ԿարևորՀասարակություն

Դպրոցի ճամփան՝ դժվար ու երկար․ հեռավար ուսուցումը՝ փակ ճանապարհների այլընտրանք

Անցած շաբաթ Գորիս-Որոտան, այս շաբաթ՝ Կապան-Ճակատեն ավտոճանապարհներին տեղադրված ադրբեջանական անցակետերը դժվարացրել են դպրոց տանող ճանապարհները։ Գորիսի Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի դպրոցներին Սյունիքի մարզպետարանն ավտոմեքենաներ և վառելիք է հատկացրել՝ ուսուցիչների երթևեկը կազմակերպելու համար։ Կապանի տարածաշրջանի դպրոցներում նաև հեռավար ուսուցում են կազմակերպել։

Սյունիքի Ճակատեն, Շիկահող, Ծավ,  Ներքին Հանդ գյուղերի դպրոցներում դասապրոցեսը  չի ընդհատվել, թեպետ ճանապարհներին տեղադրված ադրբեջանական անցակետերը խնդիրներ են առաջ բերել։ Գորիսի տարածաշրջանի Բարձրավան, Որոտան, Շուռնուխ բնակավայրերի դպրոցներին Սյունիքի մարզպետարանը տրամադրել է ավտոմեքենաներ՝ ուսուցիչների երթևեկը ապահովելու համար։

Ծավի և Ներքին Հանդի դպրոցներում  դասերը կազմակերպվել են առկա, բոլոր ուսուցիչները այս համայնքների բնակիչներ են։ Ծավի դպրոցն ունի 27 աշակերտ, 15 ուսուցիչ։ Վառելափայտով ապահովված են։ Դպրոցի տնօրեն Յուրիկ Մարտիրոսյան․

«Մենք հեռավար կրթություն չեն կազմակերպել, որովհետև ուսուցիչներն ու աշակերտները գյուղից են։ Այս առումով խնդրի չունենք։ Տաք է դասասենյակներում, վառելափայտով ապահովված ենք»։

Ճակատենի հիմնական դպրոցում  7 աշակերտ է սովորում։ Նոյեմբերի 15-ից դասերն անցնում են հեռավար։ Կապի անհրաժեշտ միջոցներով աշակերտներն ապահովված են։ Դպրոցի տնօրեն Եղիշե Բաբայանն ասում է՝ հեռավար ուսուցման հետ կապված դժգոհություններ  աշակերտներն ու ծնողները չունեն․

«Օրենքով սահմանված կարգով հեռավար ուսուցումը կազմակերպվում է սմարթ հեռախոսներով, կոմպյուտերներով։ Հեռավարի հետ կապված փորձ ունենք, աշխատում ենք։ Բոլոր առարկաները հեռավար են, դե, ֆիզկուլտուրան է մի քիչ բարդ, էն էլ տեսական ենք անցկացնում»։

Շիկահողի դպրոցի տնօրեն Արևիկ Հակոբյանի տեղեկացմամբ՝ առարկաներից միայն մեկն է հեռավար դասավանդվում։ Դպրոցն ունի 11 աշակերտ, 11 մանկավարժ․ բոլորը նույն բնակավայրից։ Ինքն այս օրերին Կապանում է, աշխատում է հեռավար, բայց շուտով դպրոց կգնա։

Ասում է․«Մեկ ուսուցիչ է, որ հեռավար է պարապում, բայց շուտով մենք այլընտրանքային ճանապարհով կգնանք դպրոց։ Մենք խնդիր չենք տեսնում»։

Սյունիքում գտնվող «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման ղեկավար Վահագն Ստեփանյանը «Ռադիոլուր»-ին տեղեկացրել է, որ Ճակատեն տանող այլընտրանքային՝  Գեղանուշի պոչամբարի տարածքով անցնող ճանապարհն այս պահին անցանելի է բարձր մեքենաների համար։ Վահագն Ստեփանյան․

«Ճակատենի մասով մենք հիմա Գեղանուշի հատվածով անցանելիության բարելավման աշխատանքներ ենք իրականացնում։ Խճապատում ենք, որպեսզի անձրևային եղանակին խնդիր չառաջանա»։

Շիկահողի դպրոցի տնօրեն Արևիկ Հակոբյանն ասում է՝ գյուղում վիճակն անսովոր է, բայց մարդկանց տրամադրությունն անկումային չէ։ Հակառակը՝ ակտիվություն կա․  

«Մի տեսակ ակտիվ են թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները։ Ես դա զգում եմ։ Եթե այս երկու օրերին էլ այլընտրանքային ճանապարհը լրիվ բացվի, գոնե բարձր մեքենաների համար, ամեն բան կընկնի տեղը»։

Ծավի 27 աշակերտները գյուղ ու դպրոց փոխելու մտադրություն չունեն,–ասում է դպրոցի տնօրեն Յուրիկ  Մարտիրոսյանը։ Ծավը պիտի շեն մնա  

«Մենք պետք է ապրենք, ստեղծենք, ապրենք մեր գյուղում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 4-ի որոշմամբ Սյունիքի մարզին հատկացվել է 9 միլիարդ դրամ՝ մարզում կրթական որակյալ ծառայություններ ապահովելու նպատակով։ Թե ի՞նչ է արվում որոշումը կյանքի կոչելու համար, կներկայացնենք առաջիկայում։

Ցուցադրել ավելի
Back to top button