ԿարևորՀասարակություն

Սամսունգի իննովացիոն կամպուսը՝ Հայաստանում

Հայաստանի UWC Դիլիջան միջազգային դպրոց-պանսիոնը և աշխարհում առաջատար տեխնոլոգիական Սամսունգ ընկերությունը համաձայնագիր են ստորագրել, որով Հայաստանի Դիլիջան քաղաքում հիմնադրվում է Սամսունգի իննովացիոն կամպուսը: Նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանին՝ ՏՏ հմտություններ և բջջային հավելվածների մշակման գիտելիքներ ձեռքբերելու հնարավորություն ստեղծելով հայ պատանիների համար:

Տնտեսության զարգացման համար կենսական դեր ունի տեխնոլոգիական առաջընթացը, ինչին էլ իր հերթին նպաստում է տաղանդների զարգացումը: Հանդիսանալով տեխնոլոգիական առաջատար՝ Սամսունգն ունի անհրաժեշտ գիտելիք և ռեսուրսներ նշված առաջանցիկ նախագծի իրականացմանն իր կորպորատիվ պատասխանատվության ծրագրի շրջանակներում աջակցելու համար, իսկ UWC Դիլիջանը, որը սերտ ինտեգրվել է թե տեղական, թե տարածաշրջանի համայնքին, ունի անհրաժեշտ պայմաններ, օժանդակ կառույցներ և գործընկեր կազմակերպություններ նախագծի իրականացումն ապահովելու համար:

Սամսունգի իննովացիոն կամպուսի նպատակն է աջակցել Հայաստանի զարգացմանը կրթական ծրագրի միջոցով հայ պատանիներին օժտելով անհրաժեշտ հմտություններով: Նշված կրթական ծրագիրը ոչ միայն բարելավելու է մասնակիցների թվային գրագիտությունը, սովորելու հմտությունները, ստեղծարարությունը և երևակայությունը, այլ նաև պայմաններ է ստեղծելու հետագայում բջջային հավելվածների ծրագրավորման հանդեպ հետաքրքրություն ձևավորելու և երկրում իննովացիոն տեղեկատվական տեխնոլոգիաները տարածելու հարցում:

Սամսունգի իննովացիոն կամպուսի մեկնարկը նախատեսված է 2022թ. հունվարին: Նախաձեռնությանը կարող են մասնակցել 14-16 տարեկան հայ երեխաներ: Պիլոտային ծրագրում նախատեսվում է ընդգրկել Դիլիջան քաղաքը և հարակից համայնքները՝ հետագայում ընդլայնվելու ներուժով: Առաջիկա երեք տարիներին հեռավար աշխատարանների և առկա ձևաչափով բութքեմփերի համադրմամբ կներգրավվեն 150 երեխաներ: Առաջին դասընթացը կսկսվի 2022թ. հունվարին և կշարունակվի մինչև ամառվա վերջ, իսկ հետագա կուրսերը կանցկացվեն հոկտեմբերից մինչև ամառ:

Շուրջ 20,000 բնակչություն ունեցող Դիլիջան քաղաքը 2014թ. UWC Դիլիջանի դպրոցի հիմնադրման արդյունքում տրանսֆորմացիոն զարգացում է ապրել՝ դառնալով վերակառուցման և ուրբանիզացիայի օրինակ: Դպրոցը նշանակալի միջազգային ներկայություն է ապահովում Հայաստանում և տարածաշրջանում: Ունենալով համաշխարհային չափանիշներին համապատասխան բարձրակարգ կամպուս և ուսուցիչների և ուսանողների միջազգային համայնք՝ UWC Դիլիջանը ձգտում է գլոբալ, տարածաշրջանային և տեղական ներազդեցության:

Սամսունգի իննովացիոն կամպուսի ծրագիրն իրագործվելու է UWC Դիլիջանի գործընկերոջ՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ, որն օգնելու է տեղական դպրոցների հետ կապն ապահովելու գործում:

Ցուցադրել ավելի
Back to top button