ԿարևորՔաղաքական

Սողացող պատերազմը՝ սպառնալիք տարածաշրջանում

2021 թ-ի մայիսից, երբ Ադրբեջանը Սյունիքի մարզում 2 կմ ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք, փաստացի սկսց նոր՝ սողացող պատերազմ։ Ըստ փորձագետների՝ ակնհայտ է, որ դա շարունակություն է ունենալու։ Դրա վկայությունը երեկվա սադրանքն էր Սյունիքում։ Սա ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար է լուրջ սպառնալիք։

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի դիտարկմամբ՝ Սյունիքում սողացող պատերազմի տակտիկան Ադրբեջանն ընտրել է արդեն մի քանի ամիս՝ ոգևորված 44-օրյա պատերազմի հաղթանակով։ «Հասկանում է, որ Հայաստանի մարտունակությունը կոտրված է, ու փորձելու է պոկել առավելագույնը՝ հետապնդելով հեռահար մի քանի նպատակ.

«Առաջինը՝ վերցնել ամենաբարենպաստ դիրքերը շփման գծի ողջ երկայնքով։ Խաղաղ ժամանակ դա թույլ է տալու իրականացնել հետախուզում՝ վերահսկելով ամբողջ շարժը, իսկ պատերազմի ժամանակ՝ թույլ է տալիս ուղիղ նշանառության տակ պահել սնուցող ճանապարհները»։

Երկրորդ նպատակը՝  գործադրել չթուլացող ճնշում ու հասարակությանը պահել վախի մթնոլորտում։ Ըստ փորձագետի՝ Ադրբեջանի վերջնանպատակը միջանցք ստանալն ու իր տարածքային ամբողջականության ճանաչումն է։   

Նախիջևանի և Թուրքիայի հետ Սյունիքով միջանցք ստանալու համար Ադրբեջանն անում է՝ ինչ հնարավոր։ Արդյունքում՝ ունենք սողացող պատերազմ,–ասում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը․

«Ավելին՝ Ադրբեջանի իշխանությունը սրա մասին արդեն մեկ տարի բարձրաձայնում է՝ ասելով, որ պետք է նման գործողություններ իրականացնեն։ Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունը մեր պետությունը չի նախապատրաստել որևէ ձևով՝ այդ մարտահրավերի դեմն առնելու համար։ Այսինքն՝ թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ ռազմաքաղաքական ճակատում որևէ լուրջ աշխատանք չի արվել՝ իմանալով, որ այս պրոցեսը տեղի է ունենալու»։

Այսօրվա ձգձգվող իրավիճակը, ի վերջո, տարածաշրջանում նոր իրողություններ է առաջ բերելու։ Սուրեն Սարգսյանի կանխատեսմամբ՝ ձևավորվելու է նոր ստատուս քվո, ինչը չի բխում Հայաստանի շահերից։  

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանն ասում է՝ ամեն ինչ փոխկապակցված է, և այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում, վաղուց դուրս է եկել հայ-ադրբեջանական հակամարտության սահմաններից։ Տեսանելի են շատ մեծ ռիսկեր, որ տարածաշրջանային լարվածության մեջ կարող են ներգրավվել ամենատարբեր խոշոր խաղացողներ։ Հետևաբար՝ բացառված չեն նոր լուրջ զարգացումները․

«Իրավիճակը, իրականում, շատ լարված է, շատ լուրջ է։ Ես դա անվանում եմ, պատկերացրեք, գազատար խողովակի մոտ կրակայրիչով անընդհատ խաղ։ Այսինքն՝ իրավիճակը շատ պայթյունավտանգ է, և սա շատ ավելի հեռուն է գնալու»։

Հայտնի են, մասնավորապես, թե ստեղծված իրավիճակում ինչ ռիսկեր կան Իրանի համար։ Դրանցով պայմանավորված՝ այդ երկիրը հստակ մտահոգություն և անհամաձայնություն է հայտնել Սյունիքի զարգացումների մասով, այդ թվում՝ զորավարժություններ անցկացնելու տեսքով։ Ռազմական փորձագետը այստեղ վկայակոչում է փաստը, որ Իսրայելն Ադրբեջանում արդեն ռազմական տեղակայումներ է արել՝ Իրանի վրա հնարավոր հարձակման համար։  

Իրանի դիրքորոշումը, թեպետ, չափազանց կարևոր է, բայց, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նկատում է՝ Իրանը վերջերս հայտարարեց, որ մի շարք հարցերի շուրջ Ադրբեջանի հետ արդեն ունեն համաձայնություն․

«Այսինքն, խնդիրն այստեղ այն է, որ մեր անվտանգության մի կարևոր բաղադրիչը ոչ թե մենք ենք ապահովում, այլ, ըստ էության, Իրանն է ապահովում։ Ստացվել է այնպես, որ իրանական գործոնն է միայն, որ այս պահի դրությամբ մենք չունենք Հայաստանից կտրված միջանցք կամ Հայաստանից կտրված ճանապարհ»։    

Իրանը, սակայն, շարունակում է իր զինված ուժերը պահել Նախիջևանի հետ սահմանին։ Սուրեն Սարգսյանը կարծում է այն պարզ պատճառով, որ չլինեն փորձություններ, որոնք չեն բխի այս երկրի շահերից։   

Ցուցադրել ավելի
Back to top button