Սփյուռքի ձայնը

Պատրիարքի հրաժարակա՞ն, թե՞ գործարքի չեղարկում․ «Սփյուռքի ձայնը»

Երուսաղեմի հայոց պատրիարքության կալվածքի շուրջ ծագած սկանդալից հետո սաղիմահայերից շատերը պահանջում են Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրաժարականը։

Երուսաղեմի վանքապատկան «Կովերի պարտեզ» տարածքը 99 տարով վարձակալության համաձայնագիրը սաղիմահայ համայնքի ներկայացուցիչ զրուցակիցս, որը չի ցանկանում իր անունը հրապարակենք, դավաճանություն է որակում։ Նուրհան պատրիարքը և հայր Պարետ Երեցյանը ամեն ջանք գործադրում են, որ համայնքի անդամներին, ինչպես նաև միաբաններին վախի մեջ դնեն, ասում է նա` այսպես բացատրելով իր անունը չհրապարակելու պահանջը։

«Մեր համայնքը շատ չի կարող խոսել այս մասին, քանի որ պատրիարքության հետ խնդիրներ կունենա։ Նրանցից է կախված երեխաների դպրոցներ հաճախելու և օթևան ունենալու հարցը»,- ասում է։ Նրա խոսքով՝ պատրիարքը օր առաջ իր ստորագրությունը պետք է հետ վերցնի այս չարաբաստիկ պայմանագրից և հրաժարականը տա։ Քանի դեռ նա Երուսաղեմի հայոց պատրիարքն է, նա Երուսաղեմի հայոց պատրիարքությանը և տեղի հայերին վտանգ է ներկայացնում, ասում է։

Երուսաղեմի պատրիարքության կալվածքների տեսուչ Պարետ ծայրագույն վարդապետ Երիցյանը, որը վարձակալության պայմանագրի երեք ստորագրողներից մեկն է, վստահեցնում է, որ պատրիարքությունը մշտապես հետևելու է այդ տարածքում բարձրակարգ հյուրանոց կառուցող վարձակալի գործունեությանը։

«Մեր պատրիարքությունը կա, գոյություն ունի և ունենալու է։ Այս գործարքը լավագույններից է, քանի որ նյութական մեծ հնարավորություն է ստեղծելու պատրիարքության համար։ Ես՝ 75 տարեկան եմ, ինձ միայն հետաքրքրում է պատրիարքության գոյությունն ու ապահովությունը»,- ասում է հայր Պարետ Երիցյանը։

Աշխարհիկ զրուցակիցս նկատում է, որ համայնքը, որը գնալով նոսրանում է, կարողանում է պահպանել ազգային ու մշակութային ավանդույթները, ինչը, ըստ նրա, պատրիարքական անհեռատես որոշումների պատճառով հնարավոր է կորցնել։

Հենց նման խնդիրները հաշվի առնելով է, որ պահանջում ենք պատրիարքի հրաժարականը, ասում է նա։ «Տարիներ ու տասնամյակներ շարունակ այս հողատարածքը մեր միաբաններն ու պատրիարքները պահպանել են, իսկ շատ հայ բարերարներ պատրիարքությանը գումարներ են փոխանցել։ Նրանց ու մեր ավանդույթները հաշվի առնելով պետք էր ավելի զգույշ գործել, որպեսզի չվնասվի հայի տարածքն ու ապագան․»,-ասում է անանուն զրուցակիցս։

Հայր Պարետ Երեցյանը ի պատասխան նշում է, որ բիզնես գործարքների ժամանակ ազգային, կրոնական որևէ պատկանելություն իրենք չեն հարցնում։ Դա, ըստ նրա, կարող է խանգարել կամ խոչընդոտ դառնալ պետության և բիզնեսի հետ հարաբերություններում։

Աշխարհիկ զրուցակիցս պատրիարքի, Հայր պարետ Երեցյանի և լուսարարապետի գործողությունները համայնքի և նախորդ պատրիարքների, համայնքում և պատրիարքության գործունեության համար ներդրումներ արած հայ բարերարների հանդեպ անհարգալից համարելով՝ նշում է, որ թեև պատրիարքությունն է որոշում իրեն շրջապատող տարածքների ճակատագիրը, սակայն դրանք պետք է լինեն օրինականության սահմաններում։

Հայր Պարետ Երիցյանը, որը պատրիարքի և իր հրաժարականը պահանջող միաբանների այսօրվա վարքագիծը սխալ գնահատելով, նշում է․ այլևս այդ միաբանների՝ հատկապես նրանց, որոնք Երուսաղեմում չեն աշխատում և միաբանության հետ կապ չունեն հանդիպումը կամ այս հարցի շուրջ քննարկումները անիրական են, քանի որ գործարքը եղել է և այն չեղարկելու ցանկություն պատրիարքությունը չունի։

Նախօրեին էլ Գերագույն հոգևոր խորհուրդն էր անդրադարձել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, որտեղ նշել է, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրեր առաջ նամակ է ուղարկել Երուսաղեմի Հայոց Պատրիարքին՝ հորդորելով, մեջբերում եմ «պատշաճ լուսաբանությամբ ու ժողովական տնօրինություններով փարատել մտահոգությունները և միաբանության մեջ վերականգնել համերաշխությունը»։

Ի պատասխան՝ Նուրհան պատրարքը 14 վարդապետերի հետ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ ինքը մենակ չէ, պատրիարքության 14 վարդապետեր աջակցում են իրեն։ Ստացվում է, որ խնդրի հետ կապված Երուսաղեմի հայոց պատրիարքությունը երկու մասի է բաժանվել: Երուսաղեմի Հայոց պատրիարքության կալվածքների տեսուչ հայր Պարետ Երեցյանը անդրադարձավ «Կովերի պարտեզ» տարածքի հետ տարբեր ժամանակներում հայ գործարարների հետ ունեցած հանդիպումներին, բանակցություններին և դրանց արդյունքներին։

Ցուցադրել ավելի
Back to top button