ԿարևորՔաղաքական

Ռուսական դիվանագիտության դերը մեծանում է ՀՀ և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման գործում․ Պուտին

Հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող զարգացումները վկայում են այն մասին, որ իրավիճակը տարածաշրջանում չի հանդարտվել և պահանջում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մասնակցությունը՝ որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր, այսօր ՌԴ ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեկ տարի առաջ Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդական ջանքերով դադարեցվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։ Սակայն վերջին կրակոցները հայ-ադրբեջանական սահմանին ցույց տվեցին, որ տարածաշրջանում իրավիճակը դեռ ամբողջությամբ չի հանդարտվել»,-ասել է նա։

«Կայունություն ապահովելու համար մեծ պահանջարկ ունեն ռուսական խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր»,-հավելել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական դիվանագիտության դերը մեծանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի հարցերի լուծման, Հարավային Կովկասում տնտեսական կապերի վերականգնման և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման ուղղությամբ ջանքերը շարունակելու գործում։

«Իմ կարծիքով, հեռանկարները վատ չեն։ Տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, շահագրգռված են այս խնդիրների երկարաժամկետ կարգավորմամբ»,-եզրափակել է ՌԴ նախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button