ԿարևորՔաղաքական

Արարատ Միրզոյանը հանդիպումը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Հանդիպման ընթացքում իր ելույթում Արարատ Միրզոյանը նշել է․

«Բարև ձեզ: Շնորհակալ եմ, որ ընդունել եք այս հրատապ հանդիպման իմ հրավերը:

Մեր այս հանդիպման նպատակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երեկ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունների մանրամասները ձեզ ներկայացնելն է:

Տեղյակ եք, որ երեկ տեղի է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցում: Դրան նախորդել էր երկու օր առաջ` նոյեմբերի 14-ին, հերթական ներթափանցման փորձ: Կեսօրին, ավելի ճշգրիտ՝ նոյեմբերի 14-ին, 13:00-ին, ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին Հայաստանի Հանրապետության տարածք, որի հետևանքով չորս հայկական հենակետեր հայտնվել էին շրջափակման մեջ: Բանակցությունների արդյունքում ադրբեջանական այդ զինվորականները և տեխնիկան դուրս էին բերվել ՀՀ տարածքից: Բայց լարվածությունը դրանով չէր թուլացել, և երեկ` կրկին նույն ժամին, մոտավորապես նույն հատվածում տեղի է ունեցել հերթական նոր ներթափանցում, որն ուղեկցվել է նաև զրահատեխնիկայի, հրետանու, տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, և, ըստ էության, կարող եմ ասել` ադրբեջանական կողմը կիրառել է հավանաբար ամեն ինչ` բացի օդուժից:

Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Եվ պետք է նկատենք, որ մենք չենք կարող սա անվանել այլ կերպ, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Երեկ երեկոյան ժամը 18:30-ի դրությամբ ռուսական կողմի միջնորդությամբ մարտական գործողությունները դադարեցվել են, սակայն այդ հատվածում ներթափանցման արդյունքում ադրբեջանական զինուժի ներկայությունը ՀՀ-ում շարունակում է մնալ:

Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին հայկական կողմն ունի հաստատված 1 զոհ, 12 գերեվարված հայ զինծառայող, և ևս 24 հայ զինծառայողի ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ռուսական կողմի մասնակցությամբ ընթանում են որոնողական աշխատանքներ։

Ակնհայտ է, որ այս գործողություններին նախորդել են ամիսներ շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից շատ հստակ հայատյաց, քսենոֆոբիկ, ագրեսիվ հայտարարությունները, ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունները, նկրտումները, հավակնությունները, ինչպես նաև, այսպես կոչված, «միջանցքային տրամաբանությունը»․ միջանցք ունենալու հայտարարությունները, այդ թվում՝ ուժի կիրառմամբ միջանցք վերցնելու վերաբերյալ ուղղակի հայտարարությունները։

Ուզում եմ տեղեկացնել նաև, որ մեր խորը համոզմամբ՝ Ադրբեջանի այս վարքագիծը հետևանք է նրա, որ մեր միջազգային գործընկերները և միջազգային հանրությունն առհասարակ, պատշաճ և հասցեական չեն արձագանքել Ադրբեջանի կողմից ուժի կիրառմանը դեռ անցած տարի Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ժամանակ, և այնուհետ նաև այս ամիսների ընթացքում՝ իմ նշած հայտարարությունների, վարքագծի կապակցությամբ: Մեր համոզմամբ, բոլոր նշածս սադրիչ, ագրեսիվ հայտարարություններին և գործողություններին միջազգային հանրության արձագանքը չի եղել հասցեական և պատշաճ:

Կողմերի միջև հավասարության նշան դնող շարունակական հայտարարություններն Ադրբեջանի կողմից ուղղակիորեն ընկալվել են իբրև խրախուսանք՝ շարունակելու այդ վարքագիծը: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկեր ու բարեկամ երկրներն անհապաղ և հասցեական կարձագանքեն այս գործողություններին և կկիրառեն իրենց անմիջական ազդեցությունն Ադրբեջանի Հանրապետության վրա՝ հորդորելու դադարեցնել սադրիչ գործողությունները և ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել նաև, որ ՄԱԿ-ի կանոնադրության և բոլոր երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Եվ այս պահից սկսած, իրավիճակի հետագա լարման ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն ընկնում է Ադրբեջանի Հանրապետության վրա:

Ուզում եմ խոսել նաև մեկ այլ քաղաքական նրբերանգի մասին: Մեր համոզմամբ՝ Ադրբեջանը, լարվածությունը տեղափոխելով Հայաստան-Ադրբեջան սահմանագիծ, Հայաստանի Հանրապետության տարածք, փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է ինչպես իր տարածքային ամբողջականությունը, այնպես էլ՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»:

Հանդիպման վերջում Արարատ Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։

Ցուցադրել ավելի
Back to top button