ԿարևորՀասարակություն

Հրապարակվել է 44-օրյա պատերազմում զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների թիվը

Հետպատերազմյան շրջանում Արցախի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունն իրականացրել է 20-ից ավելի միջոցառում՝ մեղմելու սոցիալ-տնտեսական խնդիրները, տրամադրվել է շուրջ 156 միլիարդ դրամ՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության հարցին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը

«Իրականացվող աջակցության միջոցառումների շրջանակում Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից կոմունալ ծախսերը ֆինանսավորելու համար 2020 և 2021 թվականների ընթացքում պետական բյուջեից նվիրաբերվել է 9.8 միլիարդ դրամ:

Արցախի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, կենսաթոշակառուների և նպաստառուների կենսաթոշակներն ու նպաստները վճարելու, կապիտալ շինարարության և առողջապահական ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ 2020 և 2021 թվականների պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 44.7 միլիարդ դրամ բյուջետային վարկ»,- ասել է նախարարը:

Ներկայացնելով զոհված զինծառայողների, գերեվարված զինծառայողների և քաղաքաքացիական անձանց, ինչպես նաև անհետ կորածների վերաբերյալ տվյալները՝ Նարեկ Մկրտչյանը հայտնել է, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալների՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը կազմում է 3788 անձ, այդ թվում՝ 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ։

«Անհայտ կորած է համարվում 222 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը կազմում է 40 մարդ, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ»,- ասել է նախարարը։

Նախարարը հայտնել է, որ այս ընթացքում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել 114 զինծառայող և քաղաքացիական անձ։

Ցուցադրել ավելի
Back to top button