ԿարևորՀասարակություն

Համացանցը՝ առանց մանկական որակյալ բովանդակության․ հայկական մուլտերը քիչ են, հայերեն կրկնօրինակումը՝ անկատար

Համացանցում հայերենով որակյալ բովանդակություն չկա։ Նախադպրոցական տարիքի երեխաները անգիր անելով անգլերեն և ռուսերեն մուլտֆիլմեր ու տեսանյութեր՝ հայերենից առաջ սկսում են օտար լեզվով խոսել։ Կրկնօրինակված տարբերակները խնդիրը չեն լուծում․

«Ճիշտ ասած, թարգմանությունն անտանելի է, վախենալու, կոշտ ձայներով»։

Մասնագիտությամբ հոգեբան Վարսիկ Հայրապետյանը երկու փոքրիկ ունի։  Երկու տարեկան երեխան անգլերեն բառեր է ասում, թեպետ տանը հետը հայերեն են խոսում։ Պատճառը, ըստ Վարսիկի, համացանցում առկա հայերեն ցածրորակ մանկական բովանդակությունն է։

«Աշխատում եմ հեքիաթներ միացնել, «Անտառի տնակ»-ը, «Չարի վերջ»-ը։ Բայց մեկ-մեկ էլ «Մաշան և արջ»-ն է աշխատում։ Երեխան անընդհատ պետք է իրական կյանքում ապրի, ուղղակի փոքր երեխա ունեմ, չեմ հասցնում, դրա համար ստիպված միացնում եմ, իմ մեղավորությունն է նաև,  միացնելուց էլ փորձում եմ գոնե հայերեն միացնել»։

Ծնողների փոխարեն երեխային հաճախ համացանցն է զբաղեցնում, թվային գործիքների կիրառումը նրանց հեշտ է տրվում, նրանք կարողանում են ինքնուրույն  օտարալեզու տեսանյութեր գտնել։ Հայերեն այլընտրանքի բացակայությունը բարդացնում է իրավիճակը։ Աշխարhագրության ուսուցչուհի Արմինե Կարապետյանի տղաները միմյանց հետ նախընտրում են ռուսերեն խոսել։ Ասում են՝ այդպես հեշտ է՝ ասում են, թեպետ մայրը պահանջում է իր հարցերին հայերեն պատասխանել։

«Իրեն գիրք եմ տալիս, որի և՛ հայերենն  ունենք, և՛ ռուսերենը։ Ես գիտեմ, որ ինքը հայերենից դժվարանում է, դրա համար ռուսերենն էլ եմ գնել, որ կարդա։ Հայերեն չի սիրում, չի կարդում, չի ուզում, իսկ ռուսերենը հաճույքով է կարդում։ Եղբայներով իրար հետ  ռուսերեն են խոսում։  Երբ պահանջում եմ՝ հայերեն պատասխանել, կարողանում է, պատասխանում է, բայց ռուսերեն խոսելն ավելի հեշտ է»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշում է՝ որոշակի աշխատանք համացանցում հայերեն բովանդակություն ստեղծելու ուղղությամբ՝ արվել է։ Օրինակ՝ ստեղծվել են խաղեր, որոք, սակայն, նախատեսված են առավելապես դաստիարակների, մանկավարժների համար․

«Նախադպրոցական  ոլորտում վիճակը մի փոքր ավելի բարդ է, որովհետև այստեղ նաև առկա կոնտենտը շատ բազմաբնույթ է, բայց կարծում եմ՝ սա նույնպես պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, նաև մեր հեռուստաարտադրողների ուշադրության կենտրոնում։ Սա մի խնդիր է, որը պահանջում է նաև տվյալ ոլորտում արտադրանք տվող ընկերությունների, կազմակերպությունների համատեղ աշխատանք»։

Վարսիկ Հայրապետյանն իրավիճակի լուծման սեփական տարբերակն է առաջարկում։ Նրա խոսքով՝ լավագույն միջոցը երեխայի հետ շատ ժամանակ անցկացնելն է․

«Երբ տեսնում ենք լարված, ուշադիր նայում է, անջատում ենք։ Նեղվում է, ասում ենք, վա՜յ, Դավուլ, լույսերն անջատեցին, մի քիչ հետո կմիացնենք, ու սկսում ենք խաղալիքներով խաղացնել, խոսել իր հետ,  ու անցնում է»։

Գունեղ ու գրավիչ օտարալեզու տեսանյութերը դիտարկվում են  իբրև «փափուկ ուժ» և այդ ուժի սպառողները՝ երեխաները,  հոժարակամ ենթարկվում են դրա ազդեցությանը։ Այստեղ լուծումը պետք է երկկողմանի լինի՝ կարծում են ծնողները․ ստեղծվի համապատասխան բովանդակություն, իսկ ծնողները հետևեն, թե ինչպես են երեխաները ժամանակ անցկացնում համացանցում։

Ցուցադրել ավելի
Back to top button