ԿարևորՀասարակություն

Գերեվարման դեպքերը քննվում են բացառապես մեղավորներին գտնելու համար․ ՀՀ դատախազություն

«Գերեվարության ցանկացած դեպք պետք է մանրամասն քննության ենթարկվի՝ առաջին հերթին պարզելու համար՝ արդյո՞ք կան պաշտոնատար անձիք, որոնց գործողությունների կամ հրամանների պատճառով են հայ զինծառայողները հայտնվել գերության մեջ»,-ասում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա անդրադառնում է երեկվանից ծավալվող  քննարկումներին՝  գերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին։ Աբրահամյանը հիշեցնում է՝ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո Հին Թաղերի և Խծաբերդի հատվածում հայ դիրքապահների գերեվարման փաստի վերաբերյալ քննության արդյունքում  գումարտակի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել։

«Այս փաստով քննություն է իրականացվում։ Նշված քրեական գործի շրջանակում կոնկրետ անձանց գումարտակի հրամանատարին մեղադրանք է առաջադրված: Ըստ մեղադրանքի՝ նրա գործողությունների հետևանքով տասնյակից ավելի զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ, և մի մասը զոհվել, մյուս մասը՝ գերեվարվել։ Ներկայումս էլ այդ փաստերով քրեական գործի քննությունը շարունակվում է»,– մանրամասնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը։

Քննչական կոմիտեում 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործ է հարուցված Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ թույլ տալու, բազմաթիվ սպանություններ կատարելու, նյութական ահռելի վնասներ պատճառելու փաստերի կապակցությամբ։ Գոռ Աբրահամյանն ասում է՝ ներկայումս այս գործի շրջանակում տարբեր ուղղություններով լայնածավալ քննություններ են իրականացվում, ուղղություններից մեկն էլ պատերազմական գործողությունների ժամանակ գերեվարման դեպքերի հանգամանքները պարզելն է։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան

«Կպարզենք՝ մարտական գործողությունների վարման համար պատասխանատու անձի՞ք են մեղավոր հայ զինծառայողների գերեվարման համար, թե՞ զինծառայողներն են մեղավոր, թե՞ այդ ամենը պայմանավորված է Ադրբեջանի զինված ուժերի ապօրինի գործողություններով։ Բոլոր դեպքերի հետ կապված հանգամանքները կպարզվեն․ այս ուղղությամբ մեծածավալ աշխատանք է իրականացվում»,– ասում է Աբրահամյանը։

Քրեական գործ է հարուցվել նաև նոյեմբերի 16–ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու փաստի կապակցությամբ։ Այս գործի շրջանակում նույնպես քննվում են հայ զինծառայողների գերեվարման փաստերն ու հանգամանքները։ Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ  նոյեմբերի 16-ի  ռազմական գործողությունների հետևանքով 13 զինծառայող գերեվարվել է։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է և նրանց ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։

Երեկ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ գերեվարման դեպքերի հետաքննությանը՝ շեշտելով, որ յուրաքանչյուր նման դեպք մանրամասն պետք է հետաքննվի։

«Կարծում եմ, որ ժամանակն է գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև ՀՀ Զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե մենք այստեղ սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա, բայց պետք է քննվի` ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրքերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Պետք է քննենք՝ ա՞յդ դեպքի հետ գործ ունենք, թե՞ ոչ։ Եթե մարդը վիրավոր է կամ անգիտակից վիճակում, հստակ է, որ ոչ մի պրիտենզիա չի կարող լինել»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի հայտարարությունը հանրային քննարկման և  քննադատությունների պատճառ դարձավ։ Բժիշկ–հոգեբան Սևադա Հակոբյանն ասում է՝ անընդունելի է զինծառայողի ինքնակամ գերի ընկնելու հանգամանքը քննության առարկա դարձնելը․

«Չի բացառվում և շատ անհրաժեշտ է, որ այդ քննությունը իրականացվի և հասկանանք, թե ինչ իրավիճակում տեղի ունեցավ դեպքը․ միգուցե զինծառայողը անսպասելի հայտնվում է շրջափակման մեջ, կամ անսպասելի հարձակում է տեղի ունեցել։ Եվ բացի այդ՝ առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչն ենք սխալ անում, ինչպիսի պաշտպանական մեխանիզմներ պետք է ընդգրկվեն, ինչպես անենք, որ ավելի պաշտպանված լինեն մեր զինծառայողները․ ա՛յ, սա է կարևորագույն խնդիրը»,– ասում է Հակոբյանը։

Մարդկային կյանքն ամենակարևորն է՝ ասում է Սևադա Հակոբյանը։ Պնդում է՝ եթե կա հնարավորություն այդ կյանքը պահպանելու, ապա դա պետական և մասնավոր ամենամեծ ձեռքբերումն է․

«Խրախուսելը կամ չակերտավոր ենթատեքստով հորդորելը, որ կատարեք սխրանքներ, միայն թե գերի մի ընկեք, հասարակության մեջ կարող է թյուրըմբռնումների կամ քննարկումների առիթ դառնալ։ Չէ՞ որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ պահպանենք յուրաքանչյուր զինվորի կյանքը»։

Հոգեբանի խոսքով՝ վաղուց անցել են ժամանակները, երբ որևէ հարց լուծման միակ տարբերակն անձնազոհությունն է։ 21–րդ դարում  պետք է ներդրվեն պաշտպանության ու անվտանգության այնպիսի մեխանիզմներ, որ անձնազոհություն անհրաժեշտություն չլինի։

Ցուցադրել ավելի
Back to top button