Մոռացված ֆիլմերի ստվերները

Իր հերոսի նման տաղանդավոր ու իր հերոսի նման մոռացված ֆիլմը․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Պրիմիտիվիստ վրացի նկարիչ Նիկո Փիրոսմանիի մասին աշխարհում շատերը գիտեն, բայց նույն այդ շրջանում Թիֆլիսում ստեղծագործում էր պրիմիտիվիզմի ևս մեկ ներկայացուցիչ` Վանո Խոջաբեկյանը։ Հայազգի գծանկարչի մասին, սակայն, քչերը գիտեին։ Արձակագիր և ռեժիսոր Աղասի Այվազյանը փորձեց Խոջաբեկյանի անվան վրայից մաքրել մոռացության փոշին և աշխարհին անհայտ Վանոյի անունը լուսավորել իր վառած լապտերով։

Վանոյի նկարներից

Արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր և գեղանկարիչ Աղասի Այվազյանն օժտված էր տարատեսակ տաղանդներով։ Բազմաշերտ, հետաքրքիր շրջադարձերով, ասելիքի խորությամբ աչքի ընկնող նրա գրական ստեղծագործությունները ապրել սովորեցնող մի մեծ ճանապարհ են։ Աղասի Այվազյանն իր  սկզբունքային, պայքարող, ազնիվ տեսակով յուրօրինակ կենսագրություն է թողել նաև հայկական կինոյի  տարեգրության մեջ:

Անցյալ դարի 80-ականների առաջին կեսին Աղասի Այվազյանն իրականացրեց իր վաղեմի երազանքը, նկարահանեց «Լիրիկական երթ» ֆիլմը, որի էկրան բարձրանալուց երկու տարի անց էլ նկարահանեց գծանկարիչ Վանո Խոջաբեկյանի անսովոր ճակատագրի մասին պատմող «Վառած լապտեր» կինոնկարը:

Աղասի Այվազյան

Գրականագետ Անի Փաշայանը նշում է, որ Աղասի Այվազյանը «Վառած լապտեր» ֆիլմը նկարահանելով նպատակ է ունեցել կինոնկարի միջոցով աշխարհին ներկայացնել Վանո Խոջաբեկյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։

«Այս ֆիլմում Աղասի Այվազյանը հանդես եկավ  և՛ որպես սցենարիստ, և՛ որպես ռեժիսոր, և՛ որպես պրոդյուսեր: Վանո Խոջաբեկյանը իր քաղաքի վառած լապտերն էր, որին ոչ ոք չէր ճանաչում»,- ասում է Անի Փաշայանը:

Անի Փաշայան

Կինոգետ Սիրանույշ Գալստյանի բնորոշմամբ՝  «Վառած լապտեր» ֆիլմը ճաշակով, յուրօրինակ կինոմտածողությամբ ստեղծված կտավ է։ Այն Բեռլինի կինոփառատոնում արժանացավ Ֆիպրեսի՝ կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակին։

«1983 թվականին ֆիլմը հայտնվում է Բեռլինի միջազգային կինոփառատոնում և անմիջապես գնահատվում մասնագիտական ժյուրիի կողմից` արժանանալով Ֆիպրեսի՝ կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակին: Սա զարմանալի փաստ է, որի մասին շատ չի բարձրաձայնվել»,- նշում է Սիրանույշ Գալստյանը: 

Սիրանույշ Գալստյան

1982 թ․-ին Աղասի Այվազյանը «Վանոն և Գորոդովոյը» պատմվածքը վերածեց կինոսցենարի։ Սցենարական աշխատանքներն ավարտելուց և «Հայֆիլմի» սցենարական կոլեգիայի հաստատումից հետո Աղասի Այվազյանն անցավ դերասանական կազմի փնտրտուքին։ Թատերական կյանքի անցուդարձին ուշիուշով հետևող գրողը բաց չէր թողնում ոչ մի թատերական ներկայացում։ Հենց ներկայացումների ժամանակ էլ, հետևելով դերասանների խաղին, մտմտում էր, թե նրանցից որ մեկը իր ապագա ֆիլմում որ կերպարը կարող էր մարմնավորել։ Այդպես էր նա մշտապես ընտրում իր կինոնկարների դերակատարներին, և ինչպես իրավացիորեն նշում է Սիրանույշ Գալստյանը, «Վառած լապտեր» ֆիլմը նույնպես բացառություն չէր։

«Այս ֆիլմում հետաքրքիր էին բոլոր կերպարները, եթե անգամ էպիզոդիկ դերում են հանդես եկել: Գլխավոր դերակատարը վաղամեռիկ, տաղանդավոր դերասան Վլադիմիր Քոչարյանն էր: Պատվավոր մարդու, ծանրակշիռ կերպարը վարպետորեն է մարմնավորել Հենրիկ Ալավերդյանը, դառնացած իր բախտից դժգոհ Վերայի դերում հանդես եկավ Վիոլետ Գևոգյանը, որի հմայքը գերում է բոլորին »,- պատմում է Սիրանույշ Գալստյանը:

Բեռլինի կինոփառատոնում Ֆիպրեսի՝ կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի մրցանակին արժանացած «Վառած լապտեր» կինոնկարը էկրան բարձրանալուց հետո ցուցադրվեց հեռուստատեսությամբ, կինոթատրոններում, եվրոպական մի շարք երկրներում` ամենուրեք արժանանալով բարձր գնահատականի։ Բայց արի ու տես, որ  Վանո Խոջաբեկյանի մասին պատմող «Վառած լապտեր» ֆիլմի, ու ընդհանրապես` տաղանդավոր գծանկարչի մասին քչերը գիտեն։ Ֆիլմը կարծես կրկնեց Վանո Խոջաբեկյանի ճակատագիրը։  Հիացրեց օտարներին` անտարբեր թողնելով յուրայիններին, իսկ որոշ ժամանակ անց` նաև մոռացվեց։  

Ցուցադրել ավելի
Back to top button