ԿարևորՀասարակություն

Ատեստացիան հաղթահարել է ուսուցիչների ընդամենը 47 %-ը

Կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների  50 տոկոսն էլ չի հաղթահարել 70 միավորի շեմը։ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի արդյունքները: Դրան մասնակցած 1372 ուսուցչից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել է 996-ը, որոնց ընդամենը կեսը կստանա 30-50 տոկոս հավելավճար։ Բացի ցածր արդյունքներից՝ մտահոգիչ է նաև խիստ պասիվ մասնակցությունը։  

Երբ կրթական գերատեսչությունը հայտարարեց, որ պատրաստվում է չափել ուսուցիչների գիտելիքները և, ըստ այդմ, կամավոր ատեստավորման բարձր արդյունքների հիմքով հավելավճարներ տրամադրել հարցաշարի 70 և ավելի տոկոսին ճիշտ պատասխանած ուսուցիչներին, բազմաբնույթ մտահոգ մեկնաբանություններ եղան։ Նախ մտահոգվեցին ուսուցիչները՝ սա դիտարկելով որպես անվստահություն իրենց գիտելիքների հանդեպ և ավելորդ տեխնիկական ծանրաբեռնվածություն։ Ապա մտահոգվեցին կազմակերպիչները, երբ ստացան արդեն սեպտեմբերին մեկնարկած կամավոր ատեստավորման առաջին արդյունքները։ ԿԳՄՍ նախարարն արձանագրում է՝ միջին դպրոցի 7 առարկաների ուսուցիչների անգամ 50 տոկոսը չի հաղաթահարել ատեստավորման անցողիկ շեմը։ Իր դասավանդած առարկայի քննությունը հաջող չհանձնած ուսուցիչների թիվը ներկայացվում է կառավարությունում։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան․ «Հայտ ներկայացրած ավելի քան 1300 ուսուցիչներից  ատեստավորմանը մասնակցել են 996-ը, որոնցից 478-ն են հաղթահարել և կսատան հավելավճար»։

Թվում է՝ ամենամտահոգիչը այս ցածր արդյունքներն են։ Սակայն կրթության ոլորտի մասնագետներն իրենց հերթին են մտահոգվում՝  ատեստավորմանը ուսուցիչների մասնակցությունը խիստ  պասիվ էր։ Կամավոր ատեստացիային մասնակցելու իրավունք ունեցող շուրջ 15 000 ուսուցիչներից իր գիտելիքները չափելու «փորձությանը» դիմել է շուրջ 1400-ը, ընդհանուրի ընդամենը մոտ 10 տոկոսը։ Մասնակցության ցածր ցուցանիշը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին առանձնապես չի զարմացնում։ Պասիվության մի քանի պատճառ է նշում։

«Շատերը պարզապես չցանկացան դիմել անորոշությունից ելնելով։ Մյուս պատճառը՝ ուսուցիչների մի մասը բոյկոտեց դա՝ վիրավորական համարելով, կարծելով, որ այլ պարագաներում աշխատավարձը բարձրացվում է հենց այնպես, իսկ ուսուցիչները դրա համար պետք է քննություն հանձնեն։ Մի խումբ էլ չդիմեց՝ կարծելով, որ չի կարողանա հաղթահարել»։

Առարկայական գիտելիքների ստուգումներն անցկացվել են սեպտեմբերին՝ 7-12-րդ դասարանների ուսուցիչների համար՝ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից ։  Ըստ փորձագետի՝ ատեստավորման դիմել են հիմնականում  սեփական գիտելիքների վրա վստահ ուսուցիչները, օրինակ՝ կրկնուսույցները։ Բայց  որ անգամ իրենց գիտելիքների վրա վստահ ուսուցիչների 50 տոկոսը չի հաղթահարել ատեստացիան, արդեն մտածելու առիթ է՝ նկատում է զրուցակիցս։ Նաև ուշագրավ է համարում առարկայական արդյունքների տարբերությունը։ Եթե մաթեմատիկայի ուսուցիչների շուրջ 87%-ն է հաղթահարել է 70%-ի նվազագույն շեմը, ապա քիմիայի ուսուցիչների միայն 11%-ը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան․ «Չափազանց ցածր են հատկապես քիմիայի (11%) և աշխարհագրության (20%) ցուցանիշերը։ Իհարկե,  հնարավոր է, որ նաև թեստերի հետ կապված խնդիր լինի։ Համենայն դեպս՝ գոնե քիմիայի թեստից բավական մեծ դժգոհություններ կային, այդ թվում՝ մասնագիտական շրջանակների կողմից»։

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների շուրջ 41%-ն է հաղթահարել շեմը։  Արդյո՞ք ուղիղ կապ կարող է լինել ուսուցիչների ատեստացիայի արդյունքների և նույն առարկներից դիմորդների  ընդունելության արդյունքների միջև։ Փորձագետը տեսնում է նման կապ։

«Այո, հնարավոր է։ Մենք նաև պետք է հասկանանք՝ քանի՞  ուսուցիչ ունենք գյուղական դպրոցից անցած։ Հաղթահարողներն այնքան քիչ են, որ հնարավոր է ՝ հայտնի դպրոցների ուսուցիչներ լինեն հիմնականում»։

Թե գյուղական և քաղաքային դպրոցների ուսուցիչների ատեստավորման արդյունքները որքանով են տարբերվում՝ ԿԳՄՍ-ում չեն վերլուծել։  Արդյունքները միայն ըստ մարզերի են։ Առարկայական ամենաամուր գիտելիքները ցուցաբերել են սյունեցի ուսուցիչները, երկրորդ տեղում՝ Շիրակն է, ապա՝ Կոտայքը։ Երևանն  առաջադիմությամբ առանձնապես չի փայլել։ Ի դեպ՝ բողոքարկումների հիմքով տասնյակ ուսուցիչների ցուցանիշը վերանայվել է։

Վերադառնալով ատեստավորման հիմնական նպատակին․ 70 միավորի շեմը հաղթահարած ուսուցիչները կստանան 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար։ Դրա համար կառավարությունը գումար է հատկացնում։    ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան։

«Հավելավճարները հաշվարկվել են միջին աշխատավարձի ՝ 125 000 դրամի հիման վրա, սակայն վճարումներն իրականացվելու են փաստացի աշխատավարձերի հիման վրա, որոնք ներկայում ճշգրտվում են։ Այս ամենը կազմակերպելու համար մենք վերաբաշխում ենք 77 մլն դրամ»։

Հաջորդ տարի կամավոր ատեստավորումն արդեն 5-12 դասարանի բոլոր առարկաների ուսուցիչների համար կլինի։ Ըստ այդմ՝ հավելավճար կստանա ավելի քան 5000 ուսուցիչ, ինչի համար բյուջեում 1,3 մլրդ դրամ է նախատեսված։ Ուսուցիչներին մոտիվացնելը  Սերոբ Խաչատրյանն, իհարկե, ողջունում է։ Բայց ընտրված մեխանիզմին լուրջ վերապահումով է մոտենում։ Չի բացառում, որ ուսուցչի համար սեփական առարկայից քննություն հանձնելը և թերի հարցաշարերով ուսուցչի մասնագիտական արժանապատվությունը խոցելը կարող է բոլորովին հակառակ ազդեցությունը թողնել։

Ցուցադրել ավելի
Back to top button