ԿարևորՀասարակություն

Մինչև նորի կառուցումը Ճակատեն տանող այլընտրանքային ճանապարհը կշահագործվի

Ճակատեն տանող պահուստային այլընտրանքային ճանապարհը կշահագործվի, մինչեւնորը կառուցվի․ «Ռադիոլուրին» ասել է Սյունիքի Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը, ով իր ավտոմեքենայով  այլընտրանքային ռեզերվային ճանապարհով գյուղից հասել է Կապան։ Նախատեսվում է այս ճանապարհով ժամանակավոր կարգավորել Ճակատեն հասնելու հարցերը, մինչեւ կառուցվի նոր հիմնականը՝ բացատրել է Բաղդասարյանը։
Աշխատանքային այցով Սյունիքում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանը՝ ծանոթանալու մարզում այլընտրանքային ճանապարհների աշխատանքների ընթացքին։ Նա եղել է Ճակատենում, որտեղ ժամանակավոր պահուստային ավտոճանապարհն են բարելավում։

Ճակատեն տանող այլընտրանքային՝  Գեղանուշի պոչամբարի տարածքով անցնող ճանապարհն այս պահին անցանելի է բոլոր բարձր մեքենաների համար՝ «Ռադիոլուրին» տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանը, ով Սյունիքում ծանոթանում է կառուցվող այլընտրանքային բոլոր ճանապարհների ուղղություններին։ Խոսքը Ճակատեն տանող հիմնական՝ մինչ ադրբեջանական մաքսակետի տեղադրումը շահագործվող ճանապարհի մասին չէ։ Դեպի Ճակատեն պահուստային այլընտրանքային ճանապարհը կշահագործվի, մինչեւնորը կառուցվի։

«Ճակատենի մասով․ մենք հիմա Գեղանուշի հատվածով անցանելիության բարելավման աշխատանքներ ենք իրականացնում,  որպեսզի կարողանանք  բնակչության համար գոնե բարձր մեքենաներով անխափան երթեւեկություն ապահովենք։ Այս պահին ճանապարհն անցանելի է դեպի Ճակատեն՝ բոլոր բարձր տիպի մեքենաների համար։ Էլի աշխատանքներ ենք իրականացնում՝ խճապատում ենք, որպեսզի անձրևային եղանակին խնդիր չառաջանա»։

Ադրբեջանական հենակետի պատճառով ճանապարհային հաղորդակցության լուրջ խնդիրների առաջ կանգնած Ճակատեն, Շիկահող, Ծավ, Սրաշեն, Ներքին Հանդ գյուղեր հասցնող այլընտրանքային ճանապարհի կառուցումն օրախնդիր է՝ ասում են մարզպետարանից։ Երկու օր է՝ սկսվել է դեպի Ճակատեն  նոր այլընտրանքային ճանապարհի կառուցումը, որով այս եւ մյուս 4 բնակավայրը կկապվեն Կապանի հետ։ Կառուցվելիք նոր այլընտրանքային ճանապարհը 90-ականներին անվտանգության նկատառումներից ելնելով բացված՝ Գեղանուշ գյուղով անցնող ռեզերվային ճանապարհի մի մասն է ներառում։ Ներկայում վերջինս ամբողջությամբ հնարավոր չէ շահագործել․ անանցանելի է։  Նոր այլընտրանքային ճանապարհը «Կապանի ճանշինընկերությունը կկառուցի։ Այն կանցնի հիմնական ճանապարհին զուգահեռ եւ, ըստ Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության, պատրաստ կլինի տարեվերջին։ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյան․

«Իսկ մեր հիմնական ճանապարհը լինելու է Կապանից  դեպի Ճակատեն գոյություն ունեցող ճանապարհին զուգահեռ, ուղղակի լանջի տակով։

Ճանապարհային դեպարտամենտի  տնօրեն Վահագն Ստեփանյանը  եղել է Ճակատենի ռեզերվային այլընտրանքային ճանապարհահատվածում, որտեղով Կապան էր հասել Ներքին Հանդի վարչական ղեկավար  Խաչիկ Բաղդասարյանը։ 

«Ես էսօր այլընտրանքային ճանապարհով եկա, նոր որ կառուցում են՝ եկաԿապան։ Ճիշտ է, մի քիչ էն չի, բայց աշխատում են։ երկումոստանի մեքենաները կարող են։ Ճակատենը անցնում եմ, բարձրանում եմ Ճակատենի վերեւը, տենց մտնում անտառով գալիս՝ սարքել են։ Աշխատանքներն էլ կատարվում է։ Տենց չի որ չի կատարվում։ Ահագին մեխանիզմներ աշխատում են»։

Նոր այլընտրանքային ճանապարհին Կապանի ճանշինընկերությունն արդեն հողային աշխատանքներ է կատարում։ Կառուցման նախագծա–նախահաշվարկային առաջարկների կազմումը երկար է տեւել․ շատ էին նախագծերն ու քննարկումները։ Վահագն Ստեփանյան․

«Քանի որ անվտանգային խնդիր կար ու պոչամբարի տարածք չմտնելու հարց, նախագծային աշխատանքները մի քիչ երկար տեւեցին, հիմա արդեն վերջնական որոշումը կա, թե ասֆալտապատ ճանապարհը որտեղով է գնալու»։

Սյունիքով անցնող մեկ այլ հատվածի մասով խորհրդարանում իր մտահոգությունն էր հայտնել Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, դիտարկում անելով, որ Տաթեւ–Աղվանի նորակառույց այլընտրանքային ճանապարհը սխալ նախագծով է կառուցվել։

«Ի՞նչ ունենք մենք չոր մնացորդով։ Մենք ունենք այլընտանքային ճանապարհ, դա H 40 է, ինչի մասին խոսում է կառավարությունը։ Այն Գորիսը կապում է Կապանին՝ Տաթեւով, եւ նախագիծն արվել է սխալներով, ու այդտեղ կա խնդիր, խոշոր խցանումներ կան, ու դեռ ձյուն չկա, մառախուղ չկա, սառցակալած չէ»։

Ի պատասխան՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետ Վահագն Ստեփանյանը հավաստիացնում է, որ Տաթեւ-Աղվանի այլընտրանքային ճանապարհը կառուցվել է նորմալ նախագծով,  պարզապես ժամանակի սղության պատճառով ճանապարհը տարվել է Վերին Խոտանան գյուղի միջով ու ֆիզիկապես հնարավոր չէր լայն ճանապարհ կառուցել։

«Բայց ճանապարհի երթեւեկելի հատվածը 6 մետր է, եւ պիտի լինեին մայթեր։ Իսկ գարնանը նախատեսում ենք աշխատանքներ իրականացնել Վերին Խոտանանի կողքի անտառներով, որպեսզի ավելի լայն ճանապարհ ունենանք այդ հատվածում»

Ինչ վերաբերում է ձմռանը՝ Վահագն Ստեփանյանը ասում է՝ հնարավոր են դժվարություններ, բայց շուրջօրյա հերթապահություն կսահմանվի ճանապարհը սպասարկող ընկերության կողմից, նաեւ աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության հետ, որպեսզի խնդիր լինելու դեպքում արագ արձագանքեն։

Ցուցադրել ավելի
Back to top button