ԿարևորՔաղաքական

Սահմանային լարվածությունը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձեւի ընդունումը կանխելու փորձ․ քաղաքագետ

Այն, ինչ այսօր կատարվում է հայ–ադրբեջանական սահմանին, ուղիղ կապ ունի ԵԱՀԿ ՄԽ–ի ու Հայաստանի եւ Ադրբեջանի ՝ «3+2» ձեւաչափով  մշակվող բանաձևի  նախագծի հետ։ Այն միջնորդները պատրաստվում են ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ՝  «Ռադիոլուրի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել  «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրեաս Ղուկասյանը։ Նա հիշեցրել  է, որ այդ  նախագծի շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2015 թվականից, սակայն 44-օրյա պատերազմը փոխել է դրա որոշ դրույթներ։ Օրերս Ֆրանսիայում  ԵԱՀԿ ՄԽ միջնորդների հովանու ներքո կայացած Արարատ Միրզոյան– Ջեյհուն Բայրամով հանդիպումը, ըստ  Ղուկասյանի, տրամադրություններ ճշտելու նպատակ ուներ։

Իրականացնել միջազգային կառավարում, ստեղծել  բուֆերային գոտի, հանրաքվեով որոշել Արցախի կարգավիճակի հարցը, սրանք այն հիմնական շեշտադրումներն  են, որոնք կարող  են  տեղ գտնել  ՄԱԿ-ի ԱԽ–ում քննարկվելիք բանաձեւում, «Ռադիոլուր»–ի հետ զույցում ասում է Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։  Ֆրանսիայում  ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների օրերս կայացած հանդիպումը, զրուցակցիս համոզմամբ, այդ փաստաթղթի նախապատրաստման երկրորդ փուլն էր։

«Խոսքը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների միջեւ համաձայնեցված  բանաձեւի նախագծի մասին է։ Այն շատ վաղուց է սկսել քննարկվել։ Այն եղել է  կարգավորման փաթեթի մաս կազմող փաստաթուղթ, Լավրովի պլանի թղթապանակի մեջ է մտել ։ Իհարկե, 44-օրյա պատերազմը լրջագույն փոփոխություններ մտցրեց իրավիճակի մեջեւ, եւ այս մեկ տարվա ընթացքում ՄԽ-ն այս ընթացքում աշխատել է փաստաթղթի վրա, որը ենթադրում է, որ այն, ինչ նախատեսված է եղել մադրիդյան սկզբունքներով, պետք է իրականացվի կարգավորման հասնելու համար»։

Քաղաքագետն ասում է, որ համանախագահներն այս փուլում  համաձայնեցնում են ՄԱԿ-ի մանդատով միջազգային կառավարում իրականացնելու և բուֆերային գոտի ստեղծելու  հարցը՝ անվտանգության երաշխիքներ ստեղծելու համար։

«Հասկանալի է, որ միջազգային կառավարումն անհրաժեշտ է, որպեսզի պայմաններ ստեղծվեն այդ հանրաքվեն անցկացնելու համար։  Հնարավորություն պետք է տրվի, որ Հադրութի ու Շուշիի բնակիչները վերադառնան իրենց տներ։ Ժամկետները հարցը հանրաքվե անցկացնելու համար գաղտնի է պահվում, Լավրովի պլանը մինչ պատերազմը, այն մասին էր, որ ժամկետ չդրվի, բայց 44-օրյա պատերազմը փոխել է իրավիճակը եւ չի բացառվում, որ ժամկետ դրված լինի։ Առհասարակ  միջազգային պրակտիկայում նման հանրաքվեներ անցկացնելու համար սահմանվում է 5 տարի։  

Շփման գծում արձանագրվող սադրանքներն ու լարվածությունը նկատի ունենալով՝  որքանով է հավանական բանաձեւի ընդունումը այն տեսքով, որով մշակվել է։  Անդրեաս Ղուկասյանի խոսքով՝ բանաձեւը կընդունվի Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում, սակայն Ֆրանսիան ու ԱՄՆ-ը,  անկախ Բաքվի առարկություններից,  այն կներկայացնեն ՄԱԿ-ի ԱԽ։

«Առաջիկայում Եվրոպայի խորհուրդը կհստակեցնի, թե որ կողմն է խախտել հրադադարը։ Երբ պարզ դառնա, որ այդ երկիրը Ադրբեջանն է, այլեւս անհրաժեշտ չի լինի  Ադրբեջանի կարծիքը գործընթացը շարունակելու համար։  Միջազգային սկզբունքներ խախտող կողմը զրկվում  է սովորաբար իր իրավասություններից»։ 

Փարիզյան հանդիպումն, ըստ էության, նպատակ ուներ ճշտելու Հայաստանի ու Ադրբեջանի տրամադրությունները՝  ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի նախագծի վերաբերյալ։  Երեւանն ու Բաքուն պետք է դիրքորոշում  ներկայացնեն մեկ ամսվա ընթացքում։  Այսինքն՝ մինչեւ այս տարվա դեկտեմբեր հստակ կլինի կողմերի դիրքորոշումը, ինչից հետո էլ միջնորդ երկրները կշարունակեն գործընթացն  արդեն ՄԱԿ-ի շրջանակում։  Զրուցակիցս համոզված է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում փաստաթղթի քննարկումը հնարավորություն կտա կարգավորել հակամարտությունը, ինչը չի հաջողվում կյանքի կոչել ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում։«

«Օր օրի ավելացող միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին  այն բանի վկայությունն են, որ Ադրբեջանը սադրանքներով փորձում է ձախողել այդ գործընթացը»։  

44–օրյա պատերազմի սկզբին՝ սեպտեմբերին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է  դռնփակ արտակարգ նիստ գումարեր եւ անդրադառնար արցախյան հակամարտությանը, ինչի արդյունքում բանաձեւի ընդունում էր ակնկալվում, սակայն գործընթացը վիժեցվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից մեկի կողմից։  Այդ երկրները  հինգն են՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Չինաստան, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա։ Հենց այդ երկրներն ունեն որոշումների վրա վետո դնելու իրավունք:

Ցուցադրել ավելի
Back to top button