ԿարևորՀասարակություն

Կիբերզորքեր և կիբերանվտանգության կենտրոն․ խիստ անհրաժեշտ ու խիստ թանկարժեք

44 օրյա պատերազմի առաջին օրվանից սկսվել էին հուժկու հարձակումներ կիբերտիրույթի բոլոր ճակատներով: Ադրբեջանին հաջողվեց մի քանի ժամով մի քանի տասնյակ կայքեր անհասանելի դարձնել։Հոկտեմբերին հարձակումների որակը և քանակը փոխվեց, ենթադրաբար, արդեն թուրքական հատուկ ծառայություններն էին աշխատում՝ ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը․

«Ադրբեջանցիներին հաջողվեց ներթափանցել պետական մի շարք սերվերների մեջ և այնտեղից կորզել  մեծ քանակի տեղեկատվություն, այդ թվում՝ գաղտնի փաստաթղթեր։ Դրանց մի մասն իրենք հրապարակել են, որ ապացուցեն՝ դատարկ խոսքեր չեն իրենց ասածները։ Խոսքն այստեղ պատերազմի ժամանակ ամենաներգրավված կառույցների մասին է»։

Ազդեցություն ունեցող մյուս դեպքը հաքերային հարձակումն էր «Ղարաբաղ– տելեկոմ»-ի վրա։ Դրա պատճառով բջջային կապը մի քանի օր չկար։ Հատկապես որոշ տարածքներում կապն անհասանելի էր նաև զորքերի համար։  Ադրբեջանի գնած վիրուսների միջոցով թիրախային հարձակումներ եղան բարձրաստիճան պաշտոնյանների, զինվորականների վրա։  

Ազգային անվտանգության խորհրդի 2020 թվականի հուլիսի10-ի որոշման մեջ նշվում է․ «Զարգացնելու ենք կենսական նշանակության տեղեկատվական ենթակառուցվածքներ ու թվային ծառայություններ մատուցողների և պետության միջև փոխհարաբերությունների նորմատիվ-իրավական դաշտը, ինչի արդյունքում կձևավորվեն նաև կիբեռանվտանգության ազգային կենտրոն և համակարգչային պատահարների արձագանքման խմբեր»:

«Սա պետք է մեծ համակարգ լինի,  այսինքն, մի կողմից պետք է լինի կենտրոն, որը կմշակի գործընթացները, որպեսզի ամեն կառույցում իմանան՝ ինչ կարող են անել, ինչ՝ ոչ։  Հետո հետևի, որ դա իրականացվի, դասընթացներ անկացվի իրենց հետ, մշտադիտարկում անի իրավիճակի շուրջ։ Կա իրավիճակ, երբ պետք է կոնկրետ պատահարի դեմ պայքարես, այսինքն՝ ավելի օպերատիվ բնույթի են։ Այս կառույցները պետք է կարողանան իրար հետ աշխատել»։

Մասնագետները նշում են, որ դեռևս 2012թ-ից խոսվում է Կիբեռանվտանգության ռազմավարության և Կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծման մասին, սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվում, այնինչ, Վրաստանն ու Ադրբեջանը վաղուց ունեն այս ամենը։

2009թ. ընդունվեց ՀՀ տեղեկատվական անվտանգության հայեցակարգը: Ութ տարի անց՝ 2017 թ-ին. հայեցակարգն ուժը կորցրած ճանաչվեց, ինչը պայմանավորված էր նրանով, որ նախապատրաստվում էր մշակել և հաստատել ոլորտի նոր` Հայաստանի կիբեռանվտանգության ռազմավարությունը։ Դրանով նախատեսվում էր Կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծում: Ենթադրվում էր, որ պետք է մշակվեն նաև կիբեռանվտանգության ոլորտի կարգավորման օրենսդրական և իրավական հիմքերը, որոնք կվերաբերեին նաև մասնավոր կառույցներին։

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, Բյուջե-2022-ի քննարկմանը ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը նշել է, որ օրենքի նախագծում կիբերանվտանգության հետ կապված հատուկ տող են ավելացրել․

«Կիբերանվտանգության հետ կապված մի տող ունենք, որտեղ նախատեսել ենք համապատասխան սարք-սարքավորումներ, որ կարողանանք պաշտպանել մեր գոյություն ունեցող կառավարական համակարգի կայքերը, հարձակումներին կարողանանք դիմակայել»։

ԲՏԱ նախարարությունից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին, որ այս պահին նպատակահարմար չեն գտնում բարձրաձայնել կատարվող աշխատանքների մասին, բայց նաև վստահեցնում են, որ աշխատանքներ տարվում են։

 «Տեղեկատվության անվտանգության հայեցակարգը», որը մշակվել է 2009թ-ին և Ազգային անվտանգության հայեցակարգի բաղադրիչներից է, ըստ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սոֆյա Օհանյանի, լուրջ վերանայման կարիք ունի․

«Մենք չպետք է սպասենք, որ Ազգային անվտանգության հայեցակարգը պատրաստ լինի, հետո կազմենք Տեղեկատվության անվտանգության հայեցակարգը։ Քանի որ տեղեկատվական դաշտը շատ ավելի արագ է փոփոխվում, զարգանում և, տեղեկատվական մարտահրավերներին դիմադրելու համար պետք է շատ ավելի ճկուն լինենք։ Միացյալ Նահանգներում տեղեկատվական գործողությունների հայեցակարգը մշակվում է կոնկրետ ուղեղային կենտրոնի՝ «Ռենդ» գործակալության կողմից է։ Այսինքն՝ պետք է այդպիսի մի կազմակերպություն ունենանք, որն այնքան ռեսուրսներ կունենա, որ կզբաղվի միայն տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներով»։

Կիբեռանվտանգությանն առնչվող մյուս կոնցեպտը Հայաստանում թվային օրակարգի՝ «Թվային Հայաստան» իրագործման անհրաժեշտությունն է։ Դա  համընկնում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ թվային տնտեսության օրակարգային հիմնախնդիրների իրագործման մասին է: Այս տարի փետրվարի 17-ին ուժի մեջ է մտել Հայաստանի թվայնացման ռազմավարությանը, ռազմավարության միջոցառումների ծրագրին և արդյունքային ցուցանիշներին հավանություն տալու մասին որոշումը։

Պատերազմի օրերին Հայաստանում թվայնացված որոշ գործընթացներ ադրբեջանցիների հարձակումների պատճառով խափանվել էին, օրինակ՝ նոտարական գործընթացները, բայց մարդկանց ուշադրության կենտրոնում պատերազմն էր, ու այդ խափանումները չեն նկատել։ Եթե թվայնացմանը զուգահեռ նաև պաշտպանական մեխանիզմներ չներդրվեն, կարող է կրկնվել 2007թ-ի Էստոնիայի սցենարը, երբ հաքերակյին հարձակման հետևանքով երկիրը կաթվածահար եղավ, հետո ՆԱՏՕ-ում ստեղծվեց կիբեռանվտանգության մեծ ստորաբաժանում։ Սա նշանակում է՝ եթե չես պաշտպանում, ապա վտանգում ես քաղաքացիներիդ անձնական տվյալները։  Մասնագետների դիտարկմամբ՝ կիբերանվտանգության կենտրոնը պետության վրա թանկ է նստելու, սակայն պատերազմը ցույց տվեց, որ ռիսկերը շատ ավելի թանկ են, քան բուն կառույցի ստեղծումը։

Ցուցադրել ավելի
Back to top button