ԿարևորՎերլուծական

ՌԴ 4-րդ առաջարկը․ սահմանագծման ուրվագծվող սահմանները

2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման 3 առաջարկ է հնչել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է եղել ստորագրել դրանք, բայց արդեն ստացվել է չորրորդ առաջարկը և արդեն հանձնարարարականներ են տրվել։

Կառավարության այսօրվա նիստում գործադիրի ղեկավարը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հետ ճշգրտել դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ ստացված առաջարկի մանրամասները։

Այն, որ գործընթացը բանակցություններից տեղափոխվում է նոր հարթություն, ապացուցում են թե երեկ խորհրդարանում վարչապետի ներկայացրած  պարզաբանումները, թե այսօր կառավարության նիստում տրված հանձնարարականները։  

ԱԺ-ում պարզաբանումներ ներկայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից ստացել է հերթական՝ չորրորդ առաջարկը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման առնչությամբ։ Գործադիդրի ղեկավարն այն, ինչպես նախորդները,  սկզբունքորեն ընդունելի է համարում և պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին արդեն հանձնարարական է տվել․

«Երեկ իմ հայտարարություններից հետո ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են։ Պարոն Պապիկյան, ՌԴ ձեր գործընկերոջ հետ ճշգրտեք մանրամասները և փորձենք իրագործել առաջարկները ՌԴ արած առաջարկների շրջանակներում և հիման վրա»։

Կառավարության անդամները պնդում են՝ տեղյակ չեն առաջարկի մանրամասներից․ գիտեն այնքան, որքան շարքային քաղաքացիները։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն, օրինակ, հարցերի պատասխաններ չունի․

«Ես անձամբ մանրամասներին տեղյակ չեմ, կոմպետենտ չեմ այդ հարցերին պատասխանելու»։  

Ծրագիրը, որը հայկական կողմն ընդունելի է համարում, վարչապետը երեկ ընդհանուր գծերով ուրվագծեց  խորհրդարանում։ Տևական ժամանակ հնչող հարցը, թե խորհրդային որ տարիների քարտեզներով է իրականացվելու սահմանագծումը, չհստակեցրեց, բայց նախանշվեց․

«Մենք պետք է արձանագրենք մի բան․ ՀՀ կառավարությունն ուսումնասիրել է դե յուրե նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերը Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու մասին։ Այդ կարգի դե յուրե նշանակություն ունեցող փաստաթղթեր կան, գոյություն ունեն։ Եվ մեր մոտեցումները սրանով են հիմնավորվում։ Եվ ամենևին կապ չունի, թե Ադրբեջանը անկախություն ստանալիս ինքն իրեն հռչակե՞լ է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, թե՞ չի հռչակել։ Ինչո՞ւ կապ չունի, որովհետև ՀՀ–ն անկախություն հռչակել է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում և միջազգային հանրությունը ՀՀ-ին ճանաչել է որպես այդպիսին։ Հետևաբար՝ այն սահմանագիծը, որը խորհրդային ժամանակ ունեցել է դե յուրե նշանակություն, հիմա էլ ունի դե յուրե նշանակություն միջազգայնորեն»։  

Սա է նաև հիմնավորումն այն հարցի, թե ինչու է կառավարության ղեկավարը  սկսել օգտագործել ադրբեջանական «էյվազլի» և «Չայզամի» տեղանունները։ Թերևս նաև սրանով է վերջակետ դրվում քննարկումներին, թե խորհրդային որ շրջանի քարտեզներով է իրականացվելու սահմանազատման և սահմանագծման գործընթացը։  

ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Ռադիոլուր»-ին ներկայացրել էր, որ հայանպաստ են 1920-ականներին գծված քարտեզները։ Վերջին փոփոխությունները դրանցում արվել են 70-ականներին։

«Անկլավներն Ադրբեջանին են տրված դրանց մեջ։ Քանի որ ադրբեջանական անկլավները տեղակայված են մեր մայրուղիների վրա, մեր մայրուղիներից երկուսը կդադարեն դլինել մայրուղի, կկտրվեն։ Իսկ մյուս շրջանները, որոնք սահմանակից շրջաններն են, դրանք էլ, որոշ տարածքներ՝ Ալ լճերը, օրինակ, տրվել են Ադրբեջանին՝ կմնան Ադրբեջանին։  Եթե վերջին ստորագրված քարտեզներն են նայում, Ադրբեջանին տվել ենք հատվածներ 30-ական թվականներին, դրանք բոլորը կմնա Ադրբեջանին, կմնա նաև Գորիսից-Կապան Շուռնուխի ճանապարհը, որը խնդրո առարկա է»։

Իսկ Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե Ադրբեջանի հետ սահմանին սահմանապահները տեղակայվում են 1975-1976թթ. խորհրդային ռազմական քարտեզների հիման վրա։ 

Փաշինյանը երեկ խորհրդարանում խոստովանել էր՝ եղել է պահ, երբ կարծել են, որ մոտ են լուծմանը։ Թե ինչն է խանգարել՝ պարզաբանում է․

«Ադրբեջանը Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցություն ստանալու համատեքստում նկատի է ունենում Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն այնպիսի բանաձևերով, ինչպես, օրինակ, հաղոդակցությունը Գորիսի Կապանի միջև Ադրբեջանի տարածքով։ Այստեղ պրոբլեմն այն է, որ մենք այդպիսի հաղորդակցություն ստանալու կարիք, ըստ էության չունենք, որովհետև դա մեզ համար ընդամենը տեխնիկական հարց է մենք հիմա նոր ճանապարհ ունենք Երևան–Կապան և առաջիկա ամիսների ընթացքում, ինչքան էլ կարճաժամկետ բարդություններ կստեղծի, մենք կունենանք այլընտրանքային ճանապարհներ՝ Հյուսիս-Հարավը մի քիչ երկարաժամկետ է, և ճակատենի համար կունենանք այլընտրանքային ճանապարհ, և Որոտանի, և Բարձրավանի, և Շուռնուխի, և Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհ կունենանք»։

Փաշինյանի մյուս հստակեցումն առնչվում է ուղղություններին, թե որ տարածքներով ինչ ճանապարհներ են բացվելու։

«Տարածաշրջանի կոմունիկացիաների բացման արդյունքում Ադրբեջանի արևմտյան շրջանները, ինչպես գրված է, պետք է տրանսպորտային հաղորդակցություն ստանան Նախիջևանի հետ՝ երկաթուղային և ավտոմոբիլային, ՀՀ տարածքով, ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով պետք է երկաթուղային հաղորդակցություն ստանա Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Մենք Ադրբեջանի տարածքով ԻԻՀ հետ ավտոմոբիլային ճանապարհ ունենալու անհրաժեշտություն չունենք և երկաթուղային ու ավտոմոբիլային հաղորդակցություն Ադրբեջանի տարածքով ՌԴ հետ։ Ըստ էության՝ Ադրբեջանը եթե Նախիջևանի հետ է հաղորդակցություն ստանում, նաև Թուրքիայի հետ է հաղորդակցություն ստանում, այնպես որ նկատի ունեմ, այստեղ բալանսի խախտում ամենևին չկա»։

Սահմանազատման և սահմանագծման գոյություն ունեցող ծրագիրը հանրության շրջանում միաձայն չի ընդունվում։ Կան վերապահումներ և դժգոհություններ, որոնք ներկայացվում են անգամ հանրահավաքների միջոցով։ Համազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի պնդմամբ՝ գործընթացի համար Սահմանադրությունը հստակ ձևակերպում ունի։

«Ըստ ՀՀ սահմանադրության՝ սա այն հարցն է, որն առանց հանրաքվեի չի կարող քննարկվել։ Դեմարկացիային և դելիմիտացիային մենք դեմ չենք, բայց մենք կողմ ենք արդար դեմարկացիայի, դելիմիտացիայի, իրավական գործընթացների արդյունքում, ոչ թե պայմանավորվածությունների։ Մենք կողմ ենք ՀՀ իրական սահմաններով դեմարկացիայի, դելիմիտացիայի, իսկ այդ սահմաններն այսօր գտնվում են թշնամու թիկունքում»։

Միջազգային հայտարարություններին և զսպվածության կոչերին զուգահեռ պահպանվում է սահմանային լարվածությունը տարբեր հատվածներում։ Ադրբեջանը փորձում է ուժով պարտադրել իր ցանկալի լուծումները։ Անգամ ռուս խաղաղապահներին չի հաջողվում մշտապես զսպել նրանց։  Արցախում 2 քաղաքացու սպանության ու 3-ի վիրավորման փաստին Ռուսաստանը պատշաճ գնահատական չտվեց՝ հայ լրագրողի հարցին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց․   

«Գնահատականներ տրվում են, բայց պետք է հասկանալ, որ ոչ բոլոր գնահատականներն են հրապարակային, շատ բան ասվում է անմիջապես կողմերին՝ հաշվի առնելով նպատակահարմարությունը»,-ասել է Զախարովան։

Ըստ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի՝ Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում իր երկկողմանի ու բազմակողմանի պարտականություններին։ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը  նաև վստահեցնում է, որ ՀԱՊԿ-ում ևս ուշադրությամբ հետևում են իրադրությանը  հայ-ադրբեջանական սահմանին։

Ցուցադրել ավելի
Back to top button