ԿարևորՀասարակություն

Ռազմական նշանակության ապրանք արտադրող բոլոր սուբյեկտները կլիցենզավորվեն․ նախագիծ

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Զենքի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ։ Առաջարկը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարարությանն է, նպատակը՝  ռազմարդյունաբերության ոլորտի սուբյեկտների նկատմամբ պատշաճ վերահսկողությունը։

Զենքի արտադրության ոլորտում ապահովել լիակատար անվտանգություն, իսկ արտադրության ընթացքի և որակի նկատմամբ՝ ավելի խիստ հսկողություն։ Կառավարության նպատակն է, որին ծրագրում է հասնել «Զենքի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքները փոփոխելով և լրացնելով։ Գործադիրում հիմնավորում են՝ այսպիսով ավելի վերահսկելի կդառնան ռազմաարդյունաբերական համալիրի սուբյեկտները։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարարությունն իր առաջարկը հիմնավորում է այսպես․

«Զենքի մասին» օրենքը  կարգավորում է Հայաստանում քաղաքացիական, ծառայողական, ինչպես նաև ձեռքի մարտական հրաձգային և մարտական սառը զենքի շրջանառության ժամանակ ծագող հարաբերությունները: Սակայն ռազմարդյունաբերական համալիրի ոչ բոլոր սուբյեկտներն են զենք արտադրում, ինչի պատճառով ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների լիցենզավորումը կիսատ է մնում: Իսկ սա թույլ չի տալիս լիազոր մարմնի կողմից պատշաճ վերահսկել ռազմարդյունաբերական համալիրի սուբյեկտներին։

Ներկայում ռազմարդյունաբերության ոլորտում լիցենզավորված են միայն այն սուբյեկտները, որոնք զենք են արտադրում։ Իսկ ոլորտի մյուս սուբյեկտները դուրս են մնում լիցենզավորումից, ըստ այդմ՝ նաև վերահսկողությունից։  Հանրային քննարկման դրված նախագծով կառավարությունն ակնկալում է, որ բացի զենք արտադրող սուբյեկտներից՝ կլիցենզավորվեն նաև ռազմական նշանակության այլ ապրանքներ արտադրողները։

Հիմնավորման մեջ նաև բացատրվում է․ «Ռազմական նշանակության ապրանքներ» հասկացությունը նոր է, որից ելնելով տարանջատվում են քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության ու ռազմական նշանակության ապրանքների արտադրության լիցենզավորման գործառույթները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական նախարարությունն առաջարկում է   որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ դիտարկել ռազմական նշանակության ապրանքները ևս։ Կառավարության համոզմամբ՝ փոփոխությունները մի քանի կարևոր հարց են լուծելու՝ լիցենզավորմամբ ու վերահսկողությունը խստացնելով  ոլորտն ավելի լուրջ ուշադրության տակ կհայտնվի,  իսկ բյուջեի տարեկան եկամուտը կավելանա շուրջ 20 մլն դրամով:

Ի դեպ՝ զենքի արտադրության այս կարգավորումները կառավարության՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» նախագծի մեջ են դիտարկվում և կառավարության 2021-2026 թվականների  ծրագրերում են։   

«Ռադիոլուրին» նախագծի մասով Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից մեկնաբանություն չտրվեց․ ոլորտը զգայուն է, հրապարակային տվյալներ հայտնել չարժե՝ մեկնաբանեցին։

Ցուցադրել ավելի
Back to top button