ԿարևորՀասարակություն

Ռոբերտ Աբաջյանի մասին հուշերը՝ նաև գրքում․ Արցախի հերոսը կդառնար 25 տարեկան

Լեգենդար 116 մարտական դիրքն ու նրա պահապանները՝ Արմենակը, Ռոբերտը, Քյարամն ու Անդրանիկը, ապրիլյան պատերազմի խորհրդանիշերն էին։ Այսօր էլ շարունակում են խորհրդանշել պայքարն ու կանգուն մնալու ոգին։ Նրանցից մեկը՝ Ռոբերտ Աբաջյանը, այսօր  կդառնար 25 տարեկան։ Հարազատներն ու ընկերները Արցախի հերոսի ծնունդը նշելու համար այս անգամ ոչ միայն Եռաբլուր, այլ նաև Գրողների միություն էին գնացել․ ծննդյան առթիվ լույս է տեսել հերոսին նվիրված գիրք-հուշագիրը։

«Զորամասում անվանականչ է։ Առաջինը հնչում է Ռոբերտ Աբաջյանի անուն- ազգանունը։ Զորքն ամբողջ ուժգնությամբ պատասխանում է
-Ներկա»։

Մեջբերումը «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» գրքից է։ Լույս է տեսել այսօր՝ հերոսի ծննդյան առթիվ։ Ռոբերտը կդառնար 25 տարեկան․

«Ես ուղղակի մարդ եմ, որը դեռ 19 տարեկանում կարծեց, որ անպայման պետք է հերոսների մասին վավերագրություն արվի։ Այդ ժամանակ կարճ մի բան ստացվեց, որոշ ժամանակ անց ընտանիքն ինձ գտավ ու առաջարկեց, որ պետք է գիրք գրեմ Ռոբերտի մասին։ Մոտ երկու տարի աշխատեցի, ու չնայած ողբերգական դադարներին՝ ի վերջո ուժ գտա իմ մեջ ավարտելու»։

Լրագրող Լիլիթ Հարությունյանը ապրիլայն պատերազմից հետո որոշել է վավերագրել հերոսների կյանքը։ Գրքի վրա աշխատել է ավելի քան 2 տարի, այս ընթացքում հասցրել է ծանոթանալ ու հարազատանալ Ռոբերտի ընտանիքի, բոլոր մտերիմների, ընկերների, մարտական ընկերների հետ։ Գիրք-հուշագիրն ամբողջացնում է հենց նրանց պատմությունները․

«Բայց ինձ համար գրքի մեխը Մարտակերտից իմ ապրումներն են, երբ 2 տարի առաջ եղա Մարտակերտ՝ 116 մարտական դիրք, որտեղ տղերքի հերոսական պայքարը տեղի է ունեցել և էն, ինչ ես էնտեղից եմ գրել, որևէ ուրիշ տեղ հնարավոր չէ գտնել»։

«Երբ բակում թաղված ոսկեգույն ավազի մեջ որոշեր թավալվել, չէիք գտնի իրեն ա՛յ այդքան արևագույն էր Ռոբերտը։ Տղան ողջ կյանքում մնաց Արևին սիրահար, գնաց դեպի արևը մեկ դարձան»,–գրում է Լիլիթը։ Ռոբերտի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը, նշում է՝ հենց արևոտն ու լուսավորն են ցանկացել ներկայացնել․

«Գրքում աշխատել ենք ներկայացնել իր կյանքի էն ուրախ դրվագները, որ իր 20 տարվա մեջ թողեց մեզ։ Իհարկե, իր հետ կապված ոչ լրիվ դրվագներն ու պատմություններն են, աշխատել ենք հնարավորինս դիպուկ իր տեսակը նկարագրել, որպեսզի մեր ընթերցողին պարզ լինի նրա կերպարը, նրա էությունը և այն պայմանները, մարդկային հատկանիշները, որ իրեն դրդեցին էդ քայլին»։

Պապիկը 2 ցանկություն ունի՝ թող մարդիկ ճանաչեն հերոսներին, և թող գրքի շնորհանդեսներ շատ լինեն, բայց ոչ այս ձևաչափով։ Հեղինակը ասում է՝ սա իր առաջին, բայց վստահաբար ոչ վերջին գիրքն է․

«Չգիտեմ՝ կուզեի՞ լիներ շարունակություն, թե՞ ոչ։ Նկատի ունեմ՝ կուզեի՞ նոր հերոսներ, թե՞ ոչ։ Բայց ես մի բան գիտեմ, որ էն տղաները, ովքեր զոհվեցին, մեր վերածնունդի խորհրդանիշներն են։ Էնպես որ պատումները, որ իրենց մասին կգրենք, պիտի լինեն վերածնունդի մասին և այդ համատեքստում անպայման արժե, որ գրվեն»։

«Կացարանից դիտակետ կարճ ճանապարհին հաստաբուն ծառ է՝ ասես կայծակի հարվածից կես դարձած։ Պատերազմի օրերին հակառակորդի ռմբակոծությունից է ծառը վնասվել, արմատները հողի մեջ են։ Ռոբերտի ու ընկերների պայքարը խորհրդանշում է այդ ծառը, որը կանգուն մնաց»։

Հեղինակը գրքում տեղ գտած այս տողերի տրամադրությամբ է նշում՝ հերոսի ծնունդի օրը պետք է կենտրոնանալ կանգնուն մնալու վրա․

«Հիմա, երբ մակագրում եմ գիրքը, բոլորին նույն մաղթանքն եմ գրում, գրում եմ՝ Արցախը վերաազատագրելու մաղթանքով, որովեհետև կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ուզում են Ռոբերտի հիշատակը վառ պահել, պիտի վերաազատագրեն Արցախը, դա լավագույն շնորհակալությունն է իրեն»։

Ցուցադրել ավելի
Back to top button