությանը։ Արցախի մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը հուսով է, որ ապագայում իրավիճակը կարող է փոխվել, քանի որ  Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025թթ․ ժամանակահատվածի համար, և սա կարող է շատ նպաստավոր լինել Հայաստանի և Արցախի համար․

«Սկսել ենք հավատալ, որ օկուպացված տարածքների կոթողների պաշտպանությունը ավելի իրատեսական է դարձել։ Հարցերը, որոնք բարձրացնում ենք, հավանաբար, ավելի արագ կհասնեն ՅՈՒՆԵՍԿՕ և մնացած միջազգային կառույցներ, հետևապես, կարող են խնդիրներին նաև ավելի արագ լուծում տրվել»,-ասում է նախարարը։

Նախարարը հույս ունի, որ միջազգային կառույցները կարող են ճնշումներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Ավելին, օրինակ, ավերածի դիմաց Ադրբեջանից փոխհատուցում ստանալու հեռանկարը նա անհավանական է համարում։

Ցուցադրել ավելի
Back to top button