ԿարևորՀասարակություն

Պատասխանատու հանքարդյունաբերություն ունենալու համար անհրաժեշտ են օրենսդրական լուրջ փոփոխություններ

Բնապահպանական ՀԿ-ները «Իրազեկում հանուն մաքուր շրջակա միջավայրի» մեդիա-արշավի շրջանակում եղել են հանքարդյունաբերության վնասներ կրած Սյունիքի, Արագածոտնի, Արարատի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում: Մեդիա-արշավն ամփոփվել է մամլո ասուլիսով Մեծ Այրումում՝ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ին պատկանող «Նահատակ» պոչամբարի տարածքում։ Լոռու մարզի մեր թղթակիցն է ներկայացնում։

Կառավարության որոշմամբ 2019-ի հոկտեմբերին պետք է դադարեցվեր թափոնների լցոնումը «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ին պատկանող «Նահատակ» պոչամբար: Մինչև 2020-ի մարտ պոչամբարը պիտի չորացվեր ու ռեկուլտիվացվեր: 1 տարի անց էլ, սակայն, «Նահատակ»-ը գոյություն ունիև  ընդլայնվում է: «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանի խոսքով՝ Ախթալայի տարածաշրջանում ընտանիքներ կան, որոնք կրում են վնասակար թափոնների ազդեցությունը, ձեռք բերում քրոնիկ հիվանդություններ: Հանքարդյունաբերության վնասները կրած բնակավայրերը ծանր վիճակում են։ Նազելի Վարդանյան.

«Որտեղ մտնում ենք, թշվառություն է, քանդած տներ, լքված տներ, աղտոտված հող, աղտոտված այգիներ, չորացած ծառեր, ի՞նչ են թողնում հանքարդյունաբերողները: Մի գյուղ չեն կարողանում պատշաճ ձևի պահել, ոնց որ միջնադար լինի, էս գյուղերը մեռած գյուղեր են: Եթե պատերազմում կորցրած հողերը էլի կարող ենք հետ բերել, էս  հողերը 500-600 տարի չենք կարողանալու վերականգնել, սրանք ընդմիշտ կորցրած հողեր են»:

Պոչամբարների վերահսկողությունը պետության ֆունկցիան է,- բնապահպան Ինգա Զարաֆյանն է ասում: Նա չի հիշում պոչամբարի հետ կապված անվտանգության միջոցառումներ իրականացրած որևէ հանքարդյունաբերողի։ Դա, ասում է, մեծ ծախսեր է պահանջում: Պոչամբարի 1 խմ-ի տարեկան պահպանման ծախսը 0,4 դոլար է: Ոչ ոք չի ուզում իր վրա վերցնել այդ ծախսերը, ուր մնաց՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն կրի.

«էս պոչամբարը անմխիթար վիճակում է, թունավորում է ամեն մի տարածք, քանի ահազանգ ենք ստացել։ Ում դիմում ես, ոչ ոք չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել, ընկերությանը դիմում ես, ասում է՝ մենք պատասխանատու չենք, որովհետև էս պոչամբարը դեռ սովետական տարիներից է։ Բայց չէ՞ որ դու իրավահաջորդ ես: Պետք է անցկացվի մարդկանց առողջության մոնիթորինգ, գոնե տարին 1 անգամ, գան վերցնեն անալիզներ, տեսնեն էդ մարդիկ ինչ վիճակում են։ Եթե մարդը վատ վիճակում է, պետք է պահանջ դնի ընկերության առջև»։

Բոլոր շահագործվող հանքավայրերը բնակավայրերում են, ու սա արդեն օրենքի խախտում է,-պնդում է Նազելի Վարդանյանը: Ասում է՝ հանքարդյունաբերությանը վերաբերող իրենց բոլոր հարցումները իշխանությունն ու շահագործող ընկերություններն անպատասխան են թողնում: Հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի ու հանրային առողջության ոլորտում օրենսդրական բարեփոխումներ են անհրաժեշտ: Մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության գնահատման մասով օրենսդրական բաց կա,-արձանագրում է բնապահպանը։

Նազելի Վարդանյան․ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում գրված է, որ գնահատման և փորձաքննության ընթացքում գնահատվում է մարդու առողջության վրա ազդեցությունը։ Բայց, ըստ էության, չի գնահատվում, որովհետև նախ Շրջակա միջավայրի նախարարությունն էդ ռեսուրսներն ու մասնագետները չունի, որ գնահատի, երկրորդ, դա առողջապահության նախարարության գործն է։ Պետք է կատարվիոչ թե ՇՄԱԳ օրենքով, այլ «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» օրենքով»։

Տարիներ շարունակ մարդկանց կերակրել են հանքերում բազմաթիվ աշխատատեղեր բացելու, տնտեսական աճ գրանցելու և բնակավայրերը զարգացնելու հեռանկարով, մինչդեռ վիճակագրությունը ճիշտ հակառակն է ցույց տալիս.

«ՀՀ Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր ներքին համախառն արդյունքում մետաղական հանքարդյունահանությունը կազմում է 2,8 %, տուրիզմը՝ 15%, գյուղատնտեսությունը՝ 45 %, այսինքն, այդ 2,8 %- ի համար մենք վերացնում ենք 60 %-ի զարգացման հնարավորությունը, էդ հողերը աղտոտում ենք, էդ միջավայրը աղտոտում ենք: Էս պոչամբարի կողքը որևէ տուրիստ փող չի ծախսի: Էս բնությունը մենք կորցրել ենք և՛ մեզ համար, և՛ տուրիզմի: Մետաղական հանքերում ողջ աշխատողների միայն 0.9 %-ն է զբաղված, անգամ 1 %-ը զբաղված չեն, ի՞նչ տնտեսության զարգացման մասին ենք խոսում»: 

Խնդիրները 4 մարզերում էլ նույնն են: Մարդիկ բախվում են սոցիալական անարդարության,-ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Օլեգ Դուլգարյանը: Մարդիկ կրում են անմիջական վնասներ, ունեն գյուղմթերքի իրացման խնդիր, բողոքում են առողջական վիճակից: 2020թ.-ի հետազոտություններով՝ ծանր մետաղների, հատկապես, մկնդեղի պարունակությունը երեխաների օրգանիզմում չափազանց բարձր է նորմայից: Մարդիկ պետք է փոխհատուցում ստանան կրած սոցիալական, բարոյական ու առողջապահական  վնասների համար: Հանրային առողջության ոլորտում օր առաջ անհրաժեշտ են օրենսդրական բարեփոխումներ,-ասում է Օլեգ Դուլգարյանը.

«Մեր պետությունը շատ  շտապ պետք է ձեռնարկի համապատասխան օրենսդրության ներդրումը։ Այդտեղեղ համայնքի բնակիչների իրավունքներն ու շահերը պետք է պաշտպանված լինեն, որովհետև էս պարագայում ողջ օրենսդրությունն իր բոլոր բաղադրիչներով գործում է ի շահ հանքարդյունաբերողի: Ամենակարևորը՝ ցանկացած ազդակիր համայնքի ՏԻՄ-երը պետք է շատ լուրջ վերաբերվեն այս խնդիրներին, ներդնեն իրենց համայքներում սոցիալ-էկոլոգիական քաղաքականություն՝  համայնքի բնակիչների սոցիալական, առողջապահական իրավունքները պաշտպանելու և համայնքների այլընտրանքային զարգացման ուղղություններ տալու համար»:

Ազդակիր մարզերն ու համայնքները պետք է շարունակաբար բարձրաձայնեն շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության վնասների մասին։ Հարկավոր են օրենսդրական կարգավորումներ, որոնք կստիպեն հանքարդյունաբերողներին կիրառել նոր տեխնոլոգիաներ,  ապահովել բնակչության անվտանգությունն ու ներդնել վնասների փոխհատուցման ու առողջության ապահովագրման մեխանիզմներ:   

Ցուցադրել ավելի
Back to top button