ԿարևորՔաղաքական

Կառավարությունը պատրաստ է ստորագրել սեղանին դրված առաջարկությունը դեմարկացիայի գործընթաց սկսելու վերաբերյալ․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 16-ի սահմանային լարվածության հետևանքով  որևէ փոփոխություն մայիսի 12–ից հետո ստեղծված իրավիճակում չի եղել՝ ԱԺ–կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չկրակելու հրաման չի եղել,  ավելին՝ հարկ է համարվել  պատշաճ քննություն սկսել պարզելու, թե  ինչ պայմաններում են գերեվարվել հայ զինվորները։ Փաշինյանը բացահայտել է նաև, թե վերջին շրջանում ինչ ուղերձներով են կողմերի հետ բանակցում  միջազգային հանրության ներկայացուցիչները։

Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղելու համար ժամանակավորապես դահլիճ են վերադարձել ընդդիմության՝  «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները։ «Հայաստան» խմբակցությունը շարունակել  է երեկվանից սկսած բոյկոտը։

Չկրակելու հրաման չի եղել․ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այդ հրամանը համեմատելով պետական դավաճանության հետ։

«Այստեղ իշխանության ընդդիմության հարց չէ։ Ի՞նչ է նշանակում հրաման է եղել չկրակելու, այդպիսի բան չի կարող լինել։ Ի բնե հնարավոր չի այդպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման։ Դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»։

Վարչապետը լուրջ քննության կարիք է տեսնում՝ հասկանալու համար, թե ինչ պայմաններում է ադրբեջանական կողմը նոր զինծառայողներ գերեվարել։ Ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ հետաքննվի՝ ասում է։

«Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն, և յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք՝ այդ դեպքի հետ գործ ունենք, թե այդ դեպքի հետ գործ չունենք։ Ակնհայտ է և ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր և անգիտակից վիճակում է և գերեվարվում է, իհարկե, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել»։

Փաշինյանը որոշեց խոսել ավելի բաց՝ պատկերացնելով, որ նիստը դռնփակ է և պատկերավոր ներկայացրեց, թե վերջին շրջանի բանակցություններում միջնորդներն ինչ են ասում կողմերին։

«Միջազգային հանրությունը ի՞նչ է ասում։ Կոպիտ ասած՝ միջազգային հանրությունը մեզ ասում է՝ դե հերիք է շաբաթը մեկ ասեք հրադադարի ռեժիմը խախտվեց, կներեք, մեր ստեղն են հասցրել, գնացեք իրար հետ լուծեք, ձեզ ինչի՞ է թվում, որ ամբողջ աշխարհը ձեր հարցերով  պիտի զբաղվի։ 5 տարի առաջ, 10 տարի առաջ էլ ենք այս կետում եղել։ Պետք է գնանք լուծումների»։

Իսկ լուծումը, ըստ Փաշինյանի, սահմանազատումն ու սահմանագծումն է, որի առաջարկը ՌԴ–ն արել է առնվազն 3 անգամ, և հայկական կողմը պատրաստ է ընդունել այն։ Փաշինյանը կասկածում է, որ այդ գործընթացի ձգձգումը գալիս է ադրբեջանական կողմից։ Նաև հստակեցնում է՝ ունեցել ենք «ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծում» ձևակերպումը, իսկ միջազգային հանրության համար պարզապես գոյություն ունի հարցի լուծում։

«Պիտի գնանք լուծումների հասկանալով, որ չկա հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում։ Կա լուծում և չլուծում»։  

Ինչ վերաբերում է վերջին օրերի իրադարձություններին, ապա այս առումով էլ վարչապետը հստակեցնում է՝ սահմանին հայկական և ադրբեջանական դիրքերը տեղակայված են անտրամաբանական, շախմատաձև, երբեմն՝ իրար մեջ մխրճված։ Լուծումը տեսնում է խորհրդային քարտեզների մեջ։ Սակայն, այստեղ էլ վկայակոչում է, որ կան տարածքներ, որոնք փոխադարձ տնօրինության տակ են և պետք է համատեղ հասկանալ, թե ինչպես այդ հարցը պետք է լուծել։

Միաժամանակ խորհրդարանում չեն շտապում հայ-ադրբեջանական սահմանին մի քանի ժամ պահպանվող հրադադարը գնահատել որպես կայուն իրավիճակ։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը  հիշեցնում է 44-օրյա պատերազմի մի քանի հրադադարների «ճակատագիրը»։

«Կարծում եմ, փխրուն է։ Ժողովուրդ ջան, ադրբեջանցիներին նո՞ր եք ճանաչում։ քանի՞ անգամ է եղել հրադադար 44-օրա պատերազմի ժամանակ, տեսել եք, չէ՞, հրադադարի վերջը։ Եղել է և չի ստացվել։ Փառք Աստծո այսօր այդ հրադադարը կա, բայց դա չի նշանակում, որ հաստատ հրադադար է և ամեն րոպե ամեն ինչ կարող է լինել»։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամը  հաստատում է, որ սահմանային լարվածության առնչությամբ բանակցությունները շարունակվում են, բայց թե ինչի մասին են բանակցությունները, Խաչատրյանը չի հստակեցնում։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամը հստակեցնում է, որ ուժի կիրառումով միջանցք ստանալու տարբերակը չի գործելու․

«Չի կարող միջանցք տրամադրվել Ադրբեջանի Հանրապետությանը և ուժով որևէ երկիր, Ադրբեջանը՝ մեր թշնամին, չի կարող ստանալ այդ միջանցքը։ Սա արդեն կվերածվի լայնածավալ պատերազմի, և մեր ժողովուրդը չի հանդուրժելու ոտնձգությունը մեր երկրի նկատմամբ։ Հիմա փորձում են հրադադարի հասնել և առաջ անցնել խաղաղ ճանապարհով, բայց եթե թշնամական ոտնձգությունները շարունակվեն, սա չի հանդուրժվելու։ Մեր և մեր ժողովրդի համբերությունը սահման ունի։ Անկախ ամեն ինչից՝ ռազմական առավելությունից և այլնից, Սյունիքում որևէ հաջողության թշնամին այլևս չի կարող հասնել»։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հաստատում է՝ Հայաստանի ԶՈՒ-ն երեկ լուրջ գործ է արել․

 «Ամենակարևոր իրողությունն այն է, որ հետպատերազմյան պայմաններում երեկ մեր բանակը կռվեց։ Դա շատ կարևոր էր։ Հետո ինչ կլինի՝ էլի բոլորիցս է կախված ։ 100 թե 158 օր առաջ ես, Մելքոնյանը և Բաքոյանը եղանք բոլոր այն հատվածներում, որոնք այսօր լարվածության օջախներ են։ Երբ վերադարձանք, վարչապետի հետ խոսելիս իմ առաջին արձանագրումն այն է եղել, որ մենք ունենք կորպուսի լավ հրամանատար»։

Նիկոլ Փաշինյանը հաստատում է՝ կառավարության ծրագրում ամրագրված  է, որ խաղաղության դարաշրջան է բացվելու։ Գործադիրում գիտակցում են, որ դա պահանջելու է ամուր նյարդեր և երկար աշխատանք, բայց, միևնույնն  է, ընտրել են այդ ճանապարհը։  

Ցուցադրել ավելի
Back to top button