ԿարևորՄշակույթ

4 հաղթանակ՝ մեկ փառատոնում․ «Դրախտի դարպասը»՝ Արցախին նայող պատուհան

«Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» և «Լավագույն միջազգային ֆիլմ»․ այս բոլոր անվանակարգերում հաղթող է ճանաչվել Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին պատմող ֆիլմը՝ «Դրախտի դարպասը»։ ֆիլմը հաղթող է ճանաչվել կանադական «Օնտարիո» միջազգային կինոփառատոնում: «Ռադիոլուր»-ի զրուցակիցը ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն է․

«Փառատոնում հաղթանակաները ինքնին խոսում են այն մասին, որ ֆիլմի պատմությունը, ֆիլմում ներկայացվող արցախյան կոնֆլիկտը արտասահմանցի հանդիսատեսը ընկալել և հասկացել է, իսկ ֆիլմը քառօրյա պատերազմի մասին է»։

Կինոռեժիսորի խոսքով՝ ադրբեջանական քարոզչամեքենան շատ ակտիվ է աշխատել ֆիլմի դեմ։ Փորձել են խոչընդոտներ ստեղծել դրա ճանապարհին։ Ջիվան Ավետիսյանն ասում է՝ այսօր մշակութային դաշտում էլ է կռիվ գնում, ու դրան պետք է դիմակայել դրսի հարթակներում, որքան կարող ենք՝ շատ, Արցախի մասին պատմելով։ Այս տեսանկյունից կինոռեժիսորը կարևորում է, որ «Դրախտի դարպաս»-ը ութ երկրների համատեղ արտադրություն է․ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ․

«Մի բան է Արցախի մասին պատմող ֆիլմն ստեղծեն հայերը, մեկ այլ բան՝ որ ֆիլմի գաղափարը հայերինն է, բայց դրա մասին պատմում են  արտասահմանցիները, քանի որ ֆիլմը 8 երկրների համատեղ արտադրության է։ Այստեղ հակափաստարկ դնելն էլ է դժվար, թե, իբր, դու իրավացի չես կամ ազնիվ չես քո պայքարում»։

Միջազգային կինոփառատոնում միանգամից 4 անվանակարգում հաղթելն արդեն փաստում է, որ ֆիլմի մեսիջը հասել է հանդիսատեսին, հուզել է նրան։ Ի սկզբանե դրված նպատակը Ջիվան Ավետիսյանը կատարված է համարում․

«Աշխատանքային սեղանին դրված մեր նպատակն էր պատմել Արցախի, հայկականի մասին ամբողջ աշխարհին, ստացվել է»։

«Դրախտի դարպասը» Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Ֆիլմն ստեղծվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: Դերասանական կազմում ընդգրկվել են Ռիխարդ Զամելը՝ Գերմանիայից, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցևասը՝ Լիտվայից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից և այլ սիրված դերասաններ՝ Հայաստանից ու արտերկրից։ Նկարահանումներն իրականացվել են Արցախում և Լիտվայում։  Ֆիլմի հայատանյան պրեմիերան կայացել է 2019թ. հոկտեմբերի 17-ին՝ Երևանում, այժմ երևանյան ցուցադրություններ չկան։ Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի խոսքով՝ այսօր աշխատում են Արցախի մասին պատմող նոր ֆիլմի վրա։ Ասում է՝  Արցախի մասին միջազգային հարթակներից խոսելը հիմա անհրաժեշտ է առավել, քան երբևէ։

Ցուցադրել ավելի
Back to top button