ԿարևորՀասարակություն

Օհայոում բացվել է «Մենք ենք, մեր սարերը» հուշարձան

Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում Հայկական մշակութային այգու տարածքում բացվել է Արցախի «Մենք ենք, մեր սարերը» նմանօրինակ հուշարձանը։ Ինչպես հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից, բացվան արարողության մասնակցել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, որը աշխատանքային այցով ժամանել էր Օհայո նահանգ տեղի հայ համայնքի հետ հանդիպելու նպատակով։

Այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին դեսպան Մակունցը, Քլիվլենդի Հայ մշակութային խմբի հրավերով, մասնակցել է Արցախի «Մենք ենք, մեր սարերը» նմանօրինակ հուշարձանի բացման արարողությանը։ Արարողությունը կայացել է «Քլիվլենդի Մշակութային Այգիներ Ֆեդերացիայի»  կազմում գտնվող Հայկական մշակութային այգու տարածքում։

Բացման արարողությանը մասնակցել են ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Քլիվլենդի Սուրբ Գրիգոր Նարեկացի հայ առաքելական եկեղեցու քահանա Տեր Հրաչ Սարգսյանը և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հուշարձանի բացման արարողությանը ելույթով հանդես է եկել դեսպան Մակունցը, ով կարևորել է հայկական այգում նման հուշակոթողի տեղադրումը, որպես հայ մշակութային ժառանգության օրինակ, ինչպես նաև հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշ։

Այնուհետև դեսպան Մակունցն այցելել է նաև Քլիվլենդի հայկական «Արարատ» ձյուդոյի դպրոց, ծանոթացել դպրոցի կատարած աշխատանքներին և իրականացվող գործունեությանը։

Երեկոյան Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուն կից սրահում կազմակերպվել էր դեսպան Լիլիթ Մակունցի հանդիպումը հայ համայնքի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, 44-օրյա պատերազմին հաջորդած հումանիտար մարտահրավերները և տարածաշրջանում ներկայիս իրավիճակը։

Դեսպան Մակունցը կարևորել և բարձր է գնահատել ԱՄՆ-ում հայ համայնքի դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում։ Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը պատասխանել է համայնքին հուզող մի շարք հարցերին։

Նոյեմբերի 14-ի առավոտյան դեսպան Մակունցը մասնակցել է Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում կայացած պատարագին, որը նվիրված էր արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում նահատակված հայ զինվորների հիշատակին։ Դեսպան Մակունցը մասնակցել է նաև պատարագին հաջորդած հայ համայնքի և եկեղեցու կողմից կազմակերպված ընդունելությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button