ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի նպատակը մեկն է՝ Սյունիքով կապ հաստատել Նախիջևանի հետ

ՊՆ-ից ստացված տեղեկությունների համաձայն՝ հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան ուղղությամբ այս պահին իրավիճակը հանգիստ է։ Այս հատվածում երեկ իրավիճակը ծայրահեղ լարված էր։ Ի՞նչ կորուստներ մասին է խոսքը, ինչպե՞ս է հանգուցալուծվել իրավիճակը և վերջապես, որո՞նք էին սահմանային  ռազմական էսկալացիայի  երևացող և չերևացող պատճառները․ հարցերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը և փորձագիտական կարծիքները  տարբեր են։

Ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել։ Սա վարչապետի ձևակերպումն է նոյեմբերի 16-ին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանցիների ներխուժման հերթական փորձի  և հնարավոր առաջխաղացման  մասին։ Բալանսի առումով ոչինչ չի փոխվել՝ շեշտում է Նիկոլ Փաշինյանը։

«Նախկինում էլ ունեինք, հիմա էլ ունենք, ու այս ընթացքում այդ դիրքերի բաշխվածությունն անընդհատ փոխվում է։ Մենք ենք գնում ուրիշ տեղ դիրք դնում, որի արդյունքում նրանց ինչ-որ դիրքերի գոյությունն անիմաստ է դառնում, հանում են, տանում են ուրիշ տեղ են դնում՝ այդ նույն տարածքի մեջ»։

Հայաստանի Անվտանգության խորհրդի երեկվա նիստում վարչապետը հայտարարել էր, որ եղել է ուղղակի ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, որը մայիսի 12-ին սկսված գործընթացի  անպատժելիության արդյունքն է։ Վարչապետը նաև թվեր էր նշել՝  Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 41 կիլոմետր հատվածը։

Հայաստանի արևելյան սահմանագոտում այսօր հարաբերական հանգիստ էր, հանգիստ է եղել նաև սահմանագոտու այդ տարածքին մոտ գտնվող Իշխանասար գյուղում։ Ըստ Իշխանասարի համայնքապետ Մարատ Պետրոսյանի՝ գյուղից մինչև Իշխանասար և Ծիծեռնաքար լեռնային հատված ավելի քան 30 կմ է, երեկ ծավալված փոխհրաձգության ժամանակ բնակիչները չեն հեռացել, չեն էլ մտածում և շարունակելու են ամուր պահել զինվորների թիկունքը։   

«Սիսիանում առաջ անգամ է նման բախում տեղի ունեցել։ Գյուղը Իշխանասարի փեշին է ։ Ժողովուրդը կրակոցներ լսել է, բայց արկեր մեր գյուղի տարածքում չեն ընկել, գյուղից 4-5 կմ վրա են ընկել։  Մինչև հայկական հենակետեր 30 կմ է։ Առավոտյան կյանքը սկսել է բնականոն հունով՝ դասեր, աշխատանք։ Սյունիքի զանգերից մինչև Նախիջևան, այո, ամենանեղ հատվածն է»։

Ինչո՞ւ է թշնամին ընտրել է Սյունիքից Նախիջևան տանող ամենանեղ ճանապարհահատվածը։ Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի կարծիքով ՝ Բաքուն, ճնշելով Հայաստանին, փորձելու է ճանապարհ ստանալ։ Այս դեպքում էական չէ ձևակերպումը՝ «ճանապարհ» թե՞ «միջանցք»։

Փորձագետը ևս մեկ անգամ հիշեցնում է Ադրբեջանի անթաքույց նպատակները։ «Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո այս երկիրն ամենօրյա ռեժիմով հոխորտում է Հայաստանից ճանապարհ ստանալու իր մտադրության մասին։ Նպատակը  թյուրքական աշխարհին միանալն է, իսկ երեկվա ներխուժումը ՀՀ տարածք այդ  համատեքստում է»,-շեշտում է Մհեր Հակոբյանը։

«Ունենք թուրք-ադրբեջանական ագրեսիայի վառ օրինակ։ Արդյունքում ողջ ցինիզմով մարդիկ ուզում են իրենց սուտը ճիշտ ներկայացնել։ Սա ագրեսիա է Հայաստանի դեմ։ Արցախն էլ մեր հայրենիքն է, բայց այս դեպքում ՀՀ սուվերեն տարածքի մասին է խոսքը։ Հիմա էլ նոր հորինվածք կա՝ սահմանները հստակեցված չեն։ Լավ, ինչ կարգի հստակեցված չեն, որ պետք է 10 կմ առաջ գա՞ն»։

Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։ Ի՞նչ կարևորության հենակետների մասին է խոսքը, և արդյո՞ք նոյեմբերի 16-ի  ռազմական էսկալացիան կապ ունի նոյեմբերի 14-ի ադրբեջանական հերթական սադրանքի հետ: Մհեր Հակոբյանը շեշտում է՝ հայկական  բոլոր դիրքերն ու հենակետները ռազմավարական նշանակություն ունեն, սակայն ադրբեջանական հոխորտանքի ֆոնին ավելի քան կարևոր են Սյունիքի դիրքերը։

«Գորիս-Երևան ճանապարհը կտրելու ամենանեղ հատվածն է։ Ինքա՞ն են առաջ եկել։ Դատելով տվյալներից՝ եկել են։ Իշխանական հայտարարությունները շատ հակասական են, երեկ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ հետ են բերել։ Բայց այս պահին ստացվում է, որ, ցավոք, դիրքեր կորցրել ենք։ Վերջնական նպատակը հայերի և հայոց պետականության խնդիրը լուծելն է և հայերի հարցը փակելը։ Թուրք-ադրբեջանական միասնական երջանիկ եղբայրությունն է վերջնական նպատակը»։

Ավելի քան 6 ժամ տևած տեղային ռազմական գործողության ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկությունների, հակառակորդն ավելի քան 70 զոհված և վիրավոր զինծառայող ունի, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։ Սա Հայաստանի ՊՆ հայտարարությունն է, Ադրբեջանը հայտնում է 7 զոհի և 10 վիրավորի մասին։

Հայկական կողմը, կրկին ըստ պաշտոնական տեղեկության, հայտնել է միայն մեկ զոհի մասին՝ 1991 թվականին ծնված պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյանը։ Կա 13 գերեվարված զինծառայող։ 24 զինծառայողի հետ կապը կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում են գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի տվյալներն այլ են՝  հայկական կողմն ունի 15 զոհ։

Back to top button