ԿարևորՀասարակություն

Հրատապ ճանապարհաշինություն․ Սյունիքում 7 նոր ճանապարհ է կառուցվում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրել է Սյունիքում այլընտրանքյային ճանապարհների կառուցման ընթացքը։ Այս պահին կառուցվում է 7 ճանապարհ, միաժամանակ աշխատում են տարբեր ճանապարհաշինարարական կազմակերպություններ։  

Ճակատենցի Արամ Դանիելյանը  երեկ Կապանից հայրենի գյուղ է հասել  Կապան-Գեղանուշ-Ճակատեն այլընտրանքային ռեզերվային ճանապարհով, որը  շահագործվել է 90-ականներին՝ անվտանգության խնդիրներից ելնելով։ Կապան-Ճակատեն  հիմնական ճանապարհին օրեր առաջ ադրբեջանցիները հենակետ տեղադրեցին, դրանից հետո  Հայաստանի քաղաքացիները չեն երթևեկում այդ հատվածով։ Մինչև հիմնական ճանապարհի կառուցումը՝ Ճակատեն, Ծավ, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղերի բնակիչները կօգտվեն Մեղրի-Շվանիձոր-Շավ 140 կմ-ոց ճանապարհից։ Երկարությունը կրճատեու համար որոշվել է անցանելի դարձնել Գեղանուշ-Ճակատեն ավտոճանապարհը։ Լսենք Ճակատենի բնակիչ Արամ Դանիելյանին․

«Հասանք մինչև կեսը։ Էնտեղ կանգնեցրին։ Տեղումներից հետո ճանապարհը շատ վատ է, բայց շինարարարները աշխատում են, տրակտորի՝ ճանապարհը մաքրելուց հետո, կարողացանք անցնել։ «Ուրալ», «Վիլիս», «Նիվա», էդ  մեքնենաները կարող են անցնել։  Եղանակը վատ լինի, դրանք էլ չեն աշխատի»։

Հինգշաբթի կառավարության նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը, խոսելով Սյունիքում կառուցվող ճանապահի մասին, անդրադարձավ Գեղանուշ-Ճակատեն ռեզերվային ավտոճանապարհին։ Հողային աշխատանքները շարունակվում են, սկսել են ճանապարհը խճապատել։ Գնել Սանոսյան․

«Որոշակի թեքություններ կան, 2-3 օրում խճապատման աշխատանքը կավարտենք, ճանապարհն ավելի հեշտ ու անցանելի կլինի: Դրան զուգահեռ կկառուցենք Կապան-Ճակտեն նոր ճանապարհը, որը կձգվի այսօր գործող ճանապարհին գրեթե զուգահեռ։ Ավելի հեշտ ու մատչելի կլինի անցնելը, երբ ավարտական աշխատանքները ավարտենք»:

 Ընթացքի մեջ է Քաշունի-Բարձրավան 9,5 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը։  Նախարարի հավաստամամբ, այդ ճանահարհի 3,5-4 կմ-ոց  հատվածում հողային ծածկույթի աշխատանքներն արդեն ավարտվել են: Մյուս հատվածներում շարունակվում են որոշ տեղերում՝ բարեկարգման,  ճանապարհի անցանելիության կարգավորման և, անհրաժեշտության դեպքում, նաև  խճապատման աշխատանքներ: Բարձրավանի բնակիչ Արթուր Թադևոսյանը ասում է՝ նախկինի համեմատ, ճանապարհը զգալի բարեկարգվել է։

«Էս պահին ահագին լավ է ճանապարհի վիճակը՝ նախկինի համեմատ։ Ինձ թվում է՝ արդեն փոքր մարդատար մեքենաները մի քիչ դժվարությամբ, որովհետև առաջ դժվարությունը ավելի շատ էր, հիմա  կարող են գնալ։ Աշխատանքները դեռ շարունակվում են։ Կապան և Գորիս այս ճանապարհով ենք երթևեկում, դեպի Կապան՝ խնդիր չկա, բայց Գորիս՝ դեռ Տաթևի պերեվալներով մի քիչ դժվարանցանելի է»։

13 կմ երկարություն ունեցող Տանձավեր-Շուռնուխ ճանապարհի մի մասն ամբողջովին նոր է կառուցվում: Գնել Սանոսյանի խոսքով,  որոշակի դժվարություններ կան՝ կապված անտառային հատվածների հետ կապված։ Գնել Սանոսյան․

«Նույն Շուռնուխ գյուղը առնվազն երկու ճանապարհ ունի. մեկը Խոտ-Որոտան-Շուռնուխ  ճանապարհն է, որը նորմալ է, գործում է, մյուսը Շուռնուխ-Բարձրավան, և արդեն նշեցի՝ այդ կառուցվող ճանապարհը, որն անցանելի է բոլոր մեքենաների համար»:

Որոտանի բնակիչ Մանուշակ Գաբրիելյանը  մտահոգ է՝ առջևում ձմեռ է, ինչպիսին կլինի ճանապարհ, երբ ձյուն գա, ու սառույց լինի, պարզ չէ։ Այս եղանակին դեռ մի կերպ հնարավոր է երթևեկել․

«Բա որ վաղը մյուս օրը ձյուն գա, ի՞նչ է լինելու մեր վիճակը։ Ո՞նց են մարդկանց տեղափոխելու հղիներ կան, երեխաներ կան, ծերեր կան, հիվանդներ կան, ո՞նց են էս քանդված ճանապարհներով տեղափոխելու»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը փարատում է որոտանցիների մտահոգությունները։ Ասում է՝ Որոտան-Խոտ 10 կմ-ոց ճանապարհի  5 կմ-ն արդեն պատրաստ է երթևեկության համար։ Այն դեռ ասֆալտապատվելու է, իսկ մյուս  5 կմ-ի վրա շարունակվում են բարեկարգման, խճապատման աշխատանքները: Այս օրերին շարունակվում է նաև Տաթև-Լծեն 19,9 կմ-ոց ճանապարհի աշխատանքները: Այնտեղ 6,5 կմ-ն արդեն պատրաստ է։

Տաթև-Աղվանի ճանապարհն արդեն պատրաստ է ու երթևեկելի է։ Նախարար Սանոսյանը նշեց, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, բայց հիմա երկու շերտն է տեղադրված, իսկ երրորդը կտեղադրեն գարնանը՝ որոշ թերություններ շտկելուց հետո։ Օրերս Սյունիքում գործող «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման պետ Վահագն Ստեփանյանը «Ռադիոլուր»-ին ասել էր, որ  ժամանակի սղության պատճառով Տաթև-Աղվանի ճանապարհը տարվել է Վերին Խոտանան գյուղի միջով, ու այդտեղ հնարավոր չէր լայն ճանապարհ կառուցել։ Վահագն Ստեփանյան․

«Բայց ճանապարհի երթևեկելի հատվածը 6 մետր է, և պիտի լինեին մայթեր։ Իսկ գարնանը նախատեսում ենք աշխատանքներ իրականացնել Վերին Խոտանանի կողքի անտառներով, որպեսզի ավելի լայն ճանապարհ ունենանք այդ հատվածում»։

Կառավարության նիստում այս ճանապարահի մասին խոսեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Խոտանանի հետ կապված՝ նաև շրջանցիկ ճանապարհ  կիրականացնենք, որպեսզի բեռնատարները գյուղ չմտնեն։ Ճանապարհի վրա եկեղեցի կա, որը պատմամշակութային արժեք է, և էդտեղ լայնացնելու առումով պրոբլեմ կունենանք։ Այդ ճանապարհը կմնա գյուղին, կկառուցենք 5 կմ շրջանցիկ ճանապարհ։ Պետք է այնպես անել, որ գրունտային վիճակը, որքան հնարավոր է, շուտ պատրաստ լինի, իսկ արդեն 2022թ-ին բոլոր ճանապարհները կասֆալտապատվեն»։

Վարչապետը նշեց՝ Սյունիքում ևս մեկ-երկու լրացուցիչ ճանապարհ կառուցելու ծրագիր ունեն։ Դրանք հիմա հրատապ չեն, և աշխատանքները կսկսեն մի փոքր ավելի ուշ։

Ցուցադրել ավելի
Back to top button