ԿարևորՀասարակություն

«Խաղաղության տիրույթը կարող է փոխարինվել այլ տիրույթով»․ ՔՊ պատգամավոր

Դեռ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկարատև հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև ԼՂ հակամարտության հարցը։

«Դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար»,- ասվում է Կրեմլի տարածած հայտարարության մեջ։

Մինչդեռ Հայաստան–Ադրբեջան շփման գծում իրադարձությունները գրեթե նույն ընթացքում  բոլորովին այլ տրամաբանությամբ էին ծավալվում։ Մայիսի 12–ից ամիսներ անց Հայաստանը դեռ սպասում է ՀԱՊԿ–ի արձագանքին։ Առաջին դիմումի պատասխանը դեռ  չստացած՝ կառույցին դիմում է  արդեն երկրորդ անգամ։ Հայաստանի խորհրդարանում նշում են, որ եկել է դաշնակցին գնահատելու ժամանակը։ 

Մայիսի 12–ից  ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու ադրբեջանական քայլերի մասին խորհրդարանում  այսօր խոսել են հստակ թվերով։ Շփման գծում  հրադադարի խախտումը կրում է ամենօրյա բնույթ՝ նշել է  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը և հայտարարել․

«Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի 41 քառակուսի կիլոմետր տարածք՝ շուրջ 11 տեղամասերում։ Հայաստանի իշխանությունները հանդես են գալիս Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հայտարարություններով, ըստ էության, նորանոր տարածքային և անվտանգային սպառնալիքներ ստեղծելով ՀՀ համար»։

Այս պահի դրությամբ արդեն հստակ ձևակերպվում է՝ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, պաշտպանության նախարարությունն օգտագործում է «լարված» և «ծայրահեղ լարված» ձևակերպումները։

Խորհրդարանական դիվանագիտությունը  միջազգային հարթակներում պետք է ավելի ակտիվ ներկայացնի իրավիճակը՝ կարծում է ոլորտային  հանձնաժողովի ղեկավարը։

Միջազգային հանրությանը և ՀԱՊԿ–ին Հայաստանի ԱԺ պատգամավորները՝ խորհրդարանի ամբիոնից դիմեցին ոչ միայն հայերեն, այլև՝ ռուսերեն և անգլերեն։

Իշխանական խմբակցությունից Հռիփսիմե Գրիգորյանը մինչև անգլերենով միջազգային հանրությանը դիմելը, ասելիքը նախ  ներկայացրեց հայերեն․

«Այս հերթական ապօրինի ռազմական գործողությունները տեղի են ունենում ի շարունակություն նախօրեին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի գործողությունների։ Մեր միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ՀԱՊԿ–ին, ԵԱՀԿ–ին, ԵԽԽՎ–ին, ԵՄ–ի մեր գործընկերներին կոչ ենք անում իրականացնել զսպման անհրաժեշտ գործողություններ՝ ուղղված ադրբեջանական հերթական սադրանքի դատապարտմանն ու հետագա գործողությունների կանխմանը»։

Ընդդիմադիր պատգամավորները ենթադրում են, որ ադրբեջանական կողմը հենց սկզբից՝ մայիսի 12–ից հատուկ ընտրված մարտավարություն է ունեցել։ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյան․

«Այդ ժամանակ էլ շատ հստակ էր՝ թշնամին ընտրել էր կոնկրետ մի հատված, որով հնարավոր է նաև «կտրել» ամբողջ Սյունիքի հատվածը և նախ՝ ամսի 14–ի գործողությունները, ապա այսօր արդեն շարունակվող շատ ավելի լայնածավալ գործողություններ ունեն հստակ ռազմավարական նպատակ»։  

Ենթադրություններ կան, որ այս քայլերով Ադրբեջանը փորձում է «բացել» իր համար բաղձալի միջանքը, որին հայկական կողմը համաձայնություն չի տալիս։

Պատգամավորների կարծիքով՝ միջազգային հանրության դատապարտող արձագանքը դեռ կհնչի, հայտարարություններից բացի, սակայն,  ակնկալում են գործնական քայլեր՝ մեծացող լարվածությունը կանխելու համար։ «Մեր դաշնակիցներին գնահատելու ճիշտ ժամանակն է»,– ասում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Գուրգեն Արսենյանը։ Նա նաև խորհուրդ է տալիս ճիշտ ընկալել «խաղաղության օրակարգը»։

«Խաղաղության օրակարգը ընդհանուր դաշտի մի ծայրն է, որը կոչվում է խաղաղության տիրույթ։ Եթե մեզ ստիպեն, այդ տիրույթից կարող է տեղափոխվել բոլորովին այլ տիրույթ, եթե մեզ ստիպեն, այդ տիրույթը կարող է դառնալ իրադարձությունների մի  շղթա, որի հետևանքով մենք մեզ համար կորդեգրենք այլ ռազմավարական նպատակ, որը կարող է լինել այդ պետության ոչնչացումն ընդհանրապես։ Ճոճանակ է՝ այստեղ ենք, կարող ենք հայտնվել նաև այստեղ։ Աստված մի արասցե, որ մեր հարևաններն իրենց գործողություններով մեզ ստիպեն որդեգրել այլ նպատակներ։ Կարող ենք նաև դրան գնալ»։

Սա արդեն նշանակում է տարածաշրջանի ապակայունացում, ինչի վրա ուշադրություն է հրավիրում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ստեղծված իրավիճակում նա տեսնում է ՀԱՊԿ–ի անգործության հետևանքները։

«Մշտադիտարկման խնդիրը ամիսներ շարունակ կախված է եղել ՀԱՊԿ–ի առջև։ Եթե մշտադիտարկման փուլը մենք իրականություն դարձրած լինեինք, կարծում եմ, հակառակրդը երբեք մեղադրանք չէր կարող ներկայացնել Հայաստանի ԶՈՒ–ի նկատմամբ։ Այս լարվածությունն էլ մենք այսպես, թե այնպես կհաղթահարենք, կհաղթահարենք միասնաբար։ Այստեղ մեր միասնականությունից է կախված՝ ԶՈՒ–ն միայնակ կմնա՞  այսօրվա վիճակում, թե՞ մենք բոլորս բառի բուն իմաստով կլինենք ԶՈՒ ենթակա մարմին՝ լինի ԱԺ, կառավարություն,թ ե սովորական քաղաքացի։ Կարծում եմ՝ՄԱԿ–ից, ԱԽ–ից կլինեն հայտարարություններ, բայց խնդիրը լուծվելու է մեր միակամությամբ»։ Դեռ երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը միջազգային հանրությանը զգուշացնում էր երկու կողմերին ուղղված անհասցե կոչերի վտանգի մասին։ Ակնարկել էր, որ դրանք կարող են ընկալվել նաև որպես մեր միջազգային գործընկերների անտարբերություն:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button